Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ-ում արտադրված ապրանքը Սինգապուր կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի. Քերոբյան

Փետրվար 10,2023 16:17

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Վերոնշյալ համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ փետրվարի 10-ի նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կողմերի սակագնային պարտավորությունների մասով արձանագրել է, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է 12.229 ապրանք: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դրանցից 4.858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրարկում, 597 ապրանքատեսակի մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչեւ 0 տոկոս երեք տարի հետո, 2.340 ապրանքատեսակի մասով՝ հինգ տարի հետո, 2.201 ապրանքատեսակի մասով՝ 7 տարի հետո եւ 716 ապրանքատեսակի մասով՝ 10 տարի հետո: Նախատեսված են նաեւ հանումներ 1.517 ապրանքատեսակի մասով:

Նախարարի խոսքով հաշվի առնելով Սինգապուրի առեւտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առեւտրի, այնպես էլ ծառայությունների եւ ներդրումների իրականացման մասով: Սինգապուրը համաձայնագրով պարտավորվում է չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:

Վահան Քերոբյանը, անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին, նշել է, որ 2022 թվականին էական աճ է գրանցվել ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության մեջ, մոտավորապես 70 տոկոսով աճել է արտաքին առեւտրաշրջանառությունը: 3 երկրի հետ 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն է գրանցվել. ՌԴ-ի հետ՝ 5 միլիարդից ավելի, հաջորդը Չինաստանն ու ԱՄԷ-ն են:

Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում անդրադարձ է եղել արտաքին առեւտրի աճի միտումներին, արտահանման բլոկում տեղական արտադրության ապրանքատեսակներին, վերաարտադրմանը, համաձայնագրի տնտեսական նշանակությանը, Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ տնտեսական հետաքրքրությանը եւ այլ խնդիրների:

Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ անհրաժեշտ վերլուծություն կկատարվի, որպեսզի տեղական ընկերությունները տեղեկացված լինեն, թե որ ապրանքատեսակների մասով Հայաստանը կարող է մրցունակ լինել Սինգապուր արտահանումների մասով: Որպես երկկողմ համագործակցության կարեւոր ուղղություններ՝ նախարարն առաջնային դիտարկել է տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսեյ Սանդիկովը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728