Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։
Ներքին գործերի նախարարը, բարձր գնահատելով Չեխիայի դեսպանության հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է համագործակցությունը կրթական ոլորտում, ինչի շնորհիվ կազմակերպվել են փոխայցելություններ երկու երկրների ուսումնական հաստատություններ։
Վահե Ղազարյանը կարևորել է նաև 2022 թվականին Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության միջև Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով պայմաններ են ստեղծվել ներքին անվտանգության բնագավառում մասնագիտական սերտ կապերի համար։
Կարդացեք նաև
Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Պետր Պիրունչիկը նշել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում սերտ համագործակցությունը, ինչի շնորհիվ իրականացվել են մի շարք միջոցառումներ ոստիկանության, փրկարար և միգրացիոն ծառայություններում։
Արտակարգ և լիազոր դեսպանը հետաքրքրվել է ՆԳՆ ենթակա ծառայություններում բարեփոխումների մասին և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ կազմավորման աշխատանքների և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նա կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ ենթակա ծառայությունների զարգացման և միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտների ամրագրման տեսանկյունից: ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանն էլ ներկայացրել է միջազգային հեղինակավոր հարթակների հրապարակած տվյալներ, ըստ որոնց՝ Հայաստանն ու Երևանն ընդգրկվել են ապահով երկրների ցանկում՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր ապահով երկրների և քաղաքների շարքում։
Հանդիպմանը քննարկվել են նաև ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության, փրկարար ծառայություններին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՀՀ ոստիկանություն