Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքսեղմմամբ ե՛ւ դիվանագիտություն է տարվում, ե՛ւ թշնամություն

Փետրվար 10,2023 12:00

Հայաստանը պարտավոր էր առաջինը փրկարարներ ու հումանիտար օգնություն ուղարկել Սիրիա, ապա միայն` Թուրքիա

Փաշինյանի հեռախոսազրույցը Էրդողանի հետ, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու որոշումը (որոնք որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնելու), ինչպես ասում են` «ցնցել է հայկական համացանցը»:

Նման աղետների դեպքում երկրների ղեկավարների կողմից ցավակցականները, հեռախոսազրույցները ոչ միայն ընդունված կարգ է, այլեւ` պարտադիր: Նման քայլերով փոխվո՞ւմ է այդ երկրների հասարակությունների վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Չի փոխվում:

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ցավակցություն ու զորակցություն է հայտնել նրան եւ թուրք ժողովրդին՝ երկրի հարավարեւելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին եւ հավելել, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը: Իր հերթին, Էրդողանը Հայաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար եւ նշել. «Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարեւորելով այդ քայլը նաեւ երկու երկրների միջեւ հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»:

Պաշտոնական Երեւանի ցավակցականն ու փրկարարական ջոկատներ ուղարկելու որոշումը լիովին բավարար քայլեր էին, որից ավելին Հայաստանից ոչ ոք ոչինչ չի ակնկալի եւ ՀՀ իշխանություններն էլ դրանից ավելիին չպետք է ձգտեն:

Իսկ համացանցային բուռն քննարկումների մասնակից մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ Հայաստանի բոլոր ղեկավարները Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ նման դիվանագիտական տարբեր ժեստեր իրականացրել են:

Այս առումով ամենահարուստ դրվագները Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էին, որի իշխանավարման տարիներին Հայաստանը հանդես էր գալիս «ֆուտբոլային դիվանագիտությամբ»: Նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ ցավակցական հեռագրեր է հղել Թուրքիայի իշխանություններին: 2010թ. մարտին նա ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` այդ երկրում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: 2014թ. մայիսին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գյուլին՝ Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետեւանքով Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ էին զոհվել: 2015թ. հուլիսին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: 2016թ. Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի եւ հարյուրից ավելի վիրավորների պատճառ էր դարձել:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, նա 2003թ. դեկտեմբերին նույնիսկ ցավակցական հեռագիր է հղել Իլհամ Ալիեւին` 80-ամյա Հեյդար Ալիեւի մահվան կապակցությամբ: Իսկ ահա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1993թ. ապրիլին պատվիրակությամբ մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը։

Փոխվելո՞ւ է Հայաստանի այսօրվա իշխանության քայլից հետո թուրքական այսօրվա իշխանությունների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Վստահաբար, ո՛չ: Թուրքիան այսօր Ադրբեջանի քաղաքականությունն աջակցող գլխավոր երկիրն է, թուրք տարբեր պաշտոնյաներ պարբերաբար իրենց գործուն աջակցությունը Ադրբեջանին 44-օրյա պատերազմում հիշեցնում են ու հպարտանում այդ քայլով: Իսկ Ադրբեջանի նախագահը, որքան էլ հայտարարի, թե` «ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է», միեւնույն է, դրան զուգահեռ նա չի թաքցնում Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը եւ շարունակում է հայատյաց քաղաքականությունը:

Խնդիրը հենց սրա գիտակցումն է, որ այսօր Թուրքիայի իշխանությունները Հայաստանի իշխանությունների դիվանագիտական ժեստերը չեն գնահատելու այն աստիճանի, որը կարողանար փոխել, կամ առավելեւս` բեկումնային դարձնել օրինակ, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը: Թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում որոշակի շերտեր հայկական իշխանությունների դրական քայլը կքննարկեն մի որոշ ժամանակ, բայց այն կմոռացվի, իսկ Անկարան կշարունակի աջակցել գործնականում Ալիեւին` դիվանագիտական-քաղաքականի ոլորտներից մինչեւ ռազմական` ընդդեմ Հայաստանի:

Բացի այդ, խիստ զարմանալի էր, որ Հայաստանի իշխանությունն անմիջապես չհայտարարեց, որ նախեւառաջ Սիրիա կուղարկի ինքնաթիռ` փրկարարներով եւ մարդասիրական օգնությամբ: Ավերիչ երկրաշարժից մեկ օր անց միայն կայացավ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ: «Հայաստանը պատրաստվում է աջակցել Սիրիային՝ զորավիգ լինելու երկրաշարժից տուժած բնակչության ծանր կենսական պայմանները թեթեւացնելու եւ աղետի հետեւանքները վերացնելու հարցում: Բաշար Ալ Ասադը շնորհակալություն է հայտնել զորակցության համար եւ նշել, որ իրենց համար այս պահին առաջնային խնդիրը կապված է սննդի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաեւ այլ տեսակի օգնություն», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական ժեստեր իրականացնելուն զուգահեռ Հայաստանի այսօրվա իշխանությունները ոչ մի վայրկյան չպետք է մոռանան, որ թուրքական իշխանությունները «թեւ ու թիկունք» են Ալիեւին, որը երազում է Հայաստանի ոչնչացումը եւ Արցախի ու Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում:

Եվ արձանագրենք, որ Թուրքիան եւս Հայաստանի շրջափակմամբ` արդեն մի քանի տասնամյակ է, ինչ շարունակում է իր թշնամական քաղաքականությունը` անկախ հայ պաշտոնյաների հետ ձեռքսեղմումներից ու Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընթացող տարբեր մակարդակների շփումներից, բանակցություններից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728