Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Պետրոսյան․«Թուրքիայի ավերիչ երկրաշարժը դժվար թե ազդեցություն ունենա Հայաստանի սեյսմիկ ռեժիմի վրա»

Փետրվար 10,2023 17:46

«Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը դժվար թե ազդեցություն ունենան Հայաստանի սեյսմիկ ռեժիմի վրա, քանի որ երկրաշարժերի օջախը  բավականին հեռու է Հայաստանի տարածքից»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանը։  Նրա մեկնաբանմամբ՝ այն սեյսմոակտիվ խզվածքը՝ արեւելա-անատոլիականը, որի գոտուն հարում են երկրաշարժերի օջախները, հիմնական ցնցումների արեւելյան հատվածում թեքվում եւ միանում է հյուսիս-անատոլիական խզվածքին եւ թեքվում դեպի հարավ-արեւելք՝ շրջանցելով մեր հանրապետության տարածքը․«Այս երկուսը նկատի ունենալով, կարծում եմ, որ իրական, լուրջ ազդեցություն չի կարող ունենալ մեր երկրի վրա»։

Ինչ վերաբերում է Հայաստանի սեյսմիկ ռեժիմին, ապա, ըստ Պետրոսյանի, այսօր այն ֆոնի սահմաններում է, էական լուրջ երկրաշարժեր չեն գրանցվում․«Կան առանձին թույլ ցնցումներ, որոնք ֆիքսվում են սեյսմոգրաֆերի կողմից, իրական ուժեղ, միջին ուժգնության երկրաշարժեր մենք հիմա չունենք Հայաստանի եւ Արցախի տարածքներում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանն էլ, անդրադառնալով հարցին՝  որքանո՞վ Թուրքիայի երկրաշարժը կազդի մեր տարածշրջանի վրա, ասաց՝ կառուցվածքային առումով կապը կա, երկրադինամիկական գործընթացները գտնվում են արաբական սալի եւ եվրասիական սալի բախման գոտում, դրանով են պայմանավորված երկրադինամիկ շարժման ուղղությունները, որոնք առկա են հիմա․«Պետք է զանազանենք լարվածային դաշտը՝ դինամիկ եւ ստատիկ։ Դինամիկ ազդեցությունը Հայաստանում եղավ, մարդիկ զգացին։ Իսկ  արդյոք սա կարո՞ղ է փոխել ՀՀ-ում սեյսմիկ իրավիճակը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, որովհետեւ այդ ազդեցությունն աննշան է»։

Ստատիկ լարվածության ազդեցության մասին մասնագետի դիտարկումները՝ տեսանյութում:

Հայաստանում բազմահարկ շենքեր են կառուցվում, որքանո՞վ են  դրանք սեյսմակայուն։ Այս հարցին ի պատասխան՝ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության գլխավոր մասնագետ Արմեն Խաչատրյանն ասաց՝ մեր երկրում կան շենքեր, որոնք կառուցվել են Խորհրդային տարիներին եւ այն ժամանակվա սահմանված սեյսմակայուն շինարարական նորմերով․«Այն ժամանակ մայրաքաղաքում  գնահատված է եղել 6-7 բալ երկրաշարժի սեյսմակայունություն։ Այսօրվա նորմերով՝ 9-ը եւ ավելին։ Այս առումով կարելի է ասել, որ մեր բնակֆոնդի մեծ մասը, որոնք կառուցված են եղել Խորհրդային տարիներին, չի բավարարում այսօրվա մեր գործող նորմերի պահանջներին։ Այդ առումով շենքերն ունեն միջին եւ բարձր սեյսմիկ խոցելիություն»։

Մանրամասն՝ տեսանյութում

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728