Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման 60-րդ օր
Համաձայն Արցախի կառավարության թիվ 26 տեղեկագրի՝
08.02.2023թ. դրությամբ
- 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 220 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 76 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը
Ավելի քան 23,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարդացեք նաև
Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալներով շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծամասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից:
Գույքագրվել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակներ, սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում առկա չնչին ռեսուրսների սպառումից հետո, ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները։
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախցիներ մնացել են առանց կացարանի և մինչ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը ընթանում էին լայնածավալ շինարարական աշխատանքներ` հիմնականում բռնի տեղահանված անձանց կացարանով ապահովելու նպատակով։
Արցախի տեղեկատվական շտաբ