Հարցազրույց խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հետ
– Պարոն Խառատյան, ԱՄՆ-ում՝ Քենեդիի կենտրոնի օպերային թատրոնում, «Միացյալ ուկրաինական բալետ» խումբը փետրվարի 1-5-ը հանդես եկավ Ադանի «Ժիզելի» պրեմիերայով՝ աշխարհահռչակ Ալեքսեյ Ռատմանսկիի խորեոգրաֆիայով։ Գիտենք, որ դուք եւ ձեր դուստրը մասնակցություն եք ունեցել այս բեմադրության իրականացման գործում։ Կարելի՞ է ասել, որ բալետային այս խումբը կազմված է Ուկրաինայից փախստականներով։ Կխնդրեինք մանրամասնել։
– Ես զերծ կմնամ աշխարհաքաղաքական ձեւակերպումներից եւ դրանք քննարկելուց։ Սակայն պետք է նշեմ, որ նախ հիանալի մտածված եւ շատ լավ կազմակերպված նախաձեռնություն է ու մեծ նշանակություն ունի արվեստի միջոցով ազգային խնդիրը միջազգային հանրությանը հասցնելու, ներկայացնելու առումով։
«Միացյալ ուկրաինական բալետում» 60 արտիստ է՝ Կիեւից, Խարկովից, Օդեսայից եւ այլ քաղաքներից, որոնք համախմբվել են ըստ էության պահպանելու ուկրաինական բալետը, լուծելու համար աշխատանքի խնդիրը եւ, որ ամենակարեւորն է՝ արվեստի միջոցով միջազգային ուշադրություն գրավել եւ հանրային աջակցություն ապահովել Ուկրաինայի հանդեպ։ «Ժիզելի» բեմադրությունը հնարավոր դարձավ արմատներով Ուկրաինայից, աշխարհի լավագույն հինգ խորեոգրաֆներից մեկի՝ Ալեքսեյ Ռատմանսկիի շնորհիվ, ով փայլուն կարողանում է դասական ներկայացումները նորովի մատուցել, առանց չափազանցության՝ այսօրվա եւ վաղվա շունչ հաղորդելով դրանց։ Ի դեպ, նա 2004-08թթ. հանդիսանալով «Բոլշոյ» թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը, թատերախումբը հանեց ֆինանսական ու գեղարվեստական ճահճից։ Ասեմ, որ իմ փափագն է, որ Ռատմանսկին գա Հայաստան ու նորովի բեմադրի Խաչատրյանի «Գայանեն»։
Կարդացեք նաև
«Միացյալ ուկրաինական բալետի» միջազգային այս նախաձեռնությունը շատ լավ օրինակ է, որ մենք՝ հայերս էլ, ազգային կարեւոր հարցերում աշխարհի ուշադրությունը գրավելու համար դիմենք արվեստի, մասնավորապես՝ բալետարվեստին, քանի որ այն խոսում է համամարդկային լեզվով։ Վստահ եմ, որ մեր բալետի երիտասարդ կատարողները կարող են իրենց մասնակցությունը բերել նման նախաձեռնություններին։ Գիտեք, որ ես Վաշինգտոնում հաճախ եմ լինում եւ ոչ թե մեկ, այլ երկու-երեք սերնդի հետ եմ աշխատել, բալետի միջազգային ընտանիքի անդամ եմ։ «Ժիզելի» բեմադրությանն իմ մասնակցությունը երկու պատճառ ունի։ Նախ՝ մասնագիտորեն օժանդակել Ալեքսեյին իր առաքելության գործում եւ երկրորդ՝ աջակցել դստերս՝ Սոնային, ում ինքը՝ Ալեքսեյը, դիմել էր «Միացյալ ուկրաինական բալետի» վաշինգտոնյան այցի ժամանակ դասեր անցկացնելու առաջարկով։ Իսկ Սոնան Վաշինգտոնի բալետում մեծ մասնակցություն ունի՝ թե՛ գեղարվեստական եւ թե՛ ստեղծագործական հարցերում։ Ըստ էության՝ մենք իրար հետ կիսեցինք այս պատասխանատվությունը։
– Ձեր աշխատանքային այցերը ԱՄՆ պարբերական բնույթ են կրում։ Ապագա ծրագրերով կկիսվե՞ք մեզ հետ։
– Նախկին աշակերտիս՝ Ռիչմոնդի բալետի ակադեմիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Մայքլ Բեթթինի հետ ինտենսիվ աշխատել ենք իմ դասավանդման մեթոդ-ձեռնարկ ստեղծելու ուղղությամբ, որը պարզապես դասագիրք չի լինելու, այլ մի ամբողջ բացահայտում բալետի թաքնված կողմերի՝ բալետարվեստի միջոցով տիեզերքի հետ մարդու կապի վերաբերյալ։ Իսկ դասական պարի ազերը ձեւավորվել են հայկական լեռնաշխարհում եւ տարածվել ամբողջ աշխարհում։ Եթե հետաքրքիր կլինի՝ նշեմ, որ գրքում անդրադարձ է լինելու հայկական էզոթերիկ գաղափարներին ու մեր հայրենակից Գյուրջիեւի էզոթերիկ փիլիսոփայությանը։ Այժմ Մայքլը ուսումնասիրում է Գյուրջիեւի աշխատությունները, որպեսզի մենք նույն ալիքի վրա լինենք։ Նշեմ, որ իմ ամենակարեւոր խնդիրներից է այս գիրքը ծառայեցնել հայկական միտքն ու ժառանգությունը աշխարհին ճանաչելի դարձնելուն։
Այս օրերին Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Lost Origins Productions ընկերության հիմնադիր Ջեյսոն Համչերի հետ նախապատրաստվում ենք գեղանկարչական աշխատանքներիս անհատական ցուցադրությանը, որը կկայանա նրան պատկանող ընկերության ցուցասրահում։ Այդ նպատակով հանդիպում ենք ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ, ով պատրաստակամություն հայտնեց աջակցել ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին եւ գրքի շնորհանդեսը դեսպանատանը կազմակերպելուն, նաեւ հայ-ամերիկյան մշակութային համագործակցությունը ընդլայնելու նպատակով Ալեքսեյ Ռատմանսկիի հետ Հայաստանում համատեղ նախագիծ իրականացնելուն։ Իսկ ընդհանրապես, մասնագիտական համայնքի կողմից ճնշում կա, որպեսզի մշտապես մնամ ԱՄՆ-ում։ Մեկ ամսից ավելի է, ինչ այստեղ եմ եւ ամեն օր դասեր եմ անցկացնում սաների հետ, դասախոսություններ կարդում դասատուների համար։ Հայտնի է, որ Վաշինգտոնը աշխարհները կապող կենտրոն է, բայց ինձ համար Հայաստանն է աշխարհների խաչմերուկը եւ եթե մենք մեր երկիրը չկարողանանք հասցնել մեր տեսլականին, հավատացեք՝ ամբողջ աշխարհը կտուժի։ Մենք այդ ամբողջի կարեւոր մասն ենք եւ առանց մեզ աշխարհն ամբողջական չէ։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարում՝ Հայր եւ դուստր Խառատյանները։
«Առավոտ» օրաթերթ
09.02.2023