«Թեեւ գայթակղությունը մեծ է քաղաքական տգիտության, երեսպաշտության, անդաստիարակության մաստեր-կլասին պատասխանելու, բայց չեմ շեղվի այդ ուղղությամբ, մանավանդ, որ կարեւոր է հաստատել մեկ հանգամանք։ Դա վերաբերում է նրան, որ․․․»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, եւ նրա խոսքը կիսատ մնաց, որովհետեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հորդորեց որակումներից զերծ մնալ։ «Առաջարկում եմ վիրավորական տերմիններ չօգտագործել»,-ասաց Արշակյանը։
Մինասյանը պատասխանեց․ «Ես անուններ չեմ տվել։ Եթե կան մարդիկ, որոնք իրենց են վերագրում, թող ասեն այս ամբիոնից»։ Հակոբ Արշակյանը նախազգուշացում տվեց Արծվիկ Մինասյանին․ «Չհնչեցնեք տերմիններ, որոնք կարող են վիրավորել պատգամավորներին, որովհետեւ դուք հնչած ելույթների մասին եք հիմա խոսում»։ Մինասյանը մատնանշեց, որ իրենից առաջ հնչած վիրավորական արտահայտություններին ԱԺ փոխնախագահը չարձագանքեց։
Ապա Արծվիկ Մինասյանը նշեց․ «Դաշնակցությանը շատ են մեղադրել։ Այդ մեղադրանքներն ավելի ծավալուն թուրք-ադրբեջանցի ներկայացուցիչներն արդեն արել են։ Էլ մի փորձեք անել, անիմաստ է։ Մենք 133 տարի կանք եւ լինելու ենք, որովհետեւ դա պարտադրում է մեր ազգային-պետական շահը։ Հույս ունեմ, որ նիստը նախագահողները չեն միջամտի եւ չեն մեկնաբանի ընդդիմադիր պատգամավորների ելույթները»։ Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Եթե կարիք չլինի, չեմ միջամտի»։
Հավելենք, որ Մինասյանի ելույթին նախորդել էին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ