Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է նաեւ բնապահպանական ճգնաժամի»

Փետրվար 09,2023 11:51

Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի շրջափակմանը։

Նա ասաց, որ Ադրբեջանը երեկ նորից  փակել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը, մինչդեռ այն վերականգնվել էր մեկ օր առաջ։ Մինչ այդ, ինչպես նշեց Փաշինյանը, Ադրբեջանը խողովակը բացել էր յոթ օր առաջ, իսկ փակել դրանից չորս օր առաջ։

«Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գազամատակակարումը դադարեցրել է յոթ անգամ, ընդ որում, այս վիճակագրությունը չի արտահայտոււմ ամբողջ պատկերը, որովհետեւ գազամատակարարման դադարեցումների եւ վերականգնման արանքում տեղի են ունենում այլազան իրադարձություններ։ Օրինակ՝ գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ՝ 50%-ով, հետո գազի մատարակարարումը դառնում է 70%։ Հետո իջնում, հասնում է 10 %-ի։ Հաջորդ պահին դառնում 30% , հետո վերականգնվում ամբողջությամբ, հետո նորից իջնում դառնում 40%  եւ այսպես շարունակ։ Նման վայրիվերումները երբեմն օրվա մեջ  կարող են տեղի ունենալ  մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ։ Ընդ որում, սա արդեն ոչ թե «բնապահպաններն են», այլ պետականորեն իրականացվող գործունեություն, որովհետե եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են եւ տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝  2022  դեկտեմբերի 12-ից ի վեր  Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն։  Նա ասաց, որ  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, որովհետեւ Ադրբեջանն արգելափակել է էլեկտրաէներգիայի մատակարարումը․«Ու քանի որ էլեկտրաէներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները  ստիպված են հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել օրական վեց, ութ, տասը ժամ՝ կախված եղանակից։ Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու  համար փայտանյութ օգտագործել, որն իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու լուրջ պոտենցիալ ունի, մանավանդ, եթե հաշվի առնենեք, որ Լեռնային Ղարաբաղում ձյուն է տեղացել եւ գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է մինչեւ -5 աստիճան։  Սրանով, ըստ այդմ, եւս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի իբր «բնապահպանական» նպատակադրումները, որովհետեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը սկսել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է նաեւ բնապհապանական ճգնաժամի»։

Ադրբեջանի այս գործողություններն, ինչպես Փաշինյանն ասաց, մի նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, ինչը,  հավատում ենք, որ անկոտրում է․«Այսուհանդերձ, մենք պետք է ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար, հիմա նաեւ` բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու վրա, որը Ադրբեջանի  ագրեսիվ եւ սադրիչ  գործողությունների արդյունք է։ Մեր ջանքերը պետք է ուղղենք  բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես միջազգային լայն քննարկման առարկա դարձնելու։ Կարծում եմ՝  անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղում  հաստատված հումանիտար եւ բնապահպանական ճգնաժամն ավելի  ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան, որովհետեւ միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվ եւ սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728