Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրաբույժ-պրոկտոլոգ Ալեքսանդր Ղուրբանյանը՝ ուղիղ աղիքի ճաքերի առաջացման պատճառների, բուժման մեթոդների մասին

Փետրվար 10,2023 09:30

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ-պրոկտոլոգ Ալեքսանդր Ղուրբանյանի հետ զրուցել ենք հետանցքի ճաքերի առաջացման պատճառների, բուժման մեթոդների մասին։

Որո՞նք են հետանցքի ճաքերի առաջացման պատճառները

Հետանցքային ճաքերը (հետանցքի ճաք, ուղիղ աղիքի ճաք) հետանցքային ուղու լորձաթաղանթի վնասվածքներ են: Հետանցքային ճաքերը լինում են սուր և խրոնիկական:

Հետանցքային ճաքերի առաջացման պատճառները տարբեր են՝ շարունակական փորկապությունը, թութքի առկայությունը, ինչո՞ւ չէ, նաև փորլուծությունը, իսկ խնդրի զարգացման ռիսկի գործոնները ներառում են՝

  • Ալկոհոլի չարաշահումը,
  • չափազանց յուղոտ, կծու, աղի սննդակարգը,
  • նստակյաց աշխատանքը,
  • ծանրությունների բարձրացումը,
  • ոչ ակտիվ կենսակերպը,
  • տարբեր տեսակի կոլիտները, պրոկտիտները և այլն։

Ի՞նչ գանգատներ կարող են առաջացնել

  • Ցավ հետանցքային ուղիում,
  • հետանցքային սեղմանի սպազմ,
  • հետանցքից ոչ առատ արյունահոսություն։

Հարկ է նշել, որ այդ ամենը բերում է նյարդային համակարգի խանգարման, ցավի պատճառով անքնության և հերթական դեֆեկացիայից (կղազատում) վախերի:

Հնարավոր բարդություններից, ինչպիսին սուր պարապրոկտիտն է, խուսափելու համար վերոհիշյալ գանգատների առկայության դեպքում զերծ մնալ ինքնաբուժումից ու դիմել բժիշկին՝ խորհրդատվություն ու ճշգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բուժման ի՞նչ մեթոդներ են կիրառվում այդ խնդրի դեպքում

Գոյություն ունի հետանցքային ճաքի բուժման երկու տարբերակ՝ դեղորայքային և վիրահատական: Երկու դեպքում էլ առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին: Պետք է վերականգնել մարսողության բնականությունն ու կանոնավորել կղազատման պրոցեսը դիետայի միջոցով: Դիետան յուրաքանչյուր հիվանդի համար անհատական է որոշվում:

Դեղորայքային բուժումը ենթադրում է մոմիկների, քսուկների օգտագործում, բժշկական ոչ վիրահատական միջամտություն, որոշ դեպքերում նաև հաբեր: Դեղորայքային բուժումն արդյունավետ է հետանցքային սուր ճաքերի դեպքում:

Հետանցքի ճաքի վիրահատական բուժումը հիմնականում կիրառվում է խրոնիկ ճաքերի և սուր ճաքերի որոշ դեպքերում:

Աղիքային ճաքերի դեպքում ինչպիսի՞ սննդակարգ է խորհուրդ տրվում

Աղիքի ճաք ունենալու դեպքում անհրաժեշտ է խիստ ուշադրություն դարձնել սննդակարգին՝ խուսափել որոշ հատիկավորներից (բրինձ, ձավարեղեն), պահպանել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը՝ օրական օգտագործելով բավականաչափ ջուր: Սննդակարգի մեջ ներառել մեծ քանակությամբ բանջարեղեն:

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728