Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվա-Վաշինգտոն նոր շփումն ու մենք

Փետրվար 09,2023 12:00

Պուտինին թողնելով Էրդողանի ու Ալիեւի հետ ջերմ ու կուռ հարաբերությունների «ցանցում»` Հայաստանի գործելու հնարավորությունները նվազում են

Վաշինգտոնը եւ Մոսկվան անցյալ շաբաթվա վերջին կտրականապես հերքեցին Neue ZՖrcher Zeitung շվեյցարական օրաթերթում հրապարակված լուրն այն մասին, թե Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն, իբրեւ թե, հունվարին գաղտնի այց է կատարել Մոսկվա եւ ռուսներին առաջարկել է ստանալ Ուկրաինայի տարածքի մեկ հինգերորդն ու այդպես ավարտել պատերազմը: Neue ZՖrcher Zeitung-ը գրել էր, թե Բըրնսը Սպիտակ տան կողմից է նման առաջարկ ներկայացրել ռուսական կողմին:

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի խոսնակի տեղակալ Շոն Դեւիթն ասել է, որ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին, «կեղծիք» է անվանել շվեյցարական թերթի հրապարակումը: «Հունվարի՞ն: Ոչ, նման բան չի եղել, այդ ամբողջ հոդվածը սուտ է»,- ասել էր ՌԴ նախագահի խոսնակը: Տեղեկությունը հերքել եւ «բացարձակ կեղծիք» էր անվանել նաեւ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության մի անանուն բարձրաստիճան պաշտոնյա:

Դժվար է կանխատեսել, թե երբ կկայանան ռուս-ամերիկյան բանակցություններ, կամ՝ գոնե շփումներ, որոնց մասին կողմերը հրապարակային կհաստատեն: Ռուս-ամերիկյան լարվածության այս մակարդակը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից: Կողմերից յուրաքանչյուրի հետ աշխատելու հնարավորությունների առումով, սա գուցե լավ դաշտ է թվում, սակայն իրականում սայթաքելու եւ կողմերից մեկի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու տեսակետից, սա բավական վտանգավոր պահ է:

Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շփումները որքան շուտ վերականգնվեն, որքան նրանց շփումների օրակարգը մեծանա` այնքան լավ Հայաստանի ու Արցախի համար: Միայն այն փաստը, որ Անկարայի ու Բաքվի համար դա ամենաանցանկալի սցենարն է, այդ ուղղությամբ հայկական կողմն իր ուժերի ներածի չափով պետք է նպաստի: Դա այն շփումն է, որը Հայաստան-Ադրբեջան, Արցախի ապագա, Ադրբեջանին զսպելու ուղղությամբ հստակ աշխատող մեխանիզմ կարող է դառնալ:

Պուտինին թողնելով Էրդողանի ու Ալիեւի հետ ջերմ ու կուռ հարաբերությունների «ցանցում», Հայաստանի գործելու, նախաձեռնելու հնարավորություններն էլ են նվազում:

Քանի դեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, իհարկե, Ռուսաստան-Արեւմուտք առճակատման վերացումը խիստ անհավանական է թվում։ Ավելին, վերլուծական կենտրոնների ուսումնասիրությունները հնարավոր են համարում, որ ծանր մարտերը դեռ առջեւում են, կողմերը պատրաստվում են առաջիկա մարտական գործողություններին։

Ռուսական ուժերի հնարավոր նոր հարձակումներին դիմակայելու համար Ուկրաինան ապավինում է դաշնակիցների ռազմական օգնությանը։ Ամերիկյան մամուլի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի ռազմական օգնության ավելի քան երկու միլիարդ դոլարի նոր փաթեթով առաջին անգամ Ուկրաինային կտրամադրվեն մեծ հեռահարության հրթիռներ։ Եվրոպական դաշնակիցները եւս երկար քննարկումներից հետո համաձայնեցին Կիեւին ժամանակակից տանկեր տրամադրել: Չնայած Պուտինի սպառնալիքներին, Գերմանիայի կառավարությունը հավանություն տվեց Leopard 1 մոդելի 80 տանկ Ուկրաինային տրամադրելու որոշմանը։

Այս ամենով հանդերձ օրերս ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ. ռուս եւ ամերիկացի դիվանագետները շփվեցին միմյանց հետ: Հունվարի 30-ին Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին առաջին անգամ այցելեց Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նա հանդիպել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։ Բանակցությունների ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ ռուսական կողմը հայտնեց, որ Թրեյսին ու Ռյաբկովը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Թրեյսին այցելել էր Ռուսաստանի արտգործնախարարություն՝ իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնելու նպատակով։

«Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին մատնացույց է արվել ԱՄՆ կողմից որդեգրված առճակատման կուրսի անարդյունավետությունը, որը հղի է բացասական հետեւանքներով», նշել էր Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով. «Հանդիպման ժամանակ ընդգծվել է՝ ռուսական կողմը ակնկալում է, որ իր գործունեության ընթացքում դեսպանը խստորեն կհետեւի ռուսական օրենքներին, կպահպանի մեր կանոններն ու սովորույթները, հավատարիմ կլինի պաշտոնավարման երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին»։

Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ-ն նաեւ հայտնեց, որ ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են սպառազինությունների վերահսկման որոշ հրատապ հարցեր։

Ռուս-ամերիկյան առաջին շփումն, այսպիսով, կայացել է, եւ սա կարեւոր ազդակ է` անկախ ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերություններում առկա լարվածության աստիճանից:

Նշենք նաեւ, որ օրեր առաջ ԱՄՆ Պետքարտուղարը Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական նշանակեց: Այդ պաշտոնը կզբաղեցնի Լուիս Բոնոն: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահների նշանակման պրակտիկան, կարծես, գործնականում դուրս մղվեց համանախագահող երկրների աշխատանքից, եւ այդպիսի որոշման առաջին ազդակը հենց Ռուսաստանից եղավ, երբ 2022թ. ապրիլին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը նշանակվեց Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով: «Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաեւը կշարունակի աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ: Ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: Ակնկալում ենք Բաքվում եւ Երեւանում մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից աջակցություն Խովաեւի ջանքերին: Բաց ենք կառուցողական համագործակցության մյուս հետաքրքրված դերակատարների հետ», – պարզաբանել էր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Վերջինս նաեւ հավելել էր, որ Խովաեւի նոր կարգավիճակը կապված է` «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում Մոսկվայի հետ շփումներից հրաժարվելու Վաշինգտոնի եւ Փարիզի դիրքորոշման հետ», եւ «Վաշինգտոնն ու Փարիզը փետրվարի 24-ից ԵԱՀԿ Մինսկի խմբում դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ»։

Ահա, ամիսներ անց, Վաշինգտոնն էլ գնաց այս ուղղությամբ` Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական նշանակելով: «Լուիս Բոնոն կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ, որպեսզի առաջ մղի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացն ու արձագանքի Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքների օկուպացմանը», – հայտարարել է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համապարփակ պայմանագրի կնքմանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված բանակցություններին աջակցելու հանձնառությանը»: Պետքարտուղարը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությունը խթանելու համար դիվանագետը կհամագործակցի Նահանգների հետ համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ։

Օրերս այս նշանակման առիթով Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետքարտուղար Բլինքենի համար խորը կարեւորության հարց է: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ լրագրողի դիտարկմանը, որ այն չի հիշատակվում հաղորդագրությունում, Պատելն արձագանքել է, թե ի դեմս Բոնոյի՝ Միացյալ Նահանգները ներգրավված է մնալու Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության խթանման գործում, եւ «նա նաեւ ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձեւաչափում, ինչպես իր նախորդներն այդ դերում»: Խոսնակը վստահեցրել է նաեւ, որ դա «կայուն առաջնահերթություն» է Բայդենի վարչակազմի համար:

Մինչ այս պաշտոնում նշանակվելը Լուիս Բոնոն ԱՄՆ ներկայացուցիչն էր ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալությունում, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սուրբ աթոռում։ Դիվանագետը աշխատել է նաեւ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում, ապա ԱՄՆ փոխպետքարտուղարությունում՝ որպես փոխպետքարտուղարի տնտեսական հարցերով խորհրդական։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 08.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728