«Երբ էկոնոմիկայի նախարարությանը հարցում էի ուղարկել, թե թուրքական ապրանքների էմբարգոն ինչ ազդեցություն է ունեցել, ուրախացա, որովհետեւ հինգ էջ պատասխան էին գրել, որից 4,5 էջն այն մասին էր, թե ինչ դրական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա, որովհետեւ տեքստիլն է զարգացել, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը։ Ինչո՞ւ վերացրիք այդ էմբարգոն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նախարարն ԱԺ էր եկել՝ զեկուցելու «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Արթուր Խաչատրյանը շարունակեց․ «Հիմա էլ շրջափակման տնտեսական ազդեցության մասին էի հարցում ուղարկել, եւ էկոնոմիկայի նախարարությունը հղում է կատարել 99թ․-ի համաշխարհային բանկի ուսումնասիրության վրա, պատկերացնո՞ւմ եք։ Ո՞րն է շրջափակման տնտեսական ազդեցությունը, պարոն Քերոբյան, թվերով ասեք»։ Վահան Քերոբյանը եզրափակիչ ելույթի հնարավորություն ուներ, սակայն պատգամավորի հարցադրումներին չարձագանքեց։
«Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նախարարը խուսափեց պատասխանել, թե ՀՀ տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա այդ գովերգած՝ ճանապարհների բացումը Թուրքիայի հետ, որովհետեւ այդ հաշվարկը չկա։ Դա փուչիկ է, որ հենց սահմանը բացվի, կսկսենք ապրել Էլդորադոյում։ Հակառակն ապացուցելու հնարավորությունը պարոն Քերոբյանն ուներ ու չասաց, որովհետեւ ինքն էլ գիտի, որ նման հաշվարկ չկա»,-նշեց Արթուր Խաչատրյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսպես արձագանքեց Արթուր Խաչատրյանին․ «ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առեւտրային ազդեցությունը գնահատող վերլուծություն կա, որն արել է «Բեռլին էկոնոմիկս»-ը՝ նախարարության հետ համատեղ։ Իհարկե, շատ ճշգրիտ չէ, բայց եթե կուզեք, կփոխանցեմ։ Իրենց թիմը ԱԺ-ում նախատեսում էր նախորդ տարի սեպտեմբերին արդյունքները ներկայացնել, բայց եղավ Ադրբեջանի ագրեսիան, հետաձգվեց։ Առաջիկայում ուզում ենք կազմակերպել»։
Կարդացեք նաև
Հաջորդիվ Վահան Քերոբյանը մեկ այլ եզրափակիչ ելույթ ունեցավ, որի ընթացքում Արթուր Խաչատրյանի հարցադրումներին կրկին չանդրադարձավ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ