«Հայաստանի իրավապահ համակարգն այսօր չունի անկախություն եւ վերածվել է իշխող քաղաքական ուժի կամակատարի, ավելին, իրավապահ մարմինները ոչ թե պարզապես իշխող քաղաքական ուժի կամակատար են դարձել, այլ դարձել են քաղաքական բլոկի կամակատար». այս գնահատականը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանինն է, որը նա հնչեցրեց այսօր «Այլընտրանքային նախագծերի» կազմակերպած՝ «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով քննարկման ժամանակ:
«Ունենք իշխանություն, որի, գուցե հիմնական խնդիրն իշխանության մնալն է։ Արցախի հարցը, ամեն ինչ երկրորդական է։ Շատ քրեական հետապնդումներ, որոնք տեսնում ենք՝ որևէ քրեաիրավական հետևանք չեն կարող առաջացնել՝ անցած են վաղեմության ժամկետները, հոդվածն ապաքրեականացված է։ Որևէ պատժի չեն կարող այդ մարդկանց ենթարկել, բա ինչո՞ւ են այս ամենն անում։ Հազար ու մի բան կա, որոնցով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, բայց հսկայական ռեսուրս են ծախսում այն գործերի վրա, որոնք որեւէ ապագա չունեն։ Մարդն անգամ 10 դրամ տուգանքի ենթարկվել չի կարող։ Իսկ ինչո՞ւ են նման ռեսուրս ծախսում։ Պատասխանն է՝ քարոզչական նպատակով։ Քաղաքականությունն իրականացվում է իրավապահ մարմինների միջոցով, ոչ թե նրանց սեփական կամքի դրսեւորում է։ Ինչպե՞ս է դա իրականացվում․ առաջինը՝ ամեն գնով յուրայիններին խաղատախտակին շարելն է։ Այդ պաշտոնները նման են շախմատի ֆիգուրների, ուղղակի շարում են իրենց պետքական ֆիգուրները՝ հաշվի չառնելով՝ օրենքը դրա հնարավորությունը տալի՞ս է, թե՞ ոչ։ Այսինքն, այդ մարդիկ օրենքից բարձր են»,- ասաց իրավապաշտպանը։
Նա հիշեցնում է արդարադատության նախարարի նախկին տեղակալ Երանուհի Թումանյանցի՝ պահանջվող մասնագիտական երկարատեւ ստաժի մասին տեղեկությունը. նա որոշակի ժամանակահատված չի աշխատել մասնագիտական գործունեությամբ, աշխատել է գործավար. «Ավելին, մարդն այդ ժամանակ իրավական կրթություն, դիպլոմ չուներ։ Սեդա Սաֆարյանը՝ մարդ, որն ունակ է ՍԴ դատավոր դառնալուց հետո զբաղվել փաստաբանությամբ։ Սա նույնիսկ վատագույն դեպքը չէ։ Այս ամենի գագաթնակետը կարող են համարվել Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի նշանակումները՝ որպես արդարադատության նախարար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նկատելով, որ համակարգի կիզակետում Բարձրագույն դատական խորհուրդն է։
«Եթե մնացած բոլոր մարմիններն են այդպիսին, բայց ԲԴԽ-ն դիմադրություն է ցույց տալիս։ Եթե իրավապահ համակարգը վատն է, բայց դատարաններն ունեն մասնագիտական արժանապատվություն, կամք, սեփական խղճի, անվան նկատմամբ հարգանք, ապա դեռ ամեն ինչ չէ, որ կորած է։ Դատարանները կարող են վերացնել ապօրինությունները, բայց եթե իրենք են ենթարկվում ապօրինությունների, ապա արդեն, կարելի է ասել՝ իրավական պետության նշույլներ անգամ գոյություն ունենալ չեն կարող»,- ասաց բանախոսը։
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաև դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ արդեն 4-րդ անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությանը. «Կարգապահական վարույթները կարող են ունենալ քիչ թե շատ հիմնավորվածություն, համոզիչ փաստեր, բայց սա յուրահատուկ է նրանով, որ արդարադատության նախարարն ասում է՝ գիտեք ինչ, դատավորներ, դուք չեք կարող կարծիք հայտնել ձեր իսկ գործընկերների նկատմամբ մեր որոշումների վերաբերյալ, ձեզ վերաբերող հարցերի վերաբերյալ։ Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցը կիրառվեց, քանի որ ծանրաբեռնվածության պայմաններում մարդը գործեր էր ուշացրել։ Այս պահին Զարուհի Նախշքարյանը լուրջ վտանգի տակ է։ Գիտակցում ենք, որ նպատակը նրան դատավորի լիազորությունից զրկելն է, դատական համակարգից հեռացնելը»:
Խոսելով իրավիճակից ելքերի մասին՝ Ռուբեն Մելիքյանն ասաց՝ հասարակական գործընթացները ղեկավարում են էլիտաները, հասարակության մեջ առկա խնդիրները նրանց խնդիրներն են, ուստի, էլիտաները պետք է մտածեն՝ զրոյից ամեն ինչ վերականգնելու մասին. «Մարդիկ պետք է վճռականություն տեսնեն, երբ գործելու ժամանակը գա։ Էլիտաները պետք է ինչ-որ պահի վճռականություն ցուցաբերեն։ Մարդիկ, որոնք իրենց էլիտա են համարում, պետք է հասկանան, որ այդ կարգավիճակը ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն եւ զրկանքների գնալու կամք։ Բայց դա միշտ չէ, որ դրսեւորվում է»:
Իր գնահատմամբ, հասարակական գիտակցությունը կարելի է փոխել 1-2 տարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ