ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ ներկա գտնվելու Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարանի բացմանը, որը կյանքի է կոչվել դպրոցի կոլեկտիվի, նախկին շրջանավարտների, աշակերտների, համագյուղացիների և «Սփյուռքահայերի միություն» բարեգործական ընկերության աշխատակից Ինա Դալդալյանի աջակցությամբ:
«Կյանքս կյանքիդ գնով» խորագիրը կրող հայրենասիրական, ոգեկոչման միջոցառման ընթացքում հնչեցին օրվա խորհուրդը լրացնող երգեր, բանաստեղծություններ, երախտիքի խոսքեր՝ ուղղված նահատակված հերոսներին, հերոսածին մայրերին:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ասմարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքի հերոսներին, նրանց ընտանիքներին և հերոսածին մայրերին և հանձնեց շնորհակալագրեր:
Հուշ-ցերեկույթի վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց դպրոցի կողմից իրականացված կարևոր ձեռնարկը` ընդգծելով, որ ռազմահայրենասիրությանն ուղղված կրթադաստիարակչական գործընթացի բարձր որակով և նպատակային կազմակերպումը հայրենասեր և քաջարի սերունդ ունենալու գլխավոր երաշխիքն է:
Կարդացեք նաև
Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում Արմավիր բնակավայրն ունեցել է 6 զոհ՝ Վաչագան Հարությունի Նահապետյանը , Հովհաննես Լյովայի Տիտիզյանը, Նարեկ Արթուրիկի Շաքարյանը, Անանիա Ռուբենի Գևորգյանը, Արթուր Ռուբենի Ստեփանյանը, Կառլեն Էդիկի Սարգսյանը:
Արմավիրի մարզպետարան