Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական խառնամարտ. շահելու են հակառակորդի կորցրած ակնթարթը որսացողները. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 09,2023 10:55
zinvor

Մի ընկեր ունեմ՝ խառնամարտով է զբաղվում ԱՄՆ-ում։ Ասում է՝ կարեւոր մի կանոն ունի՝ մրցակցի կորցրած վայրկյանից ակնթարթային օգտվելը։

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական թոհուբոհն այսօր իսկական խառնամարտի մրցասպարեզ է։ Եթե ուզում ենք շահել, պետք է օգտվենք թշնամու կորցրած ժամանակից։ Ոչ թե ակամա օգտվենք, այլ՝ արդյունավետ գործունեությամբ։ Թյուրքական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ ժամանակը չտեսնենք։ Բերձորի միջանցքը չի բացում, Եվրոպային խոստանում է 100 տարի էներգակիրներով ապահովել, փետրվարի սկզբին հայտարարում է, թե Թուրքիայի զինված ուժերի հետ այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն է անցկացնելու, Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ ասում է, թե Հայաստանը պետք է սեղմի «խաղաղության ձեռքը եւ չերազի», քանզի «Ղարաբաղի հարց այլեւս չկա», «Զանգեզուրի միջանցքը, միեւնույնն է, ստանալու են» եւ այլն։

Հիմա հարցն այստեղ այն է, թե եթե «Ղարաբաղի հարց այլեւս չկա», «Զանգեզուրի միջանցքը, միեւնույնն է, ստանալու են», ապա ինչու են ուզում «խաղաղության ձեռքը»։ Այստեղ է, որ «թաքնված» է այդ՝ թշնամու կողմից կորսվող ժամանակը, եւ այստեղ է, որ մեր դիվանագիտական հատվածը պետք է կիրառի անհնարինի արվեստը։ Այստեղ է, որ մեր տնտեսական հատվածը պետք է գործի դնի իր հստակ հաշվարկները։ Այստեղ է, որ մեր պաշտպանական համակարգը պետք է արագ վերագտնի իր դիրքերը։ Այստեղ է, որ մեր գիտական հարթակը պետք է ամբողջ թափով ցույց տա իր մտքի ուժը։ Եվ այստեղ է, որ մեր կրթական ոլորտը պետք է ապահովի սերնդի ճիշտ, ամուր դաստիարակությունը։

Հենց հիմա՛, ա՛յս պահին էլ թշնամու կողմից կորսվող ժամանակի դուռը կա, պետք է օգտվենք։ Պե՛տք է։ Անում ենք, թե ոչ, պատասխանը ցավալի իրականությունն է…

Կամ՝ ի՜նչ «խաղաղության ձեռքի» մասին է խոսքը։ Ադրբեջանում 2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը «կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ»: Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորում է Ադրբեջանի գործոնով, այն է՝ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի պահանջները, որից հետո հնարավոր կլինի խոսել սահմանների բացման հետ կապված քննարկումների մասին։ Ինչ է պահանջում Ադրբեջանը։ Ոչ ավելի, ոչ պակաս՝ սկզբում՝ «Զանգեզուրի միջանցք», հետո՝ Երեւանը։ Թուրքիայի պաշտպանության նախարարը բացահայտ ասում է. «Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել են Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տրամաբանական չէ, որ Հայաստանը դուրս է մնում ազդեցության ոլորտից եւ երազում է: «Զանգեզուրի միջանցքը» եւ դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի եւ անվտանգության համար»։ «Զանգեզուրի միջա՞նցք». ի՞նչ եզրույթ է սա, ինչպե՞ս մեջտեղ բերվեց։ Ալիեւը պարզ ասում է՝ չի եղել այդ եզրույթը, ինքն է աշխարհաքաղաքական լեքսիկոնում մտցրել ու շրջանառել։ Որպեսզի չասեն՝ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն են ուզում, անունը դրել են «Զանգեզուրի միջանցք»։ Եթե սա «խաղաղության ձեռք» է կոչվում, բա «պատերազմի՛ ձեռքը» որն է։

Ադրբեջանի զինված ուժերը դեռ Հայաստանի տարածքում են. «խաղաղությա՛ն ձեռքն» է։ Արցախում 120 հազար հայեր երկու ամիս է՝ շրջափակման մեջ են. «խաղաղությա՛ն ձեռքն» է։ 44-օրյա պատերազմը չի ավարտվել իրականում, սառը վիճակով շարունակվում է տարբեր դրսեւորումներով. «խաղաղությա՛ն ձեռքն» է։ Առաջադեմ կոչվող աշխարհն էլ մեկումեջ կոչ է անում Ադրբեջանին՝ բացելու Բերձորի միջանցքը, որ հայերի հանդեպ թյուրքական մեղսակցության տակ չմտնի։

Չի՛ շտկվելու։ Եթե չշտկենք։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728