Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«1999-ի Թուրքիան բերում եք ու համեմատում 2020թ․-ի պատերազմում ամբողջական մասնակցություն ունեցած Թուրքիայի հե՞տ»․ Գեղամ Մանուկյան

Փետրվար 09,2023 12:18

«Սարգիս Խանդանյանը երեկվա իր հայտարարություններով դեմ է ՀՀ-ի ազգային անվտանգության ռազմավարությանը, որն ընդունվել է 2020թ․-ի հուլիսին»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարցերին ի պատասխան չփաստեց, որ Թուրքիան սպառնալիք է  ՀՀ-ի համար։

Գեղամ Մանուկյանը նշեց․ «Նա ոչ միայն խուսափեց հայտարարել, որ Թուրքիան մեզ վտանգ ներկայացնող պետություն է, այլեւ իր գործընկերների հետ փորձեց հակառակը ցույց տալ։ Մինչդեռ 2020թ․-ի ազգային անվտանգության  ռազմավարության մեջ հստակ ամրագրվում են Թուրքիայի հակահայ, հակահայաստանյան գործողությունները։ Հիմա ՀՀ-ի համար Թուրքիան վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Գրված է ռազմավարությունում, որ ՀՀ-ի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով ՀՀ-ի շրջափակումը, հրաժարվելով առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ժխտելով ու արդարացնելով հայոց ցեղասպանությունը։ Նույնը հիմա շարունակվում է»։

Մանուկյանը մեկ այլ հատված էլ ընթերցեց, որ՝ միաժամանակ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի  է ուժեղացնում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը։

Պատգամավորը շեշտեց․ «2020թ․ հուլիսին ազգային ռազմավարությունում կանխատեսվել է, որ Թուրքիան անմիջական մասնակցություն կարող է ունենալ ռազմական գործողություններին, իսկ երկիրը ղեկավարող քաղաքական ուժն ի՞նչ էր անում։ Մակունցն այդ ժամանակ ասում էր, որ եթե կոնֆլիկտ լինի, Թուրքիան չի միջամտի ռազմական գործողություններին։ Ա՛յ այսպես են երկիր կառավարել, սիրելի հայրենակիցներ»։

Ապա Գեղամ Մանուկյանը դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովին․ «Թուրքիայում երկրաշարժ է՝ աղետ, ու այդ նույն Թուրքիան երկու օր առաջ Կնյազ Հասանովի հայրենակիցներին գնդակոծել է հյուսիսային Սիրիայում։ Թուրքիան նո՞ւյնն է մնացել, պարոն Հասանով, թե՞ ոչ՝ ասեք։ Այդ նույն Թուրքիան հրաժարվել է ընդունել Կիպրոսի Հանրապետության օգնությունը, որովհետեւ ինքը տարբերակում է դնում։ Երեկ 1999 թվականը հիշեցրիք։ Ախր այդ ժամանակ Թուրքիան գլուխը որ բարձրացնում ու դեսպանի մակարդակով մի բան էր ասում Արցախի թեմայով, Հայաստանից գլխին տալիս էին։ 99-ի Թուրքիան բերում եք ու համեմատում 2020թ․-ի պատերազմում ամբողջական մասնակցություն ունեցած Թուրքիայի հե՞տ։ Նո՞ւյնն է»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728