Երեւան քաղաքի եւ քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեություն իրականացնողների աշխատանքը կանոնակարգելու նպատակով Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
Հարցն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում` փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում եւ այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին եւ նմանատիպ գործունեություն իրականացնողներին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներով Կառավարությունը սահմանում է, որ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները խախտելու դեպքում կնշանակվի տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ կրկնվելու դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:
Կարդացեք նաև
Փոխնախարարի տեղեկացմամբ փաթեթի վերաբերյալ հանձնաժողովում կայացած քննարկման ընթացքում պատգամավոր Գառնիկ Դանիելյանն առաջարկել է սահմանափակումներն առաջին անգամ խախտելու դեպքում կիրառել նախազգուշացում: Նշվել է, որ Կառավարությունը կողմ է առաջարկին:
Գլխադասային` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը:
ՀՀ Ազգային ժողով