2023թ․ մարտի 26-ին կայանալիք Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները, այսօրվանից՝ փետրվարի 9-ից մինչեւ փետրվարի 19-ը, ժամը 18.00-ն կարող են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 29-ին, կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել էին Սիսիան համայնքի ավագանու լիազորություններ։ Կառավարության հիմնավորման մեջ նշված է՝ 2022թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվել են մանդատներից ու արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել է ավագանու թվով 10 անդամ:
Չնայած առաջադրումների մեկնարկին, այնուամենայնիվ, Սիսիանում, անցած տարվա ընտրությունների նման քաղաքական եռուզեռ չի նկատվում։ 2022թ․-ի սեպտեմբերի 25-ին ընտրություններին մասնակցեց 7 ուժ։ Այդ ուժերի ու նրանց ընտրական ցուցակները գլխավորած թեկնածուները զերծ են մնում որեւէ մեկնաբանություն տալուց։
Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին առայժմ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ինչպես նախորդ, այս անգամ էլ կառավարող ուժի ընտրացուցակի թիվ 1 հորիզոնականում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է։
Կարդացեք նաև
Սիսիանում պտտվող խոսակցությունների համաձայն՝ չի բացառվում, որ այս անգամ «Քաղաքացիական պայմանագրից» բացի, ոչ մի ուժ չառաջադրվի։
Հիշեցնենք, որ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը նախատեսված է մինչեւ փետրվարի 24-ը, իսկ նախընտրական քարոզչությունը մարտի 1-ից մինչեւ մարտի 24-ի ժամը 24.00-ն է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ