Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գնում ենք դեպի Մհերի դուռը, որ ծեծենք` բացի

Փետրվար 10,2023 12:30

Հարցազրույց արձակագիր Հովիկ Աֆյանի հետ

– Հովիկ, մեր զրույցի սկզբում պետք է նշեմ, որ ձեր հեղինակային «Միս ուտողները», «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուները, «Կարմիր», «Քաղցր կյանք» եւ «Ժողովրդի հայրերը» վեպերը ժամանակակից գրականության համատեքստում նախ եւ առաջ իրենց ասելիքի ներքին ճշմարտության պահանջով են առանձնանում։ Կասե՞ք, թե ինչո՞վ է կարեւոր գրականության այսօրվա լեզուն, որը ընթերցողի համար շատ ճանապարհներ կարող է բացել, երբեմն քաղցրացնել, երջանկացնել, դառնացնել, ինչու ոչ` նաեւ հիասթափեցնել։

– Շնորհակալ եմ լավ խոսքերի համար, մանավանդ որ, դրանք, նկատի ունեմ՝ լավ խոսքերը ոչ թե վերացական բաների, այլ կողք կողքի ապրող մարդկանց հասցեին, ցավոք, հազվադեպ հանդիպող երեւույթ են դարձել մեր կյանքում: Բայց միանգամից ասեմ, որ գրականության լեզուն, գրականությունն առհասարակ փրկիչ չէ, այսինքն՝ այն ամենեւին էլ ճանապարհներ չի բացում. գրքերը, ընդ որում՝ հրաշալի գրքերը կարող են գրվել ու տարիներով, իսկ հանճարեղները՝ դարերով փոշոտվել գրադարակներում եւ կամ կորել գրախանութներում՝ հմտորեն թաքնվելով գունեղ ու ինչպես ասում են՝ մոտիվացիոն բեսթսելերների հետեւում: Ուրեմն հանճարեղ գիրքը, կամ պարզապես լավ գիրքը դեռ ոչինչ է ու ամենեւին ճանապարհ չէ: Այլ հարց է ընթերցողը: Այնպես է ստացվել, որ կարդալ կարողանում են բացառապես մարդիկ եւ ուրեմն փրկիչն ու ճանապարհ բացողը մարդն ինքն է: Եթե նա ելքեր փնտրելու ճանապարհին գտել է պինդ գրքեր, ուրեմն ճանապարհները կբացվեն, եթե չի գտել, նույնիսկ չի էլ մտածել կարդալու մասին, ուրեմն… Չարենցն է հանճարեղ ասել՝ դոփում են, դոփում են, դոփում են ձիերը… Այսօրվա, չնայած նաեւ երեկվա ու դժբախտաբար՝ վաղվա խնդիրը ընթերցող գտնելն է, նրանց թիվը շատացնելն է, նրանց մեծամասնություն դարձնելն է, եթե իհարկե՝ մենք ուզում ենք, որ ճանապարհներ բացվեն: Այս առումով գրականության լեզուն պետք է լինի մարդուն հասկանալի: Այո՛, կարդալով մարդը պետք է ցավ զգա, զայրույթից կամ զարմանքից վեր թռչի, ասես մեղմ քամուց՝ շոյվի, իրեն սիրված զգա, թույլ զգա, բայցեւ ամենակարող զգա… Մի խոսքով՝ մարդը պիտի մի ամբողջ կյանք ապրի՝ մեկ գիրք կարդալիս: Ու գրականության ճիշտ լեզուն հենց մարդերենն է:

– Երեք վեպերից հետո էլի չեք դադարում կարճ պատմվածքներ գրել։

– Գրելն ինձ համար ամենօրյա պրոցես է: Երեւի դրա համար եմ հաճախ գրքեր գրում, ինչից, խոստովանեմ, արդեն ամաչում եմ, մանավանդ երբ լսում եմ, որ գրքի համար գրողին տարիների կուտակում է պետք… Հավանաբար այդ ասողները չգիտեն, որ կուտակումը պարտադիր չէ, որ տարիների արդյունք լինի, այլ կարող է մի պահից լինել՝ նայած կյանք: Ինչեւէ… Ես չէի ասի, որ վեպերից հետո էլի կարճ պատմվածքներ եմ գրում, քանի որ նախ այդ վեպերից հետոն դեռ չի եկել, ես հիմա էլ վեպ եմ գրում: Սիրում եմ պատմվածքը, այն մի տեսակ վարժություն է՝ շատ կարճ ու շատ կարեւոր բան ասելու: Երբեմն ստացվում է:

– «Սարսափելի կլինի, եթե կյանքը, որով ապրում ես, բավարարի քեզ»,- Հովիկ, այս տողը ձեր հարցազրույցներից մեկում է ինձ հանդիպել։ Մարդիկ տարբեր են, հետեւաբար կյանքի հանդեպ մոտեցումներն են տարբեր։ Հետաքրքիր կլինի լսել, թե ինչպես է ձեզ համար ընթանում կյանքի ընթերցումը գրականությամբ։

– Ուղղակի գրում եմ այն, ինչը տեսնում եմ: Խնդիրն այն է, որ ես երազներ էլ եմ տեսնում, կամ աչքերս փակ էլ եմ տեսնում: Հետո խառնում եմ այդ տեսածներս ու գրում, օրինակ՝ կեղտոտ շուկայում կարտոֆիլ վաճառող 65-ամյա կնոջ մասին, որն օրվա վերջում, տուն գնալուց առաջ, գրպանից հանում է սանրն ու սանրում մազերը: Կարծում եմ՝ գրելը երազն ու իրականությունը խառնելու կարողությունն է: Ու ես չգիտեմ մի իրականություն, թեկուզ նորվեգական կամ նորզելանդական, որն այնտեղ ապրողին բավարարի: Հենց այստեղ է օգնության հասնում երազը: Բայց դրան չպետք է բացարձակ ազատություն տալ, քանի որ եթե գրականության մեջ հող չկա, ցեխ չկա, նույնիսկ կեղտ չկա, ուրեմն այն ցնորք է, միֆ, տաղտուկ մի բան:

– Գիտեմ, որ սիրում եք ճանապարհի մասին գրել։ «Ժողովրդի հայրերը» վեպն էլ ինքն իրենով կրկին ապացուցեց։ Այն, որ մենք ենք մեր ճանապարհը կառուցում, նորություն չէ։ Որտե՞ղ ենք սխալվում մենք եւ ժողովրդի հայրերը…

– Միայն ես չէ, բոլորն էլ ի վերջո ճանապարհի՛ մասին են գրում, վերադարձի ճանապարհի, տուն տանող ճանապարհի: Իսկ սխալվում ենք, որովհետեւ սխալվելը բնական բան է, խիստ մարդկային: Նույնիսկ մարդու առաջին ընտանիքում բոլոր չորս անդամները սխալներ արեցին: Ադամը սխալվեց, որ կերավ, Եվան սխալվեց, որ գայթակղվեց ու գայթակղեց, Կայենը սխալվեց, որ սպանեց, Աբելն էլ սխալվեց, որ հավատաց ու սպանվեց: Այ հենց այս աբելամեղքն էլ մեր հիմնական սխալն է, գենետիկ-ժողովրդական: Ինքներս մեզ հարմարվող ենք ասում, բայց մենք նույնիսկ հարմարվող չենք, մենք կուչ եկող ենք: Փնտրում ու գտնում ենք հնարավորինս անմատչելի սարեր, բարձրանում դրանց վրա ու կուչ գալիս՝ հույսով, որ սարերի վրա երկնքին մոտ ենք, երազանքով, որ ոչ թե մի օր կիջնենք ու ոսկի դաշտեր ու կապույտ ծովեր կունենանք, այլ որ սարերից ավելի շուտ կհասնենք երկինք: Թվում ենք խիզախ, բայց ծնված օրից հանձնված ենք՝ թշնամուն չէ, քմահաճույքին: Մեզ փոքրուց ասում են՝ խելոք մնացեք: Իսկ աշխարհը չար է, իսկ աշխարհում ապրելը մեծ չարություն է, հատկապես եթե ուզում ես ապրել ծովի ափին՝ կապ չունի ծովը դեղին ցորենի՞ է, թե՞ փիրուզ ալիքների:

– Որտեղից` ուր ենք գնում…

– Որքան էլ ես սիրեմ Հայկ Նահապետին, բայց մենք Կաթնով աղբյուրից ենք գնում, ամեն դեպքում՝ այդտեղից սկսելը սիրուն է: Իսկ գնում ենք դեպի Մհերի դուռը, որ ծեծենք` բացի… Երեւի կբացի:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728