Իջևան քաղաքի «Վերնատուն» պատկերասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Սամվել Մելքումյանի 70֊ամյակին։ Վերջինս ծնվել է 1953թ․-ին Իջևանում, սովորել է Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ Սամվել Մելքումյանն այն քիչ արվեստագետներից է, ովքեր զբաղվում են ինտարսիայով (ընդելուզման տեսակ փայտի վրա)։
Նրա գեղանկարների հիմնական մասը ստեղծվել են գծագրական մատիտի օգնությամբ՝ առանց վրձնի և ներկերի։ Սամվել Մելքումյանը երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետում, եղել է «Վերնատուն» պատկերասրահի տնօրեն, որտեղ աշխատում է մինչ օրս։
Կարդացեք նաև
Նկարիչն Aravot.am-ի հետ զրուցում ափսոսանք հայտնեց, որ նախորդ տարիներին համեմատ նվազել է ինտարսիայի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը։ «Մի ժամանակ երիտասարդները շատ էին հետաքրքրվում արվեստի այդ ճյուղով և ընդհանրապես սերը դեպի արվեստ այլ էր։ Հիմա շատ է նվազել, նոր սերնդի հետաքրքրությունն այլ է, ավելի ժամանակակից է ամեն ինչ, նաև պրոֆեսիոնալ մասնագետներն են քիչ հիմա։ Հենց այս խնդրի վրա պետք է կենտրոնանալ և աշխատանքներ տանել արվեստի տարածման ուղղությամբ»,-նշեց Մելքումյանը։
Հավելենք, որ Իջևանի մշակույթի տան մուտքը զարդարող Արմեն Գուլակյանի փայտե դիմապատկերի հեղինակը ևս Սամվել Մելքումյանն է։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Առավոտի