Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյան․ «Դատական գործընթացների ձգձգումն ակնհայտ կոռուպցիա է»

Փետրվար 09,2023 14:27

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն այսօր կառավարության նիստում պարզաբանեց, թե որոնք են կոռուպցիայի ընկալման համաթվի նվազման պատաճառները։

Խոսքը վերաբերում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»  միջազգային կազմակերպության հրապարակած կոռուպցիայի ընկալման համաթվին (ԿԸՀ), ըստ որի, մեր երկիրը նահանջ է գրանցել։ Ըստ այդ ցուցանիշի՝  Հայաստանի ԿԸՀ 2022 թվականի գնահատականը նախորդ տարվա համեմատ նվազել է, եւ հավասար է 46-ի, ինչը  3 միավորով պակաս է նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։  Հայաստանի համաթիվը  2017-ին եւ 2018-ին՝  35 էր, 2019-ին՝ 42

Նիստին հրավիրվել էին նաեւ  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար  Վարուժան Հոկտանյանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Հարությունյանի ներկայացմամբ՝ կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցիչում Հայաստանի հետընթացի պատճառներից են մեր երկրում  հակակշիռների եւ փոխզսպման մեխանիզմների կիրառման ոչ բավարար վիճակը, իրավապահ մարմինների բարեվարքությունը, նաեւ՝ դատական իշխանության անկախության երաշխավորումն ու քաղաքացիական հասարակության հատվածը: Մինչ այդ նա մանրամասն բացատրեց, թե որոնք էին հիմքերն ու պատճառները, որ մինչեւ 2018 թվականը մեր երկիրը ցածր ցուցանիշ էր գրանցում, հետո այդ ցուցանիշն աճում էր։

«Շատ ցանկալի կլինի, որ առանձին ոլորտային մարմինների հետ քննարկենք եւ տառ առ տառ  հասկանանք, թե ինչպես կարելի է արդեն առաջիկա 2 տարվա համար երաշխավորել, որ չունենանք նվազեցում: Այս 3 միավորով նվազումը պետք է մղի նրան, որ հաջորդ զեկույցում ունենանք առաջընթաց: Եթե առաջընթաց չապահովվի, մենք կարող ենք զիջել մեր դիրքերը եւ հետ գնալ մինչեւ 2018-ի գնահատման մակարդակին»,-ասաց Հարությունյանը։ Նա ներկայացրեց մեր երկրում հարցումների արդյունքները, որոնք, ըստ նրա, վեր են հանում հետաքրքիր խնդիր՝ կոռուպցիայի որակական ընկալումը փոփոխության  է ենթարկվել նաեւ քաղաքացիների շրջանում․«Սա նշանակում է, եթե, օրինակ, նախկինում հարցման արդյունքում քաղաքացիները կոռուպցիա դիտարկում էին կաշառքը, հիմա կաշառքը՝ որպես կոռուպցիոն դրսեւորում, էականորեն զիջել է այնպիսի ընկալմանը, ինչպիսին հովանավորչությունն է։ Այսինքն, քաղաքացիների պահանջատիրությունը լավ եւ արդյունավետ կառավարման նկատմամբ մեծացել է, ինչը  ենթադրում է, որ արդեն որակական առումով մեզնից պահանջում են այլ տեսակի գործողություններ։ Հանրային ընկալման տեսանկյունից անընդունելի  է բիզնես եւ հանրային պաշտոն զբաղեցնելու համադրությունը։ Այս տեսակի երեւույթներ քաղաքացիական ընկալման շրջանակներում նախկինում չի եղել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց․«Եթե ես ճիշտ հասկացա, նախ՝ 2018-ից հետո մեզ այդ առումով սկսել են ավելի խիստ դատել, որովհետեւ համարել են, որ կա ինստիտուցիոնալ որոշակի ընթացք, որը պետք է ապահովի հակակոռուպցիոն քաղաքականության ավելի արդյունավետ դրսեւորում։ Երկրորդը՝ մեր քաղաքացիները մեր աջակցությամբ․․․ բարձր նշաձող ենք սահմանել եւ հիմա հարաբերվում ենք մեր  սահմանած բարձր նշաձողի հետ: Ճիշտ ենք արել, որ այդպես ենք վարվել, պետք է հետեւողական լինենք։ Կարեւոր եմ համարում ձեր դիտարկումները, որ մենք փորձենք ըստ ուղղությունների վերլուծել, թե ինչ ճշգրտումներ պետք է անենք»։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էլ, անդրադառնալով Վարուժան Հոկտանյանի նշած՝ դատական իշխանության անկախությանը, որը համաթվի նվազման պատճառներից մեկն է, ասաց․«Մենք խոսում ենք ընկալման մասին, եւ մեր որոշ քաղաքացիներ, տեսնելով դատական իշխանության ներկայացուցչին՝ գործադիրի նիստում, այստեղ էլ կարող են տեսնել անկախության հետ կապված հարցեր:  Ես ուզում եմ շեշտադրել՝ դատական իշխանությունը եւ  ԲԴԽ-ն իսկապես գործում են անկախ: Միաժամանակ մենք շարունակում ենք սերտ համագործակցել օրենսդիր ու գործադիր թեւերի հետ, եւ այդ  համագործակցությունը չի նշանակում կոնկրետ գործերով դատարանների վրա որեւէ ազդեցություն: Դատական իշխանությունը ամենալուռ ու ամենաքարկոծված իշխանության թեւերից մեկն է: Որոշ դեպքերում իսկապես մեղավոր շատ խնդիրների համար, բայց ոչ միակ մեղավորը: Ես ուրախ եմ, որ համաթվի ներկայացման ժամանակ խնդիրների 75%-ն արդեն դատական իշխանության հետ չեն կապված»։

Անդրեասյանը նշեց, որ 2018-ից հետո շատ բան է փոխվել. «Եվ եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսելիս՝ խոսում էինք կաշառքների, սակագների եւ  բացառապես մեծ համատարած կոռուպցիոն երեւույթների մասին,  հիմա արդեն ինչ-որ շրջան հեղափոխությունից հետո, հենց նույն զեկույցների քննարկման ժամանակ օրինակ կար խոսակցություն, որ դատական իշխանությունն անկախ է օրենսդիր ու գործադիր իշխանությունից, բայց անկախ չէ իր նախկին որոշ կապերից, հիմա արդեն խոսում ենք ձգձգումներից, ուշացումներից, որոնք իսկապես արդարացում չունեն: Բայց դատական պրոցեսներին կան շատ մասնակիցներ՝ փաստաբաններ, դատախազներ եւ այլ մարդիկ։ Կան օբյեկտիվ պատճառներ, թե ինչու է հանրությունը հիասթափություն ապրում արդարադատության համակարգից, բայց կան, իհարկե, նաեւ սուբյեկտիվ երեւույթներ, եւ մենք հիմա փորձում ենք կարգապահական վարույթներով վեր հանել այն բոլոր սուբյեկտիվ դրսեւորումները, երբ դատավորի պատճառով եղել են ձգձգումներ, հիասթափություններ, ուշացումներ»։

Ըստ Անդրեասյանի՝ այժմ բողոքների մեծ մասը վերաբերում է դատական ձգձգումներին եւ ուշացումներին։ Նա ասաց, որ  Հայաստանում դատավորների թիվը սահմանափակ է, օրինակ, 4 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում կա 1700 դատավոր, իսկ Հայաստանում՝ 3 մլն բնակչության դեպքում կա ընդամենը 300 դատավոր․«Չեմ խոսում նրանց սոցիալական վիճակից, աշխատավարձից, որովհետեւ դա կընկալվի  որպես արդարացում»։

ԲԴԽ նախագահն ասաց, որ անցած տարվա դեկտեմբերին տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ, օրենսդրական փաթեթներ են ընդունվել։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց․«Մեր ամենամեծ խնդիրը պետական իշխանության իրականացման ֆունկցիայի լավարկումն է, որովհետեւ մենք ոչ թե խնդիր ունենք պայքարը լավացնելու, սա ամենասուրը չէ, այսօր մեր հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման պարագայում մենք որակապես այլ իրավիճակ կունենանք, պահանջարկն էլ է դա։ Այդ կոռուպցիոն ռիսկերը կամ դրսեւորումները շատ դեպքերում անիմաստ պրոցեսների արդյունքն են, անիմաստ։ Մենք ինքներս օր ուշ ավելորդ գործառույթ վերացնելով՝ անընդհատ սադրում ենք, որպեսզի նման իրավիճակներում հայտնվենք, հետո էլ ստիպված լինենք դրա դեմ պայքարելու վրա միջոցներ ծախսենք։ Ես կարծում եմ, որ հարկային համակարգի բարելավումն ու  պետական համակարգի գործառույթների լավարկումն այլեւս սա է լինելու կոնցեպտն այս խնդիրն արմատախիլ անելու համար։ Դա կլուծի խնդիրների 90%-ը, իսկ 10%-ը կմնա դատաիրավական բարեփոխումներին»։

Նա աաց, որ դատական գործընթացների ձգձգումն ակնհայտ կոռուպցիա է։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, որ նախկինում օրենսդրական ամբողջ համակարգը կառուցված է եղել այնպես, որ ներսում թողնեն կոռուպցիոն թակարդներ, եւ գործարարներն այս կամ այն իրադրությունում հայտնվելով՝ ստիպված կաշառք են տվել․«Հիմա, երբ խորանում ենք պատճառների մեջ, պարզվում է, որ դա պաշտոնյաներին հայեցողական որոշումների իրավունք տալու մեջ է, եւ այդ հայեցողական որոշումների իրավունքը նշանակում է, որ  լավ որոշում կայացնելու համար պաշտոնյան կարող է ինչ-որ բան ուզել։ Օրենսդրական բարեփոխումները պետք է անել այնպես, որ ալգորիթմիկ կերպով մենք վերացնենք հայեցողական որոշումների կայացման հնարավորությունը, եւ ամեն մի դեպքի վերաբերյալ լինի ընդամենը մեկ, օրինակ, թվային լուծում՝ մուտք ես անում  քո իրավիճակը եւ ստանում ես քո պատասխանը»։   Նա ասաց, որ այսօր դատական ակտերը փոքր տոկոսով են իրականացվում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728