Հունվարի 22-ին ՀՀ վարչական դատարան են դիմել Սրբուհի, Բագրատ, Շուշան Մանուկյանները: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի կողմից 21.11.2022 թվականին տրամադրված թիվ 01/18-ՕԴ-98576-2088 շինարարության թույլտվությունը:
ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 08.11.2021 թվականին տրված թիվ 08112021-01-0370 սեփականության վկայականի համաձայն՝ համահայցվոր Մանուկյանները հանդիսանում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 2-րդ փողոց, 18/5 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերերը, ունեն սեփականության իրավունքի վկայական: Նրանց անշարժ գույքը գտնվում է հարեւանությամբ Արթուր Հարությունյանի, ով հանդիսանում է Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 2-րդ փողոց, թիվ 16, թիվ 16/1 եւ թիվ 16/3 բնակելի տների սեփականատեր («Շինարարական աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան շինարարության թույլտվությունը տրամադրվել է», «Առավոտ», փետրվարի 1):
Դատական քննություն դեռ չի սկսվել, սակայն ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում ստրատեգիական նշանակության շենք հանդիսացող Ռադիոտան հետնամասում, Մանուկյանների հայրական տան պատերին կպած, պատերի հաշվին: Երեւանի քաղաքապետարանն առանց շինարարության թույլտվության իրականացվող շինարարական աշխատանքները կանխելու փոխարեն՝ մի քանի օրվա ընթացքում տվել է նոր նախագծման եւ շինարարության թույլտվություն։ Երեկ մեր տեսախցիկը ֆիքսեց կադրեր, որոնք նայելիս հասկանում ես բողոքաբեր կողմի հիմնավորումների ճշմարտացիությունը:
Հաստատվում է անգամ այն, ինչի մասին իր եզրակացությամբ հաստատել է փորձագետը: «Էքպերտ Օցենկա» ՍՊԸ-ի փորձագետ Աշոտ Աբրահամյանի կողմից տրված թիվ ՇՓ-01/20.01.2023 եզրակացության համաձայն, նման պայմաններում չեն պահպանվում ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմերով սահմանված պահանջները. «Հաշվի առնելով հետազոտությանը տրամադրված թիվ 01/18-07/1-Ս-6588-1080 նախագծման թույլտվությամբ սահմանված մինչեւ 6 վերգետնյա հարկով, ինչպես նաեւ կիսանկուղային հարկով բնակելի շենքի նախագծումը, նման պարագայում, թվով 6 վերգետնյա հարկերի ընդհանուր ներքին մակերեսը, չի ապահովվում շինարարական նորմի 69-րդ կետով սահմանված կառուցապատման խտության գործակիցը, որը համաձայն նույն նորմի 70-րդ կետի 6-րդ աղյուսակի՝ կազմում է 1,6, իսկ տվյալ դեպքում կառուցապատման խտության գործակիցը 3,0 է (1533,9 : 510,0)»:
Պետք է նշել նաեւ, որ համաձայն հետազոտությանը տրամադրված նախագծի տվյալների՝ կառուցվող շինությունում առկա չէ բացօթյա ավտոկայանատեղիի համար նախատեսված լուծումը։
«Փողոցն իր հետ բերում է հակահրդեհային իրավիճակի վատթարացում: Նայեք մեքենային: Ոնց են մեքենաներն անցնելու, քաղաքապետարանը դրդում է մեզ վեճերի:
Նախագծով նախատեսվել է ստորգետնյա ավտոկայանատեղիի ելումուտն ապահովել Այգեստան 2-րդ փողոցից, իսկ իրականում այն կառուցվում է Սայաթ-Նովա փակուղում, որի լայնությունը 4-5,5 մետր է: Մայթեր, ինչպես տեսնում եք, առհասարակ չկան եւ այդ հատվածում ավտոկայանատեղիի կառուցմամբ մեր՝ սեփականատերերի ելումուտն է սահմանափակվում: Այստեղ մշտական խցանումներ կլինեն, քանի որ այդ հատվածում երկկողմանի երկու մեքենաներ չեն կարող միաժամանակ երթեւեկել: Տվյալ փողոցը, որտեղով իրականացվելու է մեքենաների ելքն ու մուտքը, իրենից ներկայացնում է 4մ – 5.5մ լայնությամբ փակուղի: Ցույց տվեք, որտեղ է լինելու 60 տոկոս կանաչապատումը, ինչպես հավատացնում են, այստեղ 95 տոկոս բետոնապատ է»,- ասում են Մանուկյանները, նաեւ ցույց տալիս, թե ինչպես են հողին հավասարվել տարիներով խնամված պտղատու ծառերը՝ ծիրանենին, խնձորենին, սալորի ծառը…
Ի դեպ, հետազոտությանը տրամադրված նախագծի վերգետնյա երկրորդ հարկի հատակագծում պատկերված է բաց պատշգամբ, որը ուղիղ նայում է Մանուկյանների տան՝ Այգեստան 2-րդ փողոց, թիվ 18/5 հասցեի ուղղությամբ: Ի՞նչ է կատարվելու ամեն անգամ, երբ մարդիկ իրենց տանը շարժվեն, պատշգամբում, ինչպես ընդունված է՝ սրճեն, հյուրեր ընդունեն: Սակայն ուրիշի տուն մտածների նախագծում լուծում չկա, դա հավանաբար դատական գործընթացների, դատարանի տեղատեսության ժամանակ ակնառու դառնա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լոււսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
09.02.2023