Վերջին տարիների գլոբալ զարգացումների համատեքստում աճել են անորոշությունները ֆինանսական եւ ոչ ֆինանսական շուկաներում, ինչպես նաեւ մեծացել է արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը: Այս առումով արտարժութային տատանողականությունն էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլ նաեւ այն քաղաքացիների համար, որոնք ունեն արտարժութային եւ հատկապես հիպոտեկային վարկեր: Խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիպոտեկային կրեդիտների դեպքում, երբ վարկի ծավալը մեծ է, իսկ ժամկետայնությունը` երկար: Փոխարժեքի անբարենպաստ տատանումները մեծ ռիսկեր են առաջացնում` հանգեցնելով վարկերի չվճարման եւ դրանից ածանցված այլ խնդիրների: Այս մասին ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` փետրվարի 10-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում ներկայացնելով ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Քանի որ մեզ մոտ փոխարժեքը լողացող է, դրա բարձրացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողանա կատարել իրենց վարկային պարտավորությունները, հետեւաբար, նրանք կկորցնեն իրենց բնակարանները, իսկ անշարժ գույքի շուկան կհայտնվի ճգնաժամի առջեւ: Նման ռիսկերից խուսափելու համար է առաջարկվել օրենսդրական փոփոխությունը, որի տրամաբանությունը հետեւյալն է. եթե քաղաքացին չունի արտարժույթային եկամուտներ, բնականաբար նրա ռիսկերը չեզոքացնելու եւ կառավարելու համար պետք է վերցնի դրամային հիպոտեկային վարկ»,- մանրամասնել է Գեւորգ Պապոյանը:
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` Գեւորգ Պապոյանը նշել է, որ այս պահին իրավիճակը բավականին կայուն է, եւ հիպոտեկային վարկերում չաշխատող վարկերի կշիռը, եթե դրամային է, կազմում է 1,5 տոկոս: Չաշխատող վարկերի մեջ արտարժույթային վարկերի չափաբաժինը երեք անգամ մեծ է, ինչն ավելի մեծ դրսեւորում է ստանում հատկապես շոկերի ժամանակ:
Պատգամավոր Դավիթ Առուշանյանը, կարեւորելով առաջարկվող փոփոխությունները, հետաքրքրվել է, թե արդյո՞ք նախագիծը վերաբերում է միայն հիպոտեկային վարկերին: Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ սպառողական վարկերի դեպքում սահմանափակումն արդեն իսկ գործում է, եւ առաջարկվող կարգավորումը վերաբերում է միայն հիպոտեկային վարկերին:
Կարդացեք նաև
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նախագիծը քննարկվել է ֆինանսական համակարգում գործող հատկապես վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քանի որ նրանք ռեսուրսները ներգրավում են միայն արտարժույթով:
Գեւորգ Պապոյանի խոսքով օրենքի նախագծի գաղափարն առաջացել է դեռեւս 2020 թվականի սկզբներին, եւ քննարկումներ են եղել Բանկերի միության, ԿԲ ներկայացուցիչների հետ: Ըստ նրա` այն ժամանակ կային որոշակի մտահոգություններ, եւ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց. արդեն կա որոշակի համաձայնություն, ինչպես նաեւ կա քաղաքական որոշում եւ կարեւորվում է սպառողների իրավունքների պաշտպանությունը:
Ի պատասխան Բաբկեն Թունյանի հաջորդ հարցին` ի վերջո ո՞րն է նախագծի հիմնական նպատակը` սպառողների կամ վարկառուների շահերը պաշտպանե՞լը, թե՞ դոլարայնացման մակարդակը նվազեցնելը, Գեւորգ Պապոյանը պատասխանել է. «Նախագծի նպատակը ե’ւ դոլարիզացիայի մակարդակի ու դրանից բխող ռիսկերի կրճատումն է, ե’ւ սպառողների իրավունքների պաշտպանությունը»:
Էդգար Հակոբյանը ներկայացրել է գլխադասային` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ներկայացնելով ԿԲ դիրքորոշումը, անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին: Նրա խոսքով ֆինանսական կազմակերպությունները, ի տարբերություն քաղաքացիների, ունեն գործիքներ` ռիսկերը կառավարելու համար: Նշելով, որ հարցը բազմիցս քննարկվել է, ԿԲ նախագահի տեղակալը հավելել է. «Մենք հույս ունենք, որ տոկոսադրույքների էական աճ, բոլոր գործոնները հաշվի առնելով, չենք տեսնի մոտ ապագայում»:
Պատգամավորներն ընդգծելով, որ տնտեսության դոլարայնացումը ռիսկային է, իրենց մտահոգություններն ու դիտարկումներն են ներկայացրել հնարավոր ռիսկերի, անհավասար մրցակցային պայմանների առաջացման վերաբերյալ: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկազմակերպվի համատեղ քննարկում` շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եզրափակիչ ելույթում Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել բովանդակային քննարկման համար, ինչպես նաեւ անդրադարձել պատգամավորների դիտարկումներին ու հնչեցրած մտահոգություններին:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում Կառավարության հեղինակած փոփոխությունները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նրա խոսքով նախագծի ներկայացումը բխում է ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի` անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը:
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն. այս մասին ասել է հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը:
ԱԺ