Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգում ես, որ կախարդական դղյակում ես հայտնվել»

Փետրվար 09,2023 12:30

Հարցազրույց բալետի արտիստ Գոռ Սարգսյանի հետ

– Գոռ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եք գալիս «Չիպոլինո», «Ձգողականություն», «Մարդուկ-Ջարդուկը», «Գայանե», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Սպարտակ», «Սիմֆոնիկ պարեր», «Երազ», «Դիմակահանդես», «Բյուրեղապակյա դղյակը», «Ժիզել» բալետներում եւ «Անուշ», «Կարմեն», «Աիդա», «Պայացներ» օպերաներում։ Բալետի արտիստների ընտանիքից եք։ Ենթադրում եմ` դա եւս նպաստել է մասնագիտական ճանապարհի ընտրությանը։ Ե՞րբ հասկացաք, որ բեմը ձերն է։

– Ասում են, որ բալետի աշխարհ մտնելը հեշտ չէ, իսկ այնտեղ մնալն ավելի դժվար է։ Դեռ մանկուց սիրում էի պարել։ Հաճախում էի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, նայում բոլոր ներկայացումները, միշտ ինձ պատկերացնում էի բեմում։ Եվ ինչպես նշեցիք՝ բալետի արտիստների ընտանիքից եմ, ինչն էլ շատ է նպաստել այս ուղին ընտրելու հարցում։ Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, ինձ վստահվեց գլխավոր դեր՝ Չիպոլինոյի կերպարը։ Այդ ժամանակ հասկացա, որ սիրում եմ բեմը, իսկ բեմը՝ ինձ։ Կարծում եմ` կյանքն այնքան կարճ է, որ մարդ պետք է ճիշտ ընտրություն անի, ընտրի մի ուղի, որն ինքն է հավանում եւ հավատում։

– Բալետի արտիստի լեզուն մարմինն է։ «Ձգողականություն» բալետում Աբեղայի կերպարն եք մարմնավորել։ Դյուրի՞ն էր մարմնով ցույց տալ հոգում կատարվողը եւ ձեր կյանքում ինչ նշանակություն ունի այս կերպարը։

– «Ձգողականություն» բալետը թատրոնի խաղացանկի մյուս ներկայացումներից տարբերվում է գերժամանակակից մոտեցումներով։ Մեզ համար նույնպես նորություն էր եւ իրականում ստացվեց հրաշալի ներկայացում: Չեմ կարող չնշել բեմադրող բալետմայստեր Արա Ասատուրյանի եւ լիբրետոյի ու գեղարվեստական գաղափարի հեղինակ Նարինե Գրիգորյանի հետ աշխատանքը, որի ժամանակ մեծ բավականություն էինք ստանում, իսկապես հաճելի էր աշխատել  երկու արհեստավարժ մասնագետների հետ։

Իրականում Աբեղայի  կերպարն ինձ համար բացահայտում էր։ Սկզբից գերակշռող  փիլիսոփայությունը կարծես դժվարությունների առաջ կանգնեցրեց, բայց ժամանակի ընթացքում այնքան հմտացանք, որ կարողացանք հանդիսատեսին մարմնի շարժումների միջոցով փոխանցել ներկայացման հիմնական գաղափարն ու հարուստ ասելիքը։ Նախանձելի բան ուներ Աբեղան իր կերպարի մեջ. նա մինչեւ վերջ պայքարեց իր սիրո համար, անցավ շատ դժվարությունների եւ գայթակղությունների միջով, բայց ի վերջո հասավ նպատակին՝ իր միակ սիրուն։ Յուրաքանչյուրս պետք է «բռնենք» մեր նպատակից, հաղթահարենք բոլոր դժվարություններն ու հասնենք մի կետի, որի մասին երազում ենք։
– Ի՞նչ է քեզ համար բալետը։

– Բալետն ինձ համար ներդաշնակություն ապահովող արվեստ է. նրա հետ երբեք չես հոգնում, չես վիճում, միշտ զրուցում ես նրա միջոցով, պատմում շատ բաների մասին, երբեմն պատմելուց զգում ես, որ կախարդական դղյակում ես հայտնվել։ Իսկ այդ դղյակն այս աշխարհում է, որտեղ մենք ապրում ենք, ամեն օր արթնանում, վայելում մեր հարազատների սերն ու ջերմությունը։
– Յուրաքանչյուր բալետի արտիստ ունի անհատական սկզբունք՝ առօրյա եւ ստեղծագործական կյանքի համար։ Ո՞րն է քո սկզբունքը։

– Մտքի, մարմնի, հոգու եւ սիրո միաձուլումն իմ սկզբունքն է՝ ե՛ւ կյանքում, ե՛ւ բալետում։ Երբեք չպետք է մոռանալ, որ մարդկային էներգիան գալիս է դրանց ներդաշնակ համադրությունից։ Համադրելով՝ մենք ստեղծում ենք մե՛ր ժամանակը, մե՛ր դիմագիծը։
– Կա՞ն դերեր, որ կցանկանայիր մարմնավորել։

– «Դոն Կիխոտ» բալետում կցանկանայի մարմնավորել Բազիլին, իսկ «Սպարտակ» բալետում՝ Կրասոսին։ Լիահույս եմ, որ ամեն ինչ իր ժամանակին կլինի։ Ժամանակն ինչքան էլ անկառավարելի է, բայց մեկ-մեկ մարդու հետ ընկերություն է անում… Իսկ կյանքի յուրաքանչյուր փուլ եզակի է եւ անկրկնելի։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728