Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մարդը ժպտում է, բարի է, ոչ մի նոտա ֆալշ չէ, արդեն իսկ գեղեցիկ է»

Փետրվար 10,2023 16:13

«Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր, «ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների դեմք» ոսկե մեդալակիր, «Հանրային բարձր վստահություն ունեցող ազդեցիկ կին գործարար» տիտղոսակիր Նարինե Չարչյանի հետ միշտ հետաքրքիր է զրուցելը, որովհետեւ  նրա պարագայում կանացիությունը, ազդեցիկ լինելն ու ուժը ներդաշնակվում են։ Պատահական չէ նաեւ, որ տիկին Չարչյանը  ֆեյսբուքյան հարթակում շուրջ 50 հազար հետեւորդ ունի։ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս անել, որ մարդ հաշտ լինի ինքն իր հետ այդ դժվարին ժամանակներում, օրինակ ինքն ինչպե՞ս է վարվում, Նարինե Չարչյանը հետեւյալ կերպ է արձագանքում․ «Առաջին հերթին՝ վերլուծություններ եմ անում․․․ Բնականաբար այսօր բարդ է, օդում լարվածություն կա, ու մեր հայրենիքը խնդիրներ ունի։ Սակայն, ես բնավ հոռետես չեմ եւ մտածում եմ, որ անձրեւից, ամպրոպից հետո միշտ արեւ է լինում եւ ծիածան, ու չի կարող երկրագնդում Քրիստոնեությունն առաջինն իբրեւ պետական կրոն ընդունած ազգը հավատը կորցնել: Վստահ եմ, որ, ի  վերջո, ամեն ինչ լավ է լինելու։ Ինքս, ինչքան  հնարավոր է, բարին եմ տալիս, մարդկանց դեպի լավն եմ տրամադրում, զբաղվում եմ իմ գործով, թեւաթափ չեմ լինում, որովհետեւ մեր հայրենիքն ամուր է իր տնտեսությամբ, բարեկիրթ մարդկանցով եւ  բարությամբ։ Ընդ որում, հատկապես կանանց դերը շատ մեծ է՝ ամուսիններին ու զավակներին լավատեսություն ներշնչելու առումով»։

Հարցին՝ գեղեցկության մրցույթներից մեկի ժյուրիի կազմում է եղել եւ հաճախ է ֆեյսբուքի իր էջում գեղեցկությանն անդրադառնում, ո՞րն է գեղեցիկ կնոջ իր բնորոշումը, Նարինե Չարչյանն այսպես է պատասխանում․ «Երբ մարդը ժպտում է, բարի է, ոչ մի նոտա ֆալշ չէ, ինքն արդեն իսկ գեղեցիկ է: Երբ կինը կոկիկ է, խնամված, հոգին մաքուր է, աչքերը փայլում են, շուրթերից բարի խոսքեր են հնչում, ժպիտն էլ դեմքին է, բնականաբար գեղեցկուհի է: Այսինքն՝ ներքին գեղեցկությունն արտացոլվում է մարդու դեմքին, աչքերի մեջ: Ինչ վերաբերվում է մեր հայուհիներին, նրանց մեջ շատ են գեղեցկուհիները, եւ ակնհայտ է, որ հայ կնոջ գենը չի ծերանում: Մենք սպիտակ թուղթ չենք, որ նկարենք ու դառնանք տիկնիկ, առանց հարդարման էլ ունենք հայացք, արտահայտություն ու դիմագիծ: Ես գեղեցկությանն այդպես եմ վերաբերվում: Թէ չէ կարող է կինը գեղեցիկ դիմագծեր ունենալ, բայց հոգին ներսից չփայլի, ու իր արտաքին գեղեցկությունը չնկատվի»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ «Վստահության վարկանիշ» մրցանակաբաշխությանը, որտեղ մեր զրուցակցին շնորհվել է Հանրային բարձր վստահություն ունեցող ազդեցիկ կին գործարարի տիտղոսը: Սա նրա առաջին տիտղոսը չէ, առաջին մրցանակը չէ, Նարինե Չարչյանին նման բաներով զարմացնելը հեշտ չէ, դրա համար հարցրինք, թե ընդհանրապես  իրեն ի՞նչ են տալիս նման մրցանակները:

«Ես  իմ աշխատանքից հաճույք եմ ստանում, օրվա  24 ժամից 6-ը տրամադրում եմ իմ քնին, մնացած 18 ժամը՝  կազմակերպված ապրելուն եւ ամեն  ինչ հասցնելուն: Ես երբեք ուժերի գերլարումով ոչինչ չեմ անում: Ազդեցիկ բնորոշումը սոցիոլոգիական հարցումների արդյունքում է ձեւավորվել, շատ եմ լսել, որ  իմ խոսքը, խորհուրդները կանանց մոտիվացնում են, եւ ոչ միայն կանանց ․․․ Ահա այդպես են շնորհել այդ մրցանակը: Ուզում եմ նշել, որ այստեղ ընդամենը գնահատված լինելու պահն է: Այնպես չէ, որ մրցանակ են շնորհում, եւ ես ավելի եմ ոգեւորվում կամ մրցանակ չեն տալիս, ես ապատիայի մեջ եմ ընկնում: Իմ կյանքն ընթանում է բնականոն հունով։ Սա մեր հայրենիքն է, հետեւաբար ինչո՞ւ չներկայացնել, որ կան նման կանայք։ Գիտեմ, որ ինձ  իսկապես սիրում են, իմ կերպարը մոտիվացնում է շատերին։ Իսկ մրցանակներն ուղղակի  գնահատականներ են, այնպես, ինչպես երեխադ է ասում՝ շնորհակալություն, կամ ինչպես սիրող ամուսինն է կնոջն առանց առիթի ծաղիկներ նվիրում»,-ասում է Հանրային բարձր վստահություն ունեցող ազդեցիկ կին գործարարը:

Նարինե Չարչյանից  նաեւ հետաքրքրվեցինք, թե իր համացանցային հետեւորդներից հատկապես ինչպիսի  հաղորդագրություններ է ստանում, ինչի՞ վերաբերյալ են խորհուրդներ հարցնում: «Շատ են հարցնում, թե ինչ եմ անում, որ երիտասարդ եմ մնում, նաեւ իմ  սննդակարգով են հետաքրքրվում: Իրականում դիետա երբեք չեմ պահել, որ ժամին ցանկացել, սնվել եմ, ուղղակի հինգժամյա դադար եմ պահում: Սա շատ անհատական է, ոչ թե հատուկ մշակել եմ, այլ այսպես ապրում եմ: Առավոտյան ինձ բավարարում են բանանը, սուրճը եւ մեկ բաժակ թարմ քամած հյութը, որը պետք է պարտադիր լինի բազուկ, գազար ու կանաչ խնձոր: Տարիներ շարունակ նույն բանն եմ անում: Նաեւ շատ հարցնում են, թե բիզնեսում ինչպես անեն առաջին քայլերը կամ  իրենց ունեցած գումարը որտեղ ներդնեն: Գրում են եւ կանայք, եւ տղամարդիկ: Ինձ ուղղված հարցերը բազմազան են: Պատահում են նաեւ կանայք, որոնք ընկճված են կյանքում, ուշադրության պակասից․․․ Ես աշխատում եմ գտնել գոնե հարմար մեկ նախադասություն, որպեսզի տվյալ կինը հասկանա, որ ինքն ամենակարեւորն է։ Երբ դու քեզ շատ սիրես, քո անձի հանդեպ մեծ ուշադրություն տածես, ամեն ինչ այլ կլինի:  Ցավոք,  հայ կանայք շատ անձնազոհ են ու հիմնականում չգնահատված, ապրում են զոհի հոգեբանությամբ: Ես չեմ ուզում, որ հայ կինը  զոհ լինի ընտանիքում, հասարակության մեջ կամ մեկ այլ տեղ: Ուզում եմ, որ ցանկացած կին գիտակցի, որ ինքն աշխարհի շարժիչ ուժն է, ընտանիքի սյունը։ Պատկերացրեք, թե ինչ ծավալի բեռ է դրված հայ կնոջ ուսերին՝ ընտանիք, տուն, երեխա, ամուսին, հասարակական գործունեություն եւ այլն․․․ Հայաստանում շատ քիչ ամուսիններ են տնային գործերում օգնում կնոջը՝ ի տարբերություն Ռուսաստանի եւ Եվրոպայի»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ընթացքում խոսեցինք նաեւ Նարինե Չարչյանի այցից՝ Ավետյաց երկիր։ Նշեց, որ հրավերը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից էր, որտեղ բարձր մակարդակի ընդունելության է արժանացել եւ անձամբ պատրիարքի հետ է հանդիպել․ «Հպարտությամբ էի քայլում այդ հողի վրայով, որովհետեւ մենք այնտեղ հարուստ ենք ու կայացած, հերթական անգամ էի այցելում տեղի  բոլոր սրբավայրերը: Դա այն վայրն է, որ թեկուզ տասն անգամ էլ այցելես, կարիքը դարձյալ կա: Ամեն անգամ Երուսաղեմ գնալիս ավելի մաքրվում ես, հավատքդ ամրապնդվում է: Հորդանան գետը մտնելը, օծվելը սուրբ գետում երբեք շատ չի լինում։ Այն, ինչը կապված է Աստծո ու իմ հավատի հետ, այնքան խորն է, զգացողություններ կան, որ չես կարող բարձրաձայն արտահայտել»։

Մշտապես կարեւորում է մարդու աչքերը, մի՞շտ են դրանք հոգու հայելին եւ արդյո”ք իր առաջին տպավորությունը միշտ ճիշտ է, այս հարցին ի պատասխան՝ տիկին Չարչյանը կրկին շեշտեց, որ աչքերն իսկապես հոգու հայելին են։ Ապա հավելեց․ «Ես ցանկացած մարդու հետ հանդիպում եմ լավ տրամադրվածությամբ։  Գուցե շատերի կարծիքով տվյալ անձնավորությունը այնքան էլ հաջող մարդ չլինի, բայց դա իրենց կարծիքն է, քանի որ նույն մարդը բոլորի համար չի կարող լավը լինել: Իսկ մարդն ինչո՞ւ է չարանում․․․ Չարանում է,  երբ ունենում է անբավարարվածություն կամ մտածում է, որ իրեն ստորադասում են: Կարող է նաեւ առաջին  տպավորությունը խաբուսիկ լինել, եթե դու բավականին լավ ես տրամադրված դիմացինիդ հանդեպ, բայց երկրորդ, երրորդ հանդիպումից եւ մանրուքներից կարող ես հասկանալ՝ ում հետ գործ ունես։ Ընդհանրապես, երբ մարդիկ ուզում են լավը երեւալ, գլխավոր բաները ճիշտ են ներկայացնում, բայց մանրուքներում, միեւնույն է՝  թույլ են: Ես միշտ մանրուքներին ուշադրություն եմ դարձնում, որովհետեւ մարդիկ մանր բաների մեջ մարզված չեն։ Ի դեպ, եթե մանրուքները մարդկային, ընկերական, գործնական հարաբերություններում, կենցաղում չդիտարկես, չփորձես շտկել, դրանք որպես խնդիր կարող են  խորանալ»:

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս` տիկին Չարչյանը նկատեց․ «Եթե հետ ենք գնում դեպի նախամարդը, այն ժամանակ էլ փայտերն առած՝ իրար հետ կռիվ էին անում․․․ Շատ հեռու չէ Հայրենական Մեծ պատերազմը, Արցախյան առաջին պատերազմը, հիմա էլ վերջին զարգացումները… Աշխարհն է այդպիսին… Այս ամենը, սակայն, ինձ չեն մղում, որ ապրեմ մեկ օրվա կյանքով, մտածեմ՝ վաղը պատերազմը կլինի կամ երկրաշարժ, մի կյանք ունեմ, միայն իմ կյանքով ապրեմ ու ինձ համար․․․ Թուրքիայում եւ Սիրայում երկրաշարժ է եղել, զոհեր կան,  ես ցավում եմ, որովհետեւ մարդիկ քնած են եղել ժամը 4-ին․․․ Ես նաեւ ասում եմ՝ թող Աստված հեռու պահի մեր երկիրը աղետներից, այնքան խելք տա բոլոր երկրների պետական այրերին , որ անձնական հավակնությունները մի կողմ դնեն ու հանգիստ ապրեն՝ ամեն մեկն իր հողի վրա։ Ամեն ժողովուրդ արարի եւ անգամ չհիշի, թե ով է իր երկրի ղեկավարը»։

Իբրեւ վերջաբան էլ հավելեց․ «Ուզում եմ, որ ողջ աշխարհում խաղաղություն տիրի,  մեր հայրենիքը ծաղկի, ուզում եմ՝ թշնամիներ չունենանք, որովհետեւ թշնամի ունենալը շատ ծանր բան է: Թեկուզ, երբ նույն շենքում քո դռան կողքին ունես հարեւան, որի հետ հարաբերություններդ լավ չեն, ապրելը դաժան է: Կուզենամ հաշտության եզրեր գտնենք, հայ ժողովրդի աչքերը ժպտան, եւ արտագաղթ չլինի: Չէ՞ որ ամեն դեպքում մարդ իր երկրում է անհատականություն։ Այսօր, ցավոք, տասը միլիոն հայ դրսում է ապրում։ Ուզում եմ՝  մեր հայրենիքի դռները բացվեն, ու հեռացածները վերադառնան: Մենք  լավն ենք, իրավունք չունենք միմյանց հանդեպ չարություն ունենալու: Թեեւ կոտորած ենք տեսել, ծանր օրեր, բայց  երբեք չենք կոտրվել: Ուզում եմ խաղաղություն լինի, որպեսզի թոռնիկս իր հայրենիքում լավ կրթություն ստանա, ապրի ու հպարտանա: Ու վստահ եմ, որ այս ամենը լինելու է, որովհետեւ շատ լավ մարդիկ կան, որոնք պատվով են ապրում մեր հայրենիքում»:

Գոհար  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728