«Ո՞ւր եք, պարոն Մինասյան, ես հիմա ձեր աթոռի հետ եմ խոսում։ Կամ, պարոն Թեւանյան։ Թեւանյան էր, չէ՞, ո՞ւր եք»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը, որի ներկայացուցիչները դուրս էին եկել դահլիճից։ «Ո՞ւր է ընդդիմությունը, պարոն Մինասյան»,-նկատի ունենալով Արծվիկ Մինասյանի այսօրվա ելույթը՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Նաեւ նշեց, որ ընդդիմությունը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին չի մասնակցում, վարչապետին հարցեր չի տալիս, բայց հաջորդ օրը գալիս-խոսում է վարչապետի այս կամ այն հայտարարության մասին։ «Դուք բաժակ նայո՞ղ եք, թե՞ ընդդիմություն։ Եկեք նորմալ հարցեր տվեք ու պատասխաններ լսեք»,-կոչ արեց Հայկ Կոնջորյանը։
Նա նաեւ ընթերցեց Սիմոն Վրացյանի նամակները Թուրքիայի մասին՝ ցանկանալով ցույց տալ, թե ՀՅԴ-ն ինչ պատմություն է ունեցել։
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ իր հերթին հավելեց․ «Մուսավաթական Ադրբեջանի կառավարությունում երկու հայ դաշնակցական անդամ կար։ Խորհրդարանում էլ կային պատգամավորներ։ Դաշնակցական նախարարները գնո՞ւմ էին Ադրբեջանի կառավարության նիստերին։ Հետաքրքիր է։ Ով Ադրբեջանի կառավարության հետ կոալիցիա կազմի, եւ ով մեզ մեղադրի ադրբեջանաթուրքամետ լինելու մեջ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ