Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբինյանի համեմատությունը վտանգավոր եւ սկանդալային հայտարարություն է»․ Անդրանիկ Թեւանյան

Փետրվար 09,2023 15:00

 «Երեկ շատ վտանգավոր բան տեղի ունեցավ։ Նա երեւի փորձեց օրիգինալ երեւալ եւ Իրանին համեմատեց Մեքսիկայի, Աֆղանստանի հետ ու ասաց, թե իրենց էլ չենք ցավակցել, դրա համար Իրանին չենք ցավակցում։ Անգամ տեսակետ հնչեցրեց, որ Իրանում քիչ զոհեր են եղել, դրա համար չեն ցավակցում»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ կապված համեմատականներին ու բացատրություններին։

«Իրանին նման կերպով համեմատելը վտանգավոր եւ սկանդալային հայտարարություն է։ Նաեւ հակապետական է, քանի որ Իրանն այսօր Սյունիքի համար ավելի շատ է մտահոգվում, քան ՀՀ իշխանությունը»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Նա պատասխանեց նաեւ Ռուբինյանի հնչեցրած հարցին, թե ո՞վ է, ըստ ընդդիմության, փակել Լաչինի միջանցքը։

«Այո, Ալիեւը հանցավոր գործողության է գնացել եւ փակել Լաչինի միջանցքը։ Այո, ՌԴ խաղաղապահներն ունեն պատասխանատվություն՝ այդ գոտին վերահսկելու։ ՌԴ կարողությունները սահմանափակվել են, բայց ՀՀ իշխանությունն իր գործողություններով՝ Պրահայով, Ալիեւին հնարավորություն է տվել հանցագործություն իրականացնելու։ Պրահայում իշխանությունը համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, եւ դա իշխանության որեւէ ներկայացուցիչ չի հերքել։ Ուստի դուք էլ ունեք մեղավորություն, որ Լաչինի միջանցքը փակ է»,-պատասխանեց Անդրանիկ Թեւանյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանն արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ինքն ավելի շատ ռուսական զորքեր է բերում-տեղակայում սահմանին, Անդրանիկ Թեւանյանը շեշտեց՝ դրանով Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ՀՀ-ն խայտառակ դիվանագիտական պարտություն է կրել Ադրբեջանից։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «1999թ․-ին երկրաշարժ է եղել նաեւ Իրանում։ Այնպես որ, պարոն Թեւանյան, չկպավ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728