Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից իր ԶՈւ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունն ընդամենը կեղծիք էր. ՀՀ ԱԳՆ

Փետրվար 09,2023 17:42

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

Հարց. ՄԱԿ մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում նաև 2020թ.-ի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակման հարցին: Ադրբեջանը, սակայն նախատեսված ժամանակահատվածում որևէ կերպ չի արձագանքել ՄԱԿ մանդատակիրներին: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:

Պատասխան. Մենք բազմիցս բարձրաձայնել ենք Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատշաճ միջազգային հետաքննության անհարժեշտության մասին և պահանջել հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։

Նամակ-պահանջագրում ՄԱԿ մանդատակիրները խորը մտահոգություն են հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը և ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատիժը, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների կատարման համար։

Կհիշեք, որ միջազգային հանրության զայրույթը մեղմելու և ուշադրությունը շեղելու նպատակով Ադրբեջանը անցած տարվա աշնանը հայտարարեց իր ԶՈՒ կատարած պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն սկսելու մասին: Ինչպես ցույց է տալիս ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակի անտեսումը, այդ այսպես կոչված հետաքննությունը ընդամենը կեղծիք էր՝ խնդիրը կոծկելու նպատակով:

ՄԱԿ-ի մանդատակիրները պատասխան չեն ստացել նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում անօրինական պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձնաց, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի վերաբերյալ իրենց հարցադրումներին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները (հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները):

Այս իրավիճակում հրամայական է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը, մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը: Բացի այդ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։

Բարձր գնահատելով համագործակցությունը ՄԱԿ կառույցների, այդ թվում` հատուկ ընթացակարգերի հետ` Հայաստանը նաև ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը որդեգրել է ՄԱԿ կառույցներին ահաբեկելու և ճնշում գործադրելու միջոցով վերջիններիս ստիպելու չբարձրաձայնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող դեպքերը և ավելին, նույնիսկ վերախմբագրել ՄԱԿ կողմից նախկինում արված հայտարարությունները: Այս ամենին ականատես ենք լինում Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին շրջափակման մեջ պահելու վերաբերյալ հայտարարությունների համատեքստում:

Չնայած ադրբեջանական գործողություններին՝ վստահ ենք, որ ՄԱԿ բոլոր մարմինները, այդ թվում` առաջին հերթին մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները, կշարունակեն իրականացնել իրենց աշխատանքը ՄԱԿ կանոնադրության ոգուն և տառին համապատասխան:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728