Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուրիշների տված ողորմությամբ բավարարվողները չեն կարող ընկալել, թե ինչ է հոգեւոր Հայաստանը». Գեւորգ Էմին-Տերյան

Փետրվար 09,2023 20:30

Փետրվարի 9-ը հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Նրա ստեղծագործական ժառանգության ու տեսակի գնահատողներն ամեն տարի այս օրը հավաքվում են Կոմիտասի անվան պանթեոնում՝ հարգելու մեծ մտածողի ու քնարերգուի հիշատակը:

Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը կարեւորում է այս օրը նշելը՝ հաշվի առնելով Տերյանի բացառիկ դերակատարությունը իբրեւ նոր հայերենի սահմանադիրն եւ ազգային համախմբման առումով առաջին ամենալուրջ ներդրում ունեցած մարդկանցից մեկը: «Կարծիք կար, որ հայոց լեզուն բավարար չէ որոշակի ձեւի բանաստեղծություններ գրելու համար, իսկ Վահան Տերյանն իրականում ցույց տվեց, որ հայերենը ոչ թե ունի պակաս կողմեր, այլ մենք ենք ծույլ, որ չենք կարողանում լեզուն ճիշտ օգտագործել»,-ասաց Գեւորգ Էմին-Տերյանը:

Նրա ձեւակերպմամբ, Տերյանի բերած ամենակարեւոր փոփոխությունը մեր մտածողության մեջ այն էր, որ Հայաստանն ամենեւին էլ ծայրամաս չէ, մենք երկրորդական չենք. «Տերյանը փոխեց եղած ընկալումը եւ ցույց տվեց, որ կենտրոնը հենց Հայաստանն է»:

Գեւորգ Էմին-Տերյանը փաստեց, որ ներկայումս ապրում ենք մի ժամանակահատվածում, որը թեեւ ինչ-որ բանով տարբերվում է, բայց նաեւ ընդհանրություններ ունի հարյուր տարի առաջ եղած իրավիճակի հետ. «Մենք տեսնում ենք, որ ինչ-որ ուժեր շարունակում են կռիվ տալ Տերյանի դեմ: Օրինակ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը «Երկիր Նաիրի» վեպից են խոսում, ասում են՝ պետք է մոռանալ, ասում են, որ իբր դա վերաբերվում է Ծովից ծով Հայաստանին, անիրական իղձերին, բայց իրականում այդտեղ մի ուրիշ շերտ կա՝ «Երկիր Նաիրի» վեպը գրվել է որպես պատասխան Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածի:

Չնայած, կարծում եմ, որ դա էլ տրամաբանական է, քանի որ ասֆալտի վրա խորոված սարքող մարդիկ, աշխարհը միայն նյութականով չափող եւ ուրիշների տված ողորմությամբ բավարարվողները չեն կարող ընկալել, թե ինչ է հոգեւոր Հայաստանը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728