Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրին։ Ըստ ծրագրի՝ ժամկետային զինծառայողները վեց ամիս ծառայությունից հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության եւ վեց ամիս անցնում են նախապատրաստության փուլը։ Ապա, եթե զինծառայողը, ինչպես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անցնի ատեստավորումը, կարող է անցնել պայմանագրային զինծառայության եւ ստանալ այսօր ընդունված որոշման համաձայն բարձր վարձատրություն։
«Մենք պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Այս առումով մենք, կարծես, արդեն մտնում ենք գործանական փուլ եւ եւս մի կարեւոր բարեփոխում իրականացնելու փուլ՝ մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո իրենք նույնպես կարող են «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինծառայության»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց՝ նախագիծը շրջանառված է, տեղադրված է e-draft համակարգում։ Թե երբվանից մարդիկ կարող են դիմումներ գրել 6-ամսյա զինծառայություն անցնելու վերաբերյալ, Փաշինյանի այս հարցին ի պատասխան, Պապիկյանն ասաց․«Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, որովհետեւ ամառայինը․․․ դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞նք ենթակառուցվածքների առումով հասնել դրան։ Ամեն ինչ կախված է մեր արագությունից»։
Փաշինյանը նաեւ նշեց․ «Մենք խնդիր ենք դրել, որ մեր հարգելի կանանց համար հնարավորինս նոր կամ թարմ ենթակառուցվածքներ լինեն, որպեսզի նոր բովանդակությամբ ու թարմությամբ սկսենք այդ գործընթացը»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Նելլի ԲԱԲԱՅԱՆ