«Ես այսօր հաջողակ լուր մը լսեցի, որ անոնք հաջողած են երեխա մը փլատակներու տակեն ողջ-առողջ դուրս բերելու։ Սա փրկարար ջոկատներու համար շատ ուրախ երևույթ է։ Փոխանակ անընդհատ դիակներ դուրս բերելու, կենդանի մնացած մեկը ազատելը, կյանք փրկելը իրենց համար շատ ոգևորիչ գործոն մըն է», – «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ագօս» («Ակոս») թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Նախնական տվյալներով, երկրաշարժը Թուրքիայում առնվազն 10 հայի կյանքի է խլել։ Այսօր Դիարբեքիրում փլատակներից մահացած են դուրս բերել հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսին ու նրա ամուսնուն, նրանց երեք օր է որոնում էին, «Ազատությանը» փոխանցեց Էստուկյանը. – «Ան երգչուհի ըլլալե բացի, նաև իրավաբան է, փաստաբան է։ Ազնիվ կին մըն է, ծանոթացած եմ իր հետ։ Դիարբեքիր կապրեր։ Որքան որ գիտեմ, ամուսնու հետ միասին փլատակների տակ մնացած էին»։
Խմբագրի փոխանցմամբ՝ առնվազն երկու հայ դեռ փլատակների տակ է. – «Ամուսիններ են՝ ծեր կին և ծեր տղամարդ։ Երևի թե տասի մոտ զոհեր ունինք։ Ութը հատը հստակ գիտեմ, բայց մնացյալները անունով ալ տակավին ինձի շատ ծանոթ չեն։ Զանազան քաղաքներու մեջ։ Անթաքիայի մեջ հայեր մահացան, Դիարբեքիրի մեջ, Ադիյամանի մեջ մեկ հայ մահացավ, Մալաթիո մեջ երեք հայեր մահացան»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: