Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, որը կհանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության և մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»․ Հայկ Մամիջանյան

Փետրվար 09,2023 13:50

«Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, որը կհանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության և մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ արված հայտարարություններին։ 

Այս առիթով նշեց՝ երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին ասել ու շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Հայկ Մամիջանյանն ասաց․ «Իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան։ Այդ մարդիկ ծառայում են բառիս բուն իմաստով բացառապես Փաշինյանին»։

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա Հայաստանում, շատ հեշտ կարելի է բնորոշել որպես ճնշումների նոր փուլ, և դա, ըստ նրա, ունի երկու հիմնական պատճառ։ Պատգամավորը պարզաբանեց․ «Տիկին Վարդապետյանը պետք է վաստակի այն, ինչի համար նշանակվել է այդ պաշտոնին։ Նա նշանակվել է ծառայելու համար Փաշինյանին՝ ռեպրեսիվ բութ գործիք»։

Ըստ Հայկ Մամիջանյանի` այսպիսի զարգացումներ տեղի են ունենում, երբ ՀՀ-ն և Արցախը կանգնած են շատ վտանգավոր գործողությունների առաջ ու շարունակեց․ «ՀՀ-ում սրվում են քաղաքական շինծու քրեական գործերի բացումները։ Օրինակ՝ նախագահ Սարգսյանի դեմ հերթական քրեական գործը կարվեց 2020-ի հոկտեմբերի 5-ին, երբ ամբողջ հայությունը կանգնած էր Արցախի կողքին, իսկ նախագահը գտնվում էր Արցախում։ Սա է Փաշինյանի համերաշխությունը»։

Դիտարկմանը, եթե իր բնորոշմամբ՝ ճնշումներ են տեղի ունենում, ապա ինչո՞ւ հենց պարոն Չարչյանի դեմ, քանի որ նա Փաշինյանի ամենալուրջ քննադատը չէ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Ես երբեք ինձ թույլ չէի տա պարոն Չարչյանի կշիռը հայ հասարակության մեջ դնել կասկածի տակ՝ որպես կարծիք ձևավորող, ում կարծիքը հաշվի են առնում, որպես ականավոր բժիշկ, համեմատությունը տեղին չէ։ Տեղի է ունեցել դա, որովհետև այս իշխանություն կոչեցյալը լայքի տրամաբանությամբ է ապրում։ Իրենք նայել են, տեղի է ունեցել Գեղարքունիքում ողբերգություն՝ մեր զինվորների հետ կապված, կապված կեցավայրի պայմանների հետ, մտածել են իրենց կարճ խելքով՝ ի՞նչ անենք, սպասեք՝ այս գործը թարմացնենք։ Գործը հին է։  Չորսուկես տարի իշխանության մեջ են, լավագույն պահը հիմա՞ գտան։ Ո՞նց կարելի է մարդկային կյանքերի հետ սենց տեղեկատվական խաղեր խաղալ։ Ամնե ինչ շատ պարզունակ է, բայց շատ զզվելի»։

Հայկ Մամիջանյանը շեշտեց՝ նկատի ունեմ՝ եթե առկա էր իրավական տարր, իրենք դրա համար ունեին չորսուկես տարի։

Լրագրողի հարցին՝ Ձեզ համար խնդրահարույց չէ՞, որ ցանկացած պետական օբյեկտ աճուրդում վաճառվում է 4 միլիոն դրամով և օրեր անց գրավադրվում 10 միլիոն դրամով, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Ինձ համար խնդրահարույց է, որ մարդիկ, որ ունեին 100-150 դրամ խնայողություն, հիմա ունեն 100-150 հազար դոլար խնայողություն, ինձ համար խնդրահարույց է այն հանճարեղ բրոքերը, որը 10 հազար դոլարով առանձնատուն է գտնում Ջրվեժում և Ձորաղբյուրում ՔՊ-ական երեսփոխանների համար, ինձ համար խնդրահարուց է մեկ անձից գնումների ծավալը․ հանկարծ ՔՊ-ի բոլոր քաղաքական գործիքների բոլոր բարեկամները աննկարագրելի հաջողակ, թույն բիզնեսմեններ դարձան։ Հաշվի առնելով գործընթացը՝ կկարողանամ Ձեր հարցի վերաբերյալ կարծիք հայտնել, երբ ծանոթ լինեմ գործին ավելի խորը։ Նման դեպքեր՝  շատ ավելի վատ դեպքեր գիտեմ հենց հիմա։ Օրինակ՝ Վեդի խոշորացված համայնքի խաղահրապարակի կառուցման համար 40, թե 70 միլիոն դրամ է հատկացվել»։

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմանը՝ Հայկ Մամիջանյանն ասաց․ «Այս երկու-երեք ամիս է, ինչ Փաշինյանը, կառավարությունն ամբողջությամբ, բոլոր երեսփոխանները փորձում են մեզ՝ հայ հասարակությանը վաճառել հերթական սուտը։ ԵՄ քաղաքացիական դիտորդները, որ գան, ամեն ինչ լավ է լինելու։ Ես կողմ եմ ցանկացած միջազգային ուշադրությանը ՀՀ-ի և Արցախի անվտանգային խնդիրներին։ Բայց արձանագրում եմ, որ նախորդ երկամսյա դիտորդական առաքելության ընթացքում եղել է 15-ից ավելի հրադադարի խախտում։ Նախորդ առաքելության ստատուսի մեջ կար մշտադիտարկում, իսկ այս նորի մեջ՝ չկա։ Երեկ ստի հաջորդ արարն էր։ Պարզվում է՝ դիտորդները եկել են ոչ թե ՀՀ անվտանգության, հրադադարի ռեժիմը հստակեցնելու համար, այլ որ Արևմուտքին ապացուցեն, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն չեն պատրաստվում որևէ գործողության։ Սա մեր հայրենիքն է, սա դպրոցի հետևը չէ, որտեղ ուժեղ տղաների են հրավիրում, որ իրար հետ հարցեր լուծեն։ Բոլոր այն երկրները, որոնց ղեկավարները հիմարություն են ունեցել սեփական երկիրը դարձնել աշխարհի հզորների բախման հարթակ, խիստ փոշմանել են դրա համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728