«ՀՀ-ում մոտ 70% ավազի արտահանումն ապօրինի է՝ սեւ շուկայում է։ Կա վիճակագրություն, որ արդյունաբերական բետոնի ծավալներն ամեն տարի աճում են, բայց նվազում է ավազի արդյունահանումը, ինչը չի կարող այդպես լինել։ Գործ ունենք ապօրինի արդյունահանման հետ»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց․ «Օրեր առաջ խոստացել էի, որ ինձ հայտնի նյութեր եմ ուղարկելու դատախազություն։ Բայց այդ նյութերով զբաղվել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Երբ կոնկրետ տեղանք է նշել, որտեղ ապօրինի հանքարդյունաբերություն է իրականացվում, տեսչական մարմինը մինչեւ հասել է իր ասած վայրը, երեք հատ ապօրինի հանք է հայտնաբերել։ Հեկտարներով տարածքներ են վերցնում, ապօրինի հանքեր սարքում։ Հարյուրավոր տրանսպորտային միջոցներով այդ ապրանքը տանում-հասցնում են սպառողին։ Կան պետական մարմիններ՝ համայնքների ղեկավարներ, իրավապահներ, ոստիկանություն, ՊԵԿ օպերատիվ ծառայություն։ Ո՞նց կարող են հեկտարները վերցնել, քանդել, սարքել հանք, ու այդ ամենը չհայտնաբերվի։ Բայց մեր պատգամավորի թեթեւ ջանքով երեք ապօրինի հանք հայտնաբերվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեին խնդրում եմ ուսումնասիրել եւ մեր մտահոգությունները փարատել»։
Հավելենք, որ նշյալ նախագծերը մշակվել են՝ հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները, մասնավորապես, գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում․ հաշվի են առնվել սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատարներից ավազ արդյունահանող կազմակերպությունների թույլ տված իրավախախտումների, մասնավորապես, գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման հնարավորությունների անբավարարությունը, որը սահմանում անցանկալի իրավիճակների ռիսկեր է առաջացնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ