Շիրակի մարզում արդարադատությունը մերժված է․ ընդհանուր իրավասության դատարանում լարված, սթրեսային իրավիճակ է ստեղծվել․ ինչպես հայտնի է՝ Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 19-ի որոշմամբ միանգամից մայրաքաղաք տեղափոխեց քրեական գործեր քննող բոլոր չորս դատավորներին՝ պարալիզացնելով դատարանի աշխատանքը։
ԲԴԽ-ն այժմ նոր նշանակումներ է կատարել՝ թափուր հաստիքները համալրելով, սակայն նրանցից մեկին՝ Մակար Կիրակոսյանին դատավոր նշանակելուն պես՝ երեկ տեղափոխել է այլ մարզ։
Այս փաստն ապշահար է արել շիրակցի փաստաբաններին։
Երիտասարդը երկու օր առաջ էր երդվել, բայց դեռ այս մարզ ոտք չդրած՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ երեկ տեղափոխվեց Արմավիրի դատարան։
Կարդացեք նաև
Փաստաբանները սա համարում են ոչ թե կադրերի համալրում, այլ պատրանքի ստեղծում։ Ըստ նրանց, ԲԴԽ-ն Շիրակի մարզում վեճ ու կռիվ է գցել․ արդարադատություն չի իրականացվում, քաղաքացիները փաստաբանների հետ են վիճաբանում, թե ինչու դատական նիստեր չեն նշանակվում՝ մտածելով, թե փաստաբաններն են մեղավոր։
Բայց այդ, դատարանի աշխատակիցները, հատկապես դատավորների օգնականները, գործավարները լարված սպասում են․ գուցե անգործ մնան․ նորեկ դատավորները չհամաձայնեն իրենց հետ աշխատել ու նոր օգնական-գործավար բերեն իրենց հետ։
«Էդ մարդիկ անընդմեջ ինտրիգային իրավիճակում են, մտածում են նոր դատավորը եկավ, տեսնե՞ս ինձ կվերցնի աշխատանքի»,-ասում է գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանը։
Փաստաբանները, որոնք մի քանի օր առաջ բողոքում էին Շիրակի մարզի՝ քրեական գործեր քննող 4 դատավորներին միանգամից մայրաքաղաք տեղափոխելուց ու Շիրակի դատարանի աշխատանքը պարալիզացնելուց՝ այժմ էլ զայրացած Մակար Կիրակոսյանի դեպքից։
Նրանք ԲԴԽ-ի այս գործելաոճը համարում են բացահայտ արհամարհանք Շիրակի մարզի դատարանի ու բնակչության նկատմամբ։
Փաստաբանները գրավոր դիմել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահին, որպեսզի վերջինս հանդիպում կազմակերպի ԲԴԽ-ի ղեկավարության հետ։ Փաստաբանները պատրաստվում են պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման անլուրջ մոտեցում ցուցաբերվում Շիրակի մարզի նկատմամբ ու ինչո՞ւ է ԲԴԽ-ն նման աշխատաոճով մեծ վնասներ հասցնում պետությանը։ Փաստաբանների պալատից դեռ արձագանք չկա։
Փաստաբան Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի օր առաջ բողոքում էինք, որ նշանակելուց 6 ամիս հետո են տեղափոխում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին, հիմա էլ որոշեցին 6 օրը մեկ դատավորին փոխել։ Շատ «գիտակցված և հավասարակշռված» որոշումներ է կայացնում ԲԴԽ-ն»։
Նա պնդում է, որ հենց շիրակցի փաստաբաններով բարձրաձայնում են Շիրակի մարզն առանց դատավորների թողնելու խնդիրը, իրենց բողոքը ճիշտ հակառակ ազդեցությունն է թողնում։
«Դեկտեմբերին բողոքեցինք, հունվարին միանգամից չորս դատավորի տեղափոխեցին, հունվարին բողոքեցինք, հիմա էլ չբերած՝ տանում են դատավորներին։
Չեմ հասկանում անիծվա՞ծ է մեր դատարանը, որ եկողը փախչում է, չի ուզում աշխատել։ Երիտասարդ կադրերի են բերում, որոնք Երևանում հիմնականում դատավորի օգնականներ են, ուզում են Երևանում ապրել, աշխատել, բայց Շիրակի մարզը որպես փորձադաշտ են օգտագործում, որն ազնիվ չէ»։
Փաստաբանները նշում են, որ հունվարի 19-ի ԲԴԽ-ի որոշմամբ միանգամից մայրաքաղաք տեղափոխված դատավորների փոխարեն 4 դատավոր նշանակել էին, սակայն մեկը դեռ երդում չտված՝ հեռացավ, մյուսներն էլ, ըստ խոսակցությունների, վեց ամիս հետո կգնան։ Ըստ նրանց, նորանշանակ դատավորներից միայն մեկն է Շիրակի մարզից, որը հնարավոր է չհեռանա, իսկ մյուսները հաստատ մնացող չեն։
«Ուզում ենք հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված նման անլուրջ վերաբերմունքը Շիրակի մարզի նկատմամբ։ ԲԴԽ անդամներից մեկը հայտարարել էր, թե փորձառու դատավորներին պիտի տանենք Երևան, ասում է, որ Շիրակի մարզին փորձառու դատավոր պետք չէ, կարևորը Երևանի գործերն են։ Պիտի ուղարկեն Շիրակի մարզ, փորձ ձեռք բերեն, տանեն Երևան, հա՞։ Եվ սա ասում է ԲԴԽ անդամը»,-վիրավորվում է Հայկ Հարությունյանը։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ ասում է․ «Մակար Կիրակոսյանը նախորդ օրն է երդվել, երեկ իր աշխատանքային առաջին օրն էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր արդեն տեղափոխեցին, նա Արմավիրի դատավոր է արդեն։ Էդ մարդուն Արմավիր պիտի նշանակեինք, միանգամից Արմավիր նշանակեիք։ Ընդ որում չեն էլ գործուղել, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնից ազատվել է, նշանակել են Արմավիրում, այստեղի հաստիքը դարձյալ թափուր մնաց։
Աբսուրդ է նման գործելաոճը, կարծես մեզ ձեռ են առնում։ Նոր նշանակվածներից երեքն էլ Երևանից են, մեկն է միայն Շիրակի մարզից, երկուսը երիտասարդ աղջիկներ են, արդեն խոսակցություններ կան, որ շուտով կգնան Շիրակի մարզից»։
Փաստաբանը ասում է, որ քրեական ենթամշակույթ կրող անձանց գործը յոթ ամիս քննվում է, բայց արդեն երրորդ դատավորն է փոխվում։ Այս գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր չլինելու պատճառով տեղափոխել էին Մարալիկի դատարան, բայց այսօրվանից դադարեցվել է Մարալիկի քրեական գործեր քննող միակ դատավորի՝ Արամայիս Ասատրյանի գործուղումը։
«ԲԴԽ-ի նման անլուրջ վերաբերմունքի պատճառով վաղը մյուս օր Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարյուր հազարանոց դոլարներ կպարտվի։ Ողջամիտ ժամկետը, թեկուզ մարդը դատվի, պիտի պահպանվի։ Ողջամիտ ժամկետի իմաստն այն է, որ մարդու մոտ տևական անորոշություն չստեղծվի, հոգեկան տառապանք չպատճառվի մարդուն։ Ինքը չգիտի՝ իր ճակատագիրն ինչ կլինի ու էդպես տարիներ շարունակ։ Մերժված արդարադատություն է, նպատակին չծառայող գործընթաց է։ Սա լուրջ խախտում է, այնպես չէ, որ ձևի համար է գրված այդ խախտումը։
Տուժողի կողմից նայեք հարցին, տուժողը տարիներով սպասում է, որ հանցագործը պիտի պատժվի, վերջում պարզվում է ժամկետներն անցել են, վաղեմությամբ գործը կարճվում է։ Ես գործ ունեմ, մարդը 2014 թվականից չգիտի պիտի դատվի՞, թե՞ չէ,մարդը ռիսկ չի անում ամուսնանա», -ասում է Արամայիս Հայրապետյանը։
Փաստաբան Թամարա Յայլոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պարտադիր պիտի հանդիպեն ԲԴԽ-ի նախագահի հետ։ «Նոր էր երդվել, ոտքը երևի թե Գյումրի չէր էլ դրել ու տեղափոխվեց Արմավիր, բա դա անելո՞ւ բան է։ Պիտի տեղափոխեիք Արմավիր, միանգամից այնտեղ նշանակեիք, ինչո՞ւ Շիրակի մարզում նշանակեցիք, տարաք Արմավիր, իբր ո՞ւմ են ձեռ առնում։ Հենց տեղ է ազատվում, միանգամից նշանակում են, որ ձեռքերից բաց չթողնեն, մեկ էլ նայում են, թե Երևանում կամ Երևանին մոտ ազատ տեղ կա, տեղափոխում են։
Նույն հաջողությամբ այս նոր նշանակածներին էլ շուտով կտեղափոխեն, երևի թե իրենց առջև էլ պայման չեն դրել, որ պիտի մնան, աշխատեն Շիրակի մարզում, հենց թափուր տեղ ազատվեց, կտեղափոխվեն այնտեղ։
Չեք պատկերացնում՝ ինչ աստիճանի անլուրջ վերաբերմունք է»։
Փաստաբանները սպասում ե ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արձագանքին։ Նրանք պատրաստվում են դիմել նաև Շիրակի մարզի ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի հարցը հնչեցնեն ԱԺ ամբիոնից ու ԲԴԽ-ից բացատրություն պահանջեն, թե ինչ է նշանակում այս ամենը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ