Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․« Մենք տարբեր օղակներում ունենք կոռուպցիա»

Փետրվար 09,2023 13:07

Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»  միջազգային կազմակերպության հրապարակած ՀՀ-ին վերաբերող կոռուպցիայի ընկալման համաթվին, ըստ որի, մեր երկիրը նահանջ է գրանցել։ Ըստ այդ ցուցանիշի` Հայաստանի ԿԸՀ 2022 թվականի գնահատականը նախորդ տարվա համեմատ նվազել է, եւ հավասար է 46-ի, ինչը  3 միավորով պակաս է նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։  Հայաստանի համաթիվը  2017-ին եւ 2018-ին՝  35 էր, 2019-ին՝ 42:

Նիստին հրավիրվել էին կազմակերպության հայաստանյան կազմակերպության՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը , Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Վարուժան Հոկտանյանը պարզաբանեց, թե որն է պատճառը, որը ՀՀ-ն նահանջ է գրանցել։ Նա պարզաբանեց, որ հետազոտության համար օգտագործվել են 13 կազմակերպությունների հետազոտություններ, Հայաստանի համար՝ 6։

Նրա խոսքով՝ առավել մեծ նահանջ՝ մոտ 75%, գրանցվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրության տվյալների գնահատականի հիման վրա․«Հիմնականում երկու տիպի հարցեր են․ առաջինը՝ բիզնեսները որքան են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին, ասենք՝ հարկային, մաքսային եւ այլն, լիցենզիաներ ստանալու կամ կոմունալ վճարումներ․․․ նման երեւույթներ։ Երկրորդ հարցը՝ որքանո՞վ են հանրային միջոցներն ուղղվում ոչ օրինական ձեւով մասնավորին։ Սովորաբար դա գնումների եւ այլ գործընթացների միջոցով է, եւ այստեղ միջնորդավորված ձեւով երեւում է այն երեւույթը, որը կոչվում է պետության զավթում։ Դասական  սահմանումն է՝ երբ ֆինանսաօլիգարխիկ խմբերը սկսում են թելադրել գործադիրին եւ օրենսդիրին որոշումներ կայացնել։ Օրենքներն ընդունվում են որոշակի ֆինանսաօլիգարխիկ խմբերի օգտին, կամ կառավարության որոշմամբ. «Երբ մենք փորձեցինք ճշտել մեր միջազգային կազմակերպութան հետ, նրանք իրենց մոտ նշել էին նաեւ դատական անկախության խնդիրը, իրավապահահ մարմինների բարեվարքության խնդիրը, զսպումների եւ այդ հակակշիռների հետ կապված խնդիրները: Երկրորդ խնդիրը՝ «Varieties of democracy» այդ կազմակերպությունն է, մոտ 25%։  Այստեղ են իմ ասած հիմնական խնդիրները»։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով ասաց՝ բիզնեսն ինչ ապօրինի վճարումներ է կատարում պետական մարմիներին, մենք դրա մասին գիտենք, որովհետեւ 2022 թվականին մենք բազմաթիվ հիշարժան կալանավորումներ եւ ձերբակալություններ ենք ունեցել․«Բայց խնդիրը դրանից չի վերանում։ Մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը, առաջընթացի բացակայությունը։ Այս իրավիճակը պետք է խորը ուսումնասիրվի, հասկանանք՝ ինչ լրացուցիչ քայլեր ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հատնվի։ Կա քաղաքական կամք, բայց դա միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների»։

Փաշինյանի խոսքով՝ այո,  դատական համակարգում էլ խնդիրներ կան։ Նա այդ խնդիրներից առանձնացրեց քրեական կամ դատական գործերի ձգձգումները․«Գործեր կան, որոնց վաղեմության ժամկետն անցել է։ Ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը, որովհետեւ քննությունները որոշ դեպքերում ուղղակի ձգձգվում են, տեւում են տարիներ, հետո՝ դատական գործերը։ Մենք տեսնում ենք, որ արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում՝ չհասնելով եզրագծի, եւ մարդկանց ընկալումները դրանից փոխվում է, մարդիկ չեն հասկանում՝ հա, քննեցին, քննեցին, էլի քննեցին, ուղարկեցին դատարան, դատարանում էլ մի օր մեկն է հիվանդ, մյուս օրը մեկն է վատ, երրորդը կարեւոր գործ ունի եւ այսպես շարունակ»։

Ապա Փաշինյանը հայտարարեց․«Դատական անկախության հետ կապված մենք խնդիր չունենք»։

Ասաց՝ տարբեր օղակներում մենք ունենք կոռուպցիա, դա մենք գիտենք մեր արած բացահայտումներով․«Վերջին շրջանում շատ աղմկոտ գործեր ենք բացահայտել, Սննդի անվտանգության տեսչությունում, մաքսային ծառայությունում, Երեւանի քաղաքապետարանի վարչական շրջաններից մեկում, կառավարությունում եւ այլն։ Մեր խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետեւից վազելով սկսենք բռնել։ Մեր խնդիրը կանխարգելելն է»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728