Լրահոս
Օրվա լրահոսը

«Դադարեցնել Ադրբեջանի՝ հայ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված փորձերը». Արցախի ապաշրջափակման վերաբերյալ բանաձևին սատարում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 60 անդամ

Փետրվար 10,2023 15:11

Ս.թ. փետրվարի 8-ին կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ՝ Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա), Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա), Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Բրեդ Շերմանի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) հետ միասին պաշտոնապես ներկայացրեց երկկուսակցական մի բանաձև, որին ուժգին սատարում է Ամերիկայի հայկական համագումարը և աջակցում են Կոնգրեսի ավելի քան 60 անդամներ: Բանաձևով դատապարտվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները, կոչ է արվում նախագահ Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից մարդասիրական և զարգացման աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի տուժած հայ բնակչությանը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված է և նպատակաուղղված է փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների և տրանսպորտի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասի մատակարարման միակ ճանապարհը»,– ասաց կոնգրեսական Փալոնը: «Մենք միասնական ենք՝ ասելով Ադրբեջանին վերջ տալ այս միտումնավոր հումանիտար ճգնաժամին»:

Սենատոր Ալեքս Պադիլան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), ով կներկայացնի Սենատի ուղեկից բանաձևը, մի հայտարարության մեջ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անվանեց «անմարդկային և անընդունելի» և ընդգծեց, որ «մեր բանաձևը կհստակեցնի, որ Միացյալ Նահանգները պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»:

Կոնգրեսական Բիլիրաքիսը «Ադրբեջանի կառավարության կողմից հիմնական ապրանքներն ու ծառայությունները արգելափակելու համակարգված ջանքերը» վկայակոչելով «անբարեխիղճ»՝ վերահաստատեց մարդասիրական այս ճգնաժամի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Կոնգրեսական Շիֆն ասաց, որ երկկուսակցական դատապարտումը «Բաքվի համար պետք է լինի միայն սկիզբը և ազդարարի Ադրբեջանին աջակցության դադարեցումը։ Ես միշտ կկանգնեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին և կոչ եմ անում Միացյալ Նահանգների նախագահին օգտագործել մեր ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ տարածաշրջանում աճող ճգնաժամի պայմաններում Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»:

Կոնգրեսական Շերմանը կոչ արեց ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել և ընդգծեց, որ շրջափակումը «Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ հայ բնակչությանը իրենց տներից դուրս մղելու փորձ է՝ Արցախում կյանքն անհնարին դարձնելով։ Մարտավարությունը՝ շրջափակումն է: Ազդեցությունը՝ քաղաքացիական անձանց զրկանքներն են: Նպատակը՝ էթնիկ զտումն է»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից «միջազգային համաձայնագրերի ուղղակի խախտումներին», կոնգրեսական Վալադեոն հայտարարեց, որ ինքը «հպարտ էր հովանավորել այս վճռորոշ բանաձևը, որով խստորեն դատապարտվում են ադրբեջանական կառավարության սարսափելի գործողությունները և կոչ է արվում Միացյալ Նահանգներին օգտագործել մեր ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները այս վտանգավոր շրջափակմանը վերջ տալու համար»։

Բանաձևում նաև ընդգծվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեգնական հռետորաբանություն է կիրառել՝ Լեռնային Ղարաբաղում բնիկ հայերի էթնիկ զտումների կոչ անելու համար և նրա վարչակարգը հետևողականորեն խախտել է կարևոր միջազգային մարդասիրական իրավական համաձայնագրեր 2020թ.-ի պատերազմի ընթացքում և մինչ օրս, ներառյալ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և Ժնևի կոնվենցիան»:

2020թ.-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման ապացույցները, ներառյալ՝ հրթիռային հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ինչպիսիք են հիվանդանոցներն ու դպրոցները, քաղաքացիական անձանց գլխատում, սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործում և հայ ռազմագերիների խոշտանգումներ և սպանություններ, լավ փաստագրված են հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը, Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

Բանաձևում ընդգծվում է, որ 2020թ.-ի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարությամբ, որով վերջ դրվեց 2020թ.-ի պատերազմին և որը ստորագրվել էր Ադրբեջանի կողմից «հստակ հայտարարվում է հոդված 6-ում, որ «Լաչինի միջանցքը (5կմ լայնություն), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ չանցնելով Շուշիի տարածքով, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ… Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։

Անկախ Ադրբեջանի պարտավորությունից, բանաձևում ընդգծվում է, որ 2022թ.-ի դեկտեմբերի 12-ին «Ադրբեջանը ստեղծեց մարդածին հումանիտար ճգնաժամ՝ քաղաքացիական բողոքի քողի ներքո Լաչինի միջանցքի ընդլայնված արգելափակում իրականացնելու միջոցով», ինչը հանգեցրել է «վտանգավոր, էսկալացիոն քայլերի»։

Լաչինի միջանցքի փակումը, որը ծառայում է որպես Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող կարևորագույն կենսական ճանապարհ, և դրա շրջափակումը թույլ չի տալիս սննդի, կարևոր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը 120,000 մարդու և «լրջորեն վատթարացրել է կյանքի որակը Արցախում ապրող մարդկանց համար, ներառյալ 30,000 երեխաների, 20,000 տարեց անհատների և 9,000 հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների դիվերսիաներ, ինչպիսիք են՝ կարևորագույն բնական գազատարը, էլեկտրահաղորդման գծերը և ֆիքսված ինտերնետը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը բազմիցս զգուշացրել է, որ «Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և խափանում է խաղաղության գործընթացը», և հրապարակայնորեն կոչ արեց «Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»:

Բացի Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտելուց, Ադրբեջանին ԱՄՆ-ի աջակցության անհապաղ դադարեցնելու և մարդասիրական օգնություն տրամադրելու կոչից, բանաձևով նաև խրախուսվում է ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը՝ դիմել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը և այլ համապատասխան միջազգային կառույցներին՝ «հետաքննելու ադրբեջանական ուժերի կողմից կատարված բոլոր ռազմական հանցագործությունները, միևնույն ժամանակ կոչ է արվում ԱՄՆ-ին միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում և Արցախում՝ «անվտանգության և խաղաղ զարգացման ավելի արդյունավետ ու կայուն երաշխիքների հնարավորություններ բացահայտելու համար», ինչպես նաև «աջակցել ԱՄՆ պատժամիջոցներին գործող օրենսդրական լիազորությունների ներքո՝ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի շրջափակման և տարածաշրջանում հայերի նկատմամբ իրականացված այլ լավ փաստագրված մարդու իրավունքների խախտումների համար»:

«Համագումարն ողջունում է Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության անխոնջ ջանքերը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր կողմից Արցախի հայ ժողովրդի դեմ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար, մասնավորապես, մինչ Ադրբեջանի կողմից շրջափակումը, որը ևս մեկ մարդասիրական ճգնաժամ է առաջացրել, արդեն երկրորդ ամիսն է ընթանում»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մենք հորդորում ենք ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը դադարեցնել Ադրբեջանի փորձերը՝ ուղղված հայ ժողովրդի էթնիկ զտմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանն ապակայունացնելուն»:

Բացի կոնգրեսականներ Փալոնից, Դեյվիդ Վալադաոյից (Հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆից (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գաս Բիլիրաքիսից (Հանրապետական, Ֆլորիդա) և Բրեդ Շերմանից (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) հետևյալ կոնգրեսականները միացան որպես սկզբնական համահովանավորողներ. Նենսի Փելոսի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լինդա Սանչես (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գրեյս Նապոլիտանո (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քեթի Փորթեր (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թոնի Քարդենաս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ ՄաքԳավերն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեյք Օշինքլոս (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ Կոստա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լորի Տրահան (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Աննա Էշու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դինա Տիտուս (Դեմոկրատ, Նևադա), Փոլ Տոնկո (Դեմոկրատ, Նյու Յորք), Զոու Լոֆգրեն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էլենոր Նորթոն (Դեմոկրատ, ք. Վաշինգտոն), Էրիկ Սվալուել (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջեն Շաքաուսքի (Դեմոկրատ, Իլինոյս) Թեդ Լիու (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Սյուզի Լի (Դեմոկրատ, Նևադա), Ջոշ Գոթհայմեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Քևին Մալին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաջա Կրիշնամուրթի (Դեմոկրատ, Իլինոյս), Բրեդ Շնայդեր (Դեմոկրատ, Իլինոյս), Գրեյս Մենգ (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջուդի Չու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Չելի Փինգրի (Դեմոկրատ, Մեյն), Նանեթ Բարագան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Սարբեյնս (Դեմոկրատ, Մերիլենդ), Սյուզան Ուայլդ (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Խուան Վարգաս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաշիդա Թլաիբ (Դեմոկրատ, Միչիգան), Բեթի ՄակՔալըմ (Դեմոկրատ, Մինեսոտա), Դաչ Ռուպերսբերգեր (Դեմոկրատ, Մերիլենդ), Դենի Դևիս (Դեմոկրատ, Իլինոյս), Մայք Լոուլեր (Հանրապետական, Նյու Յորք), Գրեգ Լենդսման (Դեմոկրատ, Օհայո), Ջարեդ Գոլդեն (Դեմոկրատ, Մեյն), Ռո Խաննա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Հեյլի Սթիվենս (Դեմոկրատ, Միչիգան), Դեյվիդ Թրոն (Դեմոկրատ, Մերիլենդ), Ռոբ Մենենդես կրտսեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Դոնալդ Փեյն (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Սեթ Մեգազիներ (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Սիդնեյ Կամլագեր-Դով (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Սիսիլին (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Մայք Քուիգլի (Դեմոկրատ, Իլինոյս), Դուգ ԼաՄալֆա (Հանրապետական, Կալիֆորնիա), Սթիվեն Լինչ (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Դուայթ Էվանս (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Բոնի Ուոթսոն Քոլմեն (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեյմի Ռասկին (Դեմոկրատ, Մերիլենդ), Էբիգեյլ Սպանբերգեր (Դեմոկրատ, Վիրջինիա), Բարբարա Լի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրայան Հիգինս (Դեմոկրատ, Նյու Յորք), Նորմա Տորես (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմի Գոմես (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաուլ Ռուիս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Նիկի Բուդզինսկի (Դեմոկրատ, Իլինոյս), Նիքոլա Մալիոտակիս (Հանրապետական, Նյու Յորք), Ջոն Լարսոն (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Թոմաս Քին կրտսեր, (Հանրապետական, Նյու Ջերսի) և Ադրիանո Էսփայլաթ (Դեմոկրատ, Նյու Յորք):

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728