«Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Բարեկամության այգու վերականգնումը իսկապես աննախադեպ իրադարձություն է գյումրեցիների համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Գյումրիում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։
Նրա խոսքով՝ օրեր առաջ այստեղ ձմեռային ժամանցի համար բացված սահադաշտն ու վերնիսաժը նոր թարմություն և շուք բերեցին Գյումրուն։ Կարեն Մալխասյանն է փաստում՝ գյումրեցիների տրամադրություններից և արձագանքներից կարելի է արդեն ենթադրել՝ նախաձեռնությունը միայն գոհունակություն է առաջացրել։
«Երկրաշարժից հետո Գյումրիում նման մասշտաբի նախաձեռնություն չի եղել։ Այն իսկապես լուծում է և՛ ժամանցի, և՛ զբոսաշրջային, և՛ տնտեսական խնդիրներ։ Ամբողջությամբ վերականգնված Բարեկամության այգին զարգացնելու է քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ դառնալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, և արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջև»,- ասում է նա։
Կարեն Մալսախյանը նկատում է, որ այգին հավակնում է դառնալ ոչ միայն Գյումրու , այլ նաև ամբողջ Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը, քանի որ իր ձևաչափով և ենթակառուցվածքներով ապահովելու է քաղաքի հյուրերի, զբոսաշրջիկների բազմաբովանդակ և հետաքրքիր ժամանցը։
Կարդացեք նաև
«7 հա տարածքի վրա ամբողջությամբ զրոյից կառուցվող զբոսայգին դառնալու է անկախությունից հետո ամենամասշտաբային նախագիծը հանրապետությունում որպես հանրային տարածք»,- ասում է նա։
Ռուբեն Վարդանյանը, ըստ Կարեն Մալխասյանի, իսկապես կարողացավ բարեկամության մթնոլորտ ստեղծել՝ Գյումրիի զարգացման շուրջ համախմբելով տարբեր կազմակերպությունների, անհատների։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը հետաքրքրական է համարում նաև այն հանգամանքը, որ այգու նախագիծը մշակելու համար ուսումնասիրվել են տեղացիների հիշողությունները, հաշվի են առնվել նրանց կարիքները և հնարավորություն է ընձեռվել նրանց համար մասնակցելու ապագա այգու նախագծման գործընթացին։
«Վստահ եմ՝ այգու վերականգնման նկատմամբ այսքան սրտացավ ու պրոֆեսիոնալ մոտեցումը տալու է իր արդյունքները, վերականգնվելու է Գյումրու կյանքի նախկին ակտիվ ռիթմը,- ասում է Կարեն Մալխասյանը, ապա հավելում,- Մենք տեսնում ենք Ռուբեն Վարդանյանի հերթական հաջողված նախաձեռնությունը, որը վերաբերում է համայնքի զարգացմանը, քաղաքային կյանքի վերականգնմանը։ Վառ օրինակ Դիլիջանում իրականացված բազմաթիվ ծրագրերից հետո հերթական հաջողված նախաձեռնությունը` Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվում է Գյումրիում։ Միայն զարգացման տեսլականից խոսելը քիչ է։ Ռուբեն Վարդանյանի դեպքում՝ իրական աշխատանք՝ ականջահաճո խոսքերի փոխարեն․ այս ամենի ականատեսն ենք այսօր նաև մենք՝ գյումրեցիներս»։
Հիշեցնենք, որ Գյումրիի Բարեկամության այգու վերականգնման նախագիծն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից, որի համահիմնադիրը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն է։