Կառավարության այսօրվա նիստում գործադիրը սահմանեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը:
Ըստ որոշման՝ 1) մարտական խնդիրների շրջանակը ներառում է համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպմանն ուղղված գործունեությունը,
2) մարտական խնդիրների իրականացման գործառույթներ ունեցող են հանդիսանում սույն կետի 1-ին ենթակետում սահմանված գործունեության անմիջական իրականացում նախատեսող պաշտոնները,
3) մարտական խնդիրների պլանավորման գործառույթներ ունեցող են հանդիսանում սույն կետի 1-ին ենթակետում սահմանված գործունեության կազմակերպման և իրականացման գործընթացի պլանավորում նախատեսող պաշտոնները,
Կարդացեք նաև
4) մարտական խնդիրների վերահսկման գործառույթներ ունեցող են հանդիսանում սույն կետի 1-ին ենթակետում սահմանված գործունեության կազմակերպման եւ իրականացման գործընթացի նկատմամբ վերահսկողություն նախատեսող պաշտոնները:
«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների եւ ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային եւ շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը: Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած եւ ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստությունից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները»,-զեկուցեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Վճարման կարգի մասին հարցը չզեկուցվող էր։ Պապիկյանն ասաց, որ շարքային պայմանագրայինների աշխատավարձը, ըստ վարչապետի հանձնարարականի, լինի ամենաբարձր աշխատավարձի կրկնապատիկը, այդ փաթեթը ներառելու է նաեւ մինչեւ կրտսեր ենթասպայական կազմը․«Մենք կրկնապատկել ենք աշխատավարձը՝ 211 հազար դրամ աշխատավարձը կրկնապատկելով՝ սահմանել ենք 422 հազար դրամ մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ