Ռուսաստանը կողջունի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջեւ եռակողմ զրույցը միայն այն դեպքում, եթե դա կնպաստի Կովկասում տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ Զախարովայի՝ Մոսկվան բազմիցս իր գործընկերներին ասել է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցել այն միջազգային ձեւաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին եւ ոչ թե ուղղված են երրորդ երկրի դեմ, ինչպես նաեւ՝ որոնք հաշվի են առնում ձեւավորված ուժերի հավասարակշռությունը:
«Եթե տվյալ նախաձեռնության հետեւում երեւում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք փորձում են խաթարել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, ապա դա միանգամայն այլ պատմություն է»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ հենց եռակողմ պայմանավորվածություններն են ընկած Բաքվի ու Երևանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքում:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում հնարավոր ձեւաչափերին, նա առանձնացրել է «3+3» ձևաչափը:
Կարդացեք նաև
«Այդ մեխանիզմը հնարավորություն է տալիս համատեղել տարածաշրջանի երկրների առավել լայն շրջանակի շահերը: Դա, այդ թվում, պետք է աշխատի հօգուտ նրանց միջեւ տարաձայնությունների հարթեցման, առեւտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար կապերի զարգացման, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ այդ ձեւաչափը ներուժ ունի նաև նպաստելու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ