Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ավարտական փուլում է նաև հեռավար աշխատանքի նախագիծը, որը կանոնակարգված չէ ՀՀ-ում»․ Ռուբեն Սարգսյանը՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին

Փետրվար 10,2023 20:55

«2015-ից ի վեր նման փոփոխություններ չէին կատարվել»,- «Հոդված 3» ակումբում, անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններին, տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Նշենք, որ օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը:
Ռուբեն Սարգսյանն ասաց, որ այս փոփոխությունները սկսվել են 2019-ից, կառավարությունը հավանություն է տվել նախագծին, ՀՀ ԱԺ-ում փետրվարի 24-ին կազմակերպվելու են  հանրային լսումներ, այնուհետև նախագիծը կդրվի լիագումար նիստի օրակարգում։

Նա մանրամասնեց․ «Շարունակվում են աշխատանքներ, ավարտական փուլում է նաև հեռավար աշխատանքի նախագիծը, որը կանոնակարգված չէ ՀՀ-ում։ Նախատեսված է միայն հեռավար աշխատանքի կանոնակարգումը ճգնաժամային իրավիճակներում։ Մինչդեռ հեռավար աշխատանքն ավելի պահանջված է դառնում։ Փորձել ենք կանոնակարգել, որ բոլոր դերակատարները պաշտպանված լինեն։ Նոր կարգավորումներով հնարավորինս փորձում ենք ճկուն մեխանիզմներ ստեղծել։ Գործատուն և աշխատողներն են որոշում՝ ինչ աշխատանք կլինի՝ կլինի հեռավա՞ր, թե համակցված մոդելը։ Այդ կարգավորումներն արդեն կան հետագա ֆրիլանսերի կարգավորման համար վարչարարությունից խուսափելու համար։ Նույն պայմանագրի ստորագրման էլեկտրոնային մեխանիզմը, որն այս պահին չի կարգավորված, ինչը հնարավորություն կտա ֆրիլանսերության հիմքեր ստեղծել»։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը նկատեց՝ աշխատանքային օրենսգիրքը կենդանի օրգանիզմ է, ուստի աշխատանքային գործիքների, մասնագիտությունների փոփոխություններին զուգահեռ պետք է աշխատել նաև այդ փաստաթղթի փոփոխությունների վրա։ Բավականին շատ հարցեր այս փաթեթով կհստակեցվեն՝ կապված աշխատանքային, իրավաբանական հարցերի առումով»։

Մասնավորապես նոր փոփոխություններով առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման, ինչպես նաև հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը: Բացի այդ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի:

Ռուբեն Սարգսյանը նշեց, որ գործատուների հետ իրենց հանդիպումները ցույց տվեցին, որ մեծ պահանջարկ կա որակյալ մասնագետների։ Նա մանրամասնեց․ «Ըստ էության կային մասնագիտություններ, որոնք տարիքային շեմի մեջ էին գտնվում և կենսաթոշակային տարիքի հետ կապված խնդիրներ կային։ Փորձեցինք լուծել խնդիրը, ավելի պարզեցնել։ 113-րդ հոդվածով ունենք հիմք՝ աշխատանքից ազատելու, շատ դեպքերում առանց որևէ բանի կիրառվում էր դա, կար սահմանափակում, որ գործատուն հնարավորություն չուներ կենսաթոշակային տարիքի աշխատողների հետ անժամկետ պայմանագիր կնքել: Այդ խոչընդոտները փորձեցինք հանել»:

Հարցին՝ այս խնդիրները կարգավորելով՝ կարո՞ղ է խնդիրներ ստեղծվեն գործատուների համար․ հանկարծ չփորձեն մտնել ստվեր, չգրանցեն աշխատակիցներին և այլն, Ռուբեն Սարգսյանը պատասխանեց․ «Նախագիծը, երբ նախնական տարբերակով պատրաստ էր, քննարկում եղավ գործատուների տարբեր միությունների հետ, առաջարկներ ստացանք, հավասարակշռել ենք գործատու-աշխատող հարաբերությունները: Դեռևս դժգոհության ալիք չունենք»:

Էլեն Մանասերյանն էլ ասաց․«Բոլորս էլ կարող ենք փաստել, որ աշխատանքային իրավահարաբերություններում միևնույն է խոցելին աշխատողներն են, որովհետև հիմնականում աշխատանքային իրավահարաբերություններում ոտնահարվում են գործատուների կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728