«Սրանից ենթադրվում է այն, որ եթե մինչև այդ քողարկված էր այդ միտքը, հիմա ռուսները բացահայտ ասում են՝ հասկանում են, որ ԵՄ մուտքն այս տարածաշրջան եկել է փոխարինելու իրենց ներկայությանը այստեղ։ Դա կարող է առաջացնել լուրջ վտանգներ»,-ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված հայտարարություններին։
Արմեն Ռուստամյանը վրդովվեց՝ ի՞նչ է նշանակում՝ մենք պետք է ապացուցենք, որ մենք ուղտ չենք, ու ասաց․ «Էս ի՞ նչ դիվանագիտական մտքի թռիչք է, ո՞վ է այդպես հարաբերվում արտաքին աշխարհում, այսինքն՝ անընդհատ քեզ կարող են ինչ-որ բանի մեջ կասկածել, քեզ մղել այդպիսի քայլերի։ Այսինքն՝ դու պիտի թելադրվես ուրիշների կասկածանքո՞վ, թե՞ քո հարաբերությունները հստակ արձանագրելով, քո դիվանագիտական շահերը հասկանալով՝ քո անվտանգային խնդիրները լուծես»։
Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ եթե ԵՄ դիտորդները գալիս են այն տրամաբանությամբ, որ նախ տեսնեն, թե ռուսներն այստեղ ինչ են անում, ռուսներն արդյոք սպառնո՞ւմ են այս տարածաշրջանին, սա նշանակում է, որ այն հակամարտությունը, որն այսօր գոյություն ունի ՌԴ-ի և Արևմուտքի միջև, որն ուկրաինական պատերազմի թեմայով է առաջացել, տեղափոխել մեր տարածք։ Արմեն Ռուստամյանը զգուշացնում է՝ հուսամ՝ հասկանում եք, թե սրա հետևանքն ինչ է։ Այս առիթով Արմեն Ռուստամյանը, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Ես իրենից սպասում էի, որ կասի՝ եկել են լրացնելու այն բացը, որ անվտանգային առումով ունենք, որ ԵՄ դիտորդների ներկայությունը կզսպի Ադրբեջանից և Թուրքիայից սպառնալիքները, ուղղակի որոնց տակ ենք։ Դուրս է գալիս՝ իրենք եկել են, տեսնեն՝ Ռուսաստանը սպառնո՞ւմ է ուրիշներին, թե՝ ոչ։ Հասկանո՞ւմ են՝ դրանից ինչ է բխում, սրա տակից ո՞նց են դուրս գալու։ Դա նշանակում է բերել Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը մեր տարածք։ ԵՄ-ն համաձայնել է գալ այստեղ, որ փաստի՝ արդյոք ՌԴ-ն, որը, ըստ նրանց՝ սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը, արդյոք դա նաև այս տարածաշրջանում է՞լ է այդպես։ Եկել են դա՞ ուսումնասիրելու։ Դա նշանակում է ուղիղ ասել, որ այդ հակամարտությունը տեղափոխվել է նաև մեր տարածաշրջան։ Շատ արագ դա պետք է սրբագրել, չի կարելի թողնել այդ տպավորությունը»։ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ այս պահին անվտանգային նոր համակարգ չստեղծած հին համակարգի քանդման գործընթաց է, ինչը լի է բազում կործանարար վտանգներով։
Կարդացեք նաև
Լրագրողների հակադարձմանը՝ եթե ՌԴ-ն իրեն այդպես չպահեր, դատապարտեր Ադրբեջանին, ՀԱՊԿ-ը կատարեր այն հանձնառությունները, որոնք ստանձնել է, գուցեև ԵՄ դիտորդների կարիք չառաջանար, Արմեն Ռուստամյանն արձագանքեց․ «էս հեքիաթներով հերիք է մեզ մոլորեցնեն։ ՀԱՊԿ-ում այդ հարցը, որ ՀՀ-ն դրել է՝ որպես նախապայման որևէ գործողության, որ եկեք, դատապարտեք Ադրբեջանի հարձակումները և մեր տարածքի ինքնիշխանության խախտումները, որ նոր սկսենք մյուս գործընթացը, Լավրովը դա բացատրեց, դրա շուրջ չի եղել կոնսենսուս։ Ասել է, որ ոչ բոլորն են համաձայնել, հետևաբար ՀԱՊԿ-ը դա չէր կարող կատարել։ Բայց մյուս հարցով կոնսենսուս եղել է։ Հիմա հարց է առաջանում՝ էն մեկով կոնսենսուս չի եղել, էս մեկով եղել է, ՀՀ-ն ինչո՞ւ չի համաձայնել։ ՀՀ-ն կոնսենսուսն էս հարցում է խախտել։ Կա կոնսենսուս, որ ՀԱՊԿ-ը գա, կանգնի, ՀՀ-ն ասել է՝ քանի իմ ասածը չեք արել, չեմ թողնի։ Թող այս հարցերին պատասխանեն դիվանագետները»։
Դիտարկմանը՝ Սոթքում և Ջերմուկում ռուս սահմանապահներ կային կանգնած, նախքան Ադրբեջանի հարձակումը լքել էին տարածքը, դա՞ ինչպես կմեկնաբանեք, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Այո, դրանց մասին էր պետք խոսել, դրանք այն խնդիրներն են, որոնք պետք է դնել, և այդ ժամանակ թող իրենք փորձեին պաշտպանվել»։
Լրագրողները հիշեցրին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով ընդդիմությանն, ասել է՝ թող հեռանան և ճանապարհ բացեն առողջ ուժերի համար, Արմեն Ռուստամյանն ասաց․ «Համաձայն եմ՝ երկուսով էլ գնանք, թող նորերը գան։ Թող ժողովուրդը որոշի։ Եթե իրենք մեր հետ գնան, այդ զիջողությունը մենք կանենք։ Բայց իրենք պետք է խզումը վերացնեն․ անեն այն, ինչ խոսք են տվել ժողովրդին, կամ ասեն՝ չենք կարող և հեռանան, ու լինեն նոր ընտրություններ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ