Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես պնդում եմ, որ Սեդա Սաֆարյանի խախտումը էական կարգապահական խախտում է». Արսեն Բաբայանի դիտարկմամբ՝ նրան սպառնում է պաշտոնազրկում

Փետրվար 10,2023 22:22

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը օրերս իր ֆեյսբուքյան էջում տարածել էր՝ մի փաստաթուղթ ցույց տալով, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, որը ընտրվել էր որպես ՍԴ դատավոր, իր կարգավիճակից բացի զուգահեռ զբաղվում է փաստաբանությամբ:

Այսօր հրավիրած ասուլիսում Արսեն Բաբայանն ասաց. «Մասնագիտականն արժանապատվության հարց է: Այսպիսի երևույթ, երբ ՍԴ դատավորը կարող է միաժամանակ լինել փաստաբան, ես առաջին անգամ եմ տեսնում և լսում։ Այս փաստաթուղթը Սեդա Սաֆարյանը ստորագրել է դեկտեմբերի 28-ին իր դատավոր դառնալուց բավական երկար ժամանակ հետո»: Սեդա Սաֆարյանը հանդես է եկել որպես Արեւիկ եւ Բագրատ Նալբանդյանների ներկայացուցիչ: Արսեն Բաբայանի խոսքով՝ քրեական վարույթում ներկայացուցիչը դա հենց փաստաբանն է, այլ մարդ չի կարող լինել լիազոր ներկայացուցիչ. «Սա ըստ էության հաստատվեց նաև հենց Սեդա Սաֆարյանի կողմից: Նա անուղղակիորեն հաստատել , որ ինքը դրանով զբաղվել է, պարզապես նա սա մեկնաբանել է որպես մի փոքրիկ խնդիր, որի վերաբերյալ ՍԴ-ում քննարկում է եղել։

Հետո այդ փաստը Սեդա Սաֆարյանը ուղղակիորեն հաստատել է «Ազատությանը»՝ ասելով, որ  ի սկզբանե դիմումը դատարան մուտք է եղել դեկտեմբերի 5-ին, որը վերադարձվել է դատարանի կողմից, այնուհետեւ իր կողմից լրացվել  ու կրկին ներկայացվել է դեկտեմբերի 28-ին։ Ընդունելով այն փաստական տվյալները, որն ասում է տիկին Սաֆարյանը՝ ընդունելով դեկտեմբեի 5-ին, հետո, երբ վերադարձնում է դատարանը, դրա վրա կատարել տեխնիկական բնույթի ինչ-որ փոփոխություն, ցանկացած աշխատանք եւ դեկտեմբերի 28-ին նորից ստորագրել եւ նորից տանել դատարան՝ դա ևս փաստաբանական գործունեություն է, որովհետեւ որեւէ մեկը չի կարող այդ գործունեությունն անել: Այսինքն, իրենք են հաստատում,որ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանը կատարել է փաստաբանական գործունեություն»:

Արսեն Բաբայանն ասաց, որ Սեդա Սաֆարյանը, որն ԱԺ-ի կողմից դատավորի կարգավիճակը ձեռք է բերել սեպտեմբերի 15-ին, բայց ըստ օրենքի, այդ աթոռին պետք է նստեր 2022-ի դեկտեմբերին, քանի որ նախորդ դատավորը, ում պիտի փոխարիներ տիկին Սաֆարյանը, թոշակի էր գնալու,պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր դեկտեմբերի 10-ին: Արսեն Բաբայանի համոզմամբ, այն պահից սկսած, երբ ԱԺ-ն արդեն ընտրել է նրան, այլեւս հետ կանչել հնարավոր չէ, նա ձեռք է բերել դատավորի կարգավիճակ, մնացածը տեխնիկական հարցեր են. «ՍԴ-ի մասին օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգապահական կանոնի համաձայն, ՍԴ դատավորը պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ, հանդես չգալ խորհրդատվությամբ, այդ թվում՝ անհատույց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ, կամ անհատույց ծառայություններ է մատուցումիր ազգականներին, իր խնամակալության տակ գտնվող անձանց: Այս մնացածն այստեղ չկա: Այն անձին, ում ինքը ներկայացրել է, ոչ իր ազգականն  է, խնամին է, գործ ունենք դասական փաստաբանական ծառայության հետ»:

Այս ամենը ներկայացնելով՝ Արսեն Բաբայանը պնդեց, որ էական կարգապահական խախտում է առկա, իսկ այդ դեպքում նախատեսվում է ՍԴ դատավորի պաշտոնից զրկում. «Ստացել ենք Փաստաբանների պալատի խորհրդի որոշման քաղվածք, որից ակնհայտ է դառնում, որ տիկին Սաֆարյանը դեռեւս նոյեմբերի 30-ին հրաշալի գիտակցել է, որ ինքն այլեւս չի կարող զբաղվել փաստաբանությամբ: Դա վկայում է այս փաստաթուղթը»:

Պարզվում է՝ Սեդա Սաֆարյանը 2022-ի նոյեմբերի 30-ին դիմել է պալատ՝ հայտնելով, որ այլեւս պետք է կասեցվի իր արտոնագիրը ու որպես հիմք կցել է ԱԺ որոշումը, որով ինքը ընտրվել է ՍԴ դատավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728