Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերագույն հարցը արցախահայության նորմալ կենսագործունեության ապահովումն է իր բնօրրանում. թույլ տալ, որ Արցախը հայազրկվի, նշանակում է՝ բացել ՀՀ պետականության ոչնչացման դուռը. Հայկ Դեմոյան. «Փաստ»

Փետրվար 09,2023 10:18

Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը հազարավոր զոհերի պատճառ է դարձել, մեր հասարակությանը, կարծես, ընկալումների տեսանկյունից երկու մասի է բաժանել: Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը շեշտում է՝ քաղաքականն ու պարզ մարդկայինը պետք է տարանջատել:

«Ես վերապրել եմ 1988-ը, և յուրաքանչյուր նման ողբերգություն ինձ համար սարսափ է: Կա մարդկային կյանքի արժեք: Ցանկացած պարագայում դատողություն անելուց մարդ մնալը, մարդկային լինելը կարևոր է: Այս հարցին չպետք է վերաբերվել հույզերին տրվելով և այդ հույզերի համատեքստում անմարդկային դառնալ: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանն արձագանքել 1988-ի երկրաշարժին: Չպետք է իջնենք այդ նողկալիության աստիճանին: Խոսքը մեր տեսակն ավելի բարձր պահելու մասին է: 1988-ին Թուրքիան քաղաքական նկատառումներով չուզեց հետ մնալ այն աջակցությունից, որը երկրներն ուղղում էին Հայաստանին: Թուրքիան այդ ժամանակ համեստ աջակցություն ցուցաբերեց: Նույն կերպ 1999-ի երկրաշարժի ժամանակ այն ժամանակվա մեր իշխանությունները հայ փրկարարներ ուղարկեցին Ստամբուլ: Այդ նախադեպն իրականում կա, և որևէ արտառոց բան այստեղ չկա»,-ասաց Հ. Դեմոյանը:

Այդ համատեքստում դիտարկելով նաև Արցախյան հարցը՝ նա շեշտեց. «Հայտարարում են, թե «Արցախյան հարցը պատերազմով է լուծվել»: Բայց հնարավոր չէ 30 տարի բանակցել, հետո պատերազմ սանձազերծելով հարցը լուծված համարել: Այդպես չի լինում: Այսուհանդերձ, մեր գլխավոր մարտահրավերն ու վտանգը շարունակում է մնալ արտաքին ուժերի կողմից ներդրված իշխանությունը, ինչը, կարծես, բոլորն են հասկանում, բայց ոչ բոլորն են այդ մասին բարձրաձայնում: Մի մասն էլ հասկանալով ձևացնում է, թե չի հասկանում: Մեր օրակարգը փոքր երկրի կարգավիճակից դուրս գալու, ինքնուրույն դառնալու, սուվերենության պահպանումը պետք է լինի: Ցավոք, այդպիսի օրակարգ ունենալու հեռանկարներ չկան, նման օրակարգ տեսանելի չէ»: Նրա խոսքով, ամեն պահի տարածաշրջանը կարող է «պայթել»:

«Դա կարող է մեկ օջախ լինել, կարող են համաժամանակյա մի քանի օջախներ լինել: Բավականին լուրջ վտանգներով լի է հատկապես Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շուրջ իրավիճակը: Մեզ համար գլխավոր, գերագույն հարցը արցախահայության նորմալ կենսագործունեության ապահովումն է իր բնօրրանում. թույլ տալ, որ Արցախը հայազրկվի, նշանակում է՝ բացել Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման դուռը: Այս փուլում խելահեղ, ապուշության հասնող ձևակերպումներ են հնչում: Արդեն ժամանակն է, որ կարողանանք շատ հստակ տարանջատել, թե որն է դավաճանությունը, որը՝ հայրենասիրությունը»,-եզրափակեց Հայկ Դեմոյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728