Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թարմ կամ թթվեցրած բազուկի հյութը՝ առողջությունը խթանող լավ միջոց

Փետրվար 09,2023 09:30

Թթվեցրած բազուկն ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է, քանի որ ֆերմենտացիայի ժամանակ բազուկի կազմում առկա շաքարի մեծ մասը քայքայվում է մանրէների կողմից, իսկ օգտակար մյուս սննդանյութերը պահպանվում են, այսպիսով՝ բազուկի թթվեցումը միմիայն ավելացնում է վերջինիս առավելությունները, որոնք ֆերմենտացիայի շնորհիվ ավելի կենսահասանելի են դառնում օրգանիզմի համար։ Ինչպես հայտնի է, ֆերմենտացված մթերքները հարուստ են պրոբիոտիկներով կամ օգտակար մանրէներով, և բազմաթիվ հետազոտություններով է հաստատվել, որ աղիների՝ բարենպաստ բակտերիաներով հարուստ միկրոֆլորան մարդու ֆիզիկական, մտավոր ու հոգեկան բարեկեցության հիմքն է։

Թթվեցրած բազուկի հյութը (կվաս) Ռուսաստանում, Ուկրաինայում, արևելաեվրոպական այլ երկրներում վաղուց ի վեր օգտագործվում է որպես բուժիչ-կանխարգելիչ միջոց։ Կվասն ավանդաբար օգտագործել են իմունային համակարգի ամրապնդման, արյունը մաքրելու, հոգնածությունը հաղթահարելու նպատակով, մարսողական խանգարումների ժամանակ։

Հետազոտությունները հաստատել են թթվեցրած բազուկի հյութի դրական ազդեցությունը մարսողական համակարգի վրա, որը, ինչպես նշվեց վերևում, դրսևորվում է աղիների միկրոֆլորայի և նյութափոխանակության բարելավմամբ։

Թթվեցրած բազուկի հյութը նաև թեթևացնում է հղիների առավոտյան սրտխառնոցը։

Սակայն խորհուրդ է տրվում բազուկի հյութը խմելը սկսել քիչ քանակությունից, քանի որ չափից ավելի օգտագործումը կարող է օրգանիզմում տոքսինների արտազատման ավելցուկ առաջացնել ՝ հանգեցնելով փքվածության, փորկապության կամ հարբուխի ախտանշանների դրսևորման։

Թարմ բազուկը նույնպես օգտակար է

Թարմ բազուկը և վերջինիս հյութը նպաստում են զարկերակային ճնշման նվազեցմանը։ Դա տեղի է ունենում բազուկի կազմում առկա ազոտաթթվական աղերի շնորհիվ, որոնք օրգանիզմում վերածվում են ազոտի օքսիդի, որը լայնացնում է անոթները՝ այդպիսով բարելավելով արյան շրջանառությունն ու նվազեցնեով զարկերակային ճնշումը։

Բժշկության մեջ ազոտաթթվական աղերն (նիտրատներ) օգտագործվում են անգինայի և կանգային սրտային անբավարարության բուժման ժամանակ, հետազոտությունները նաև ցույց են տվել, որ մեկ բաժակ բազուկի հյութը նմանատիպ ազդեցություն է գործում, ինչ նիտրատներ պարունակող դեղամիջոցները։

Սպորտի ուժային տեսակներով զբաղվող մարզիկները նույնպես նախընտրում են բազուկի հյութ խմել, քանի որ պարզվել է, որ թարմ բազուկը 16 տոկոսով ավելացնում է դիմացկունությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ինչը նույնպես տեղի է ունենում օրգանիզմում ազոտի օքսիդի բարձրացման շնորհիվ։

Կարևոր նախազգուշացում․ բազուկի հյութ խմելուց հետո ծամոն մի ծամեք և մի օգտագործեք բերանի խոռոչի ողողումների համար նախատեսված միջոցներ, քանի որ դրանք խոչընդոտում են ազոտի օքսիդի առաջացմանը։ Ազոտաթթվական աղերը նիտրիտների են վերածվում թքի մեջ պարունակվող օգտակար բակտերիաների շնորհիվ։ Այնուհետև նիտրիտները մարդու օրգանիզմի տարբեր հատվածներում փոխակերպվում են ազոտի օքսիդի։

Բազուկի կազմում պարունակվող բնական բետաինը նույնպես նպաստում է բորբոքման նվազեցմանը և պաշտպանում շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից, որոնք կարող են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։

Բազուկը նաև իմունիտետն ամրապնդող ու հակաքաղցկեղային ազդեցություն ունի

Այս բանջարեղենի կազմում առկա սննդանյութերը, որոնք վերջինիս մուգ, հագեցած գույն են հաղորդում, օժտված են հակաքաղցկեղային ազդեցությամբ։
Թարմ բազուկը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը, քանի որ հարուստ է վիտամին C-ով, կալիումով, մանգանով, բջջանյութով, իսկ հատուկ պիգմենտների ու ծծումբ պարունակող ամինաթթուների շնորհիվ նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային։

Վաղուց ի վեր բազուկը կիրառվում է որպես արյունն ու լյարդը մաքրող միջոց։ Ֆոլաթթվի հարուստ աղբյուր լինելով՝ բազուկը շատ օգտակար է հղի կանանց համար։ Ֆոլաթթուն անհրաժեշտ է օրգանիզմի մի շարք գործընթացների համար, իսկ վերջինիս անբավարարությունը հղիության ընթացքում մեծացնում է պտղի բնածին արատների զարգացման վտանգը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ սննդաբան Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728