«Դինամո» մարզադահլիճում այսօր կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը։ Յուրաքանչյուր քաշային կարգում կայացավ երկու մենամարտ, որոնցում պարտված բռնցքամարտիկները դարձան բրոնզե մեդալակիր, իսկ հաղթողները վաղը կվիճարկեն այդ տարիքային խմբի հանրապետության չեմպիոնի կոչումը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց․ «Վաղը եզրափակչում ակնկալում եմ դիտարժան մենամարտեր, որովհետեւ այսօր կիսաեզրափակիչներում լավ մարտերի ականատես եղա։ Կա ինտենսիվ աշխատանք, տեխնիկական հնարքների կիրառում։ Որոշ քաշերի հետ կապված մտահոգություններ ունեի, բայց այսօրվա մենամարտերը փարատեցին մտահոգություններս։ Տղաներ կան, որ եկել են պատանեկան տարիքից ու դեռ առկա տարբերություններին, օրինակ, ռաունդի ավելի մեծ տեւողությանը դժվար են հարմարվում։ Բայց խնդիրը որակի մեջ է։ Եթե կա որակ, ամեն ինչ էլ կարելի է կարգավորել մարզումներով ու հավաքներով»։
Մասնագետը նշեց, որ կազմավորվելիք հավաքականը կսկսի նախապատրաստվել Երեւանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ «Ժամանակը շատ քիչ է։ Եթե առաջնությունը լիներ ավելի ուշ, կարելի կլիներ ավելի լավ պատրաստվել։ Հիմա մենք երկու հավաք եւ մեկ միջազգային մրցաշար ունենք, ինչը քիչ է։ Ինձ թվում է՝ Վրաստանի հետ էլ կունենանք ընկերական հանդիպում։ Ինտենսիվ աշխատելու խնդիրն է, որը մարզումային գործընթացում կաշխատենք կարգի բերել։
Կարդացեք նաև
Եվրոպայի առաջնությանը, ինձ թվում է, ամբողջական կազմով կմասնակցենք։ Այսօրվա բոլոր կիսաեզրափակիչներն անցան պայքարի մեջ, իսկ դա մակարդակի վկայություն է։ Սա նաեւ ցույց է տալիս, որ բացի ավանդաբար ուժեղ դպրոցներից՝ Երեւան, Գյումրի, Էջմիածին, Վանաձոր, մյուս մարզերում մարզիչներն սկսել են ավելի լավ աշխատել»,-ասաց ավագ մարզիչը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ