Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ միակ ելքը մնում է կոլեկտիվ կամ անհատական փրկության քայլերի ձեռնարկումը

Փետրվար 09,2023 14:30

Անկեղծ ասած, չեմ կարծում, որ կանգել ենք լիովին անլուծելի խնդրի առաջ: Ուղղակի պետք է ազդեցիկ երկրների, միջազգային կառույցների ազդեցիկ դեմքերի հետ հանդիպումներով՝ օգտագործել նաեւ տարատեսակ անձնական կապերը, այլ խոսքով՝ ոչնչի առջեւ կանգ չառնելով, օգտագործել հնարավոր եւ անհնարին բոլոր կապերը, քանզի պաշտոնական խողովակներով հնարավոր չի լինում անգամ մոտենալ հարցի լուծման դրական սկզբին:

Հատկապես վերջին օրերին, երբ Ադրբեջանը բնապահպանների անվան տակ փակեց Լաչինի միջանցքը, որն այս պահին արդեն 50 օրից ավելի է եւ այդ միջանցքը բացել ու որեւէ ռեալ ճանապարհ դեռեւս չի նշմարվում, չնայած սփյուռքահայության մեծ ջանքերին ու բազմաթիվ երկրների եւ միջազգային կառույցների բազմաթիվ հորդորներին, քանզի այդ երկրների ու կառույցների կողմից հնչեցվածը շատ ավելի նման է բարոյախրատական առաջարկությունների՝ իր մեջ իրական ցավ չպարունակելով, քան որոշակի պահանջի նմանվող քայլի՝ 120 հազարանոց արցախահայության վիճակի փրկության համար արվող կոնկրետ գործողության: Եվ ահա այս դաժան ձմռանը, երբ այս իրավիճակի նմանատիպ շարունակության դեպքում, ընդամենը օրեր հետո այդ ողջ բնակչությունը բառացիորեն կարող է կոտորվել, նրանք ընդամենը շարունակում են ձգձգվող հայտարարություններ անել, տարաբնույթ կառավարական նիստեր անել, դիմել տարաբնույթ դատական ատյանների, հաշվի չառնելով, որ ամեն ինչից մեկուսացված, անգամ սննդից ու դեղորայքից զրկված ժողովուրդն այս վիճակում չի կարող անվերջ գոյատեւել, քանզի մարդկային կյանքն այդ իրավիճակում՝ միջին հաշվով ամենաշատը կարող է 40-ից 50 օր դիմադրել ու դիմանալ, որից հետո՝ բառիս բուն իմաստով կմեռնի: Իհարկե, սա շատ նման է արցախյան վերջին պատերազմի ժամանակ հնչեցված մարտավարությանը, որի ընթացքում ականատես եղանք, թե ինչպես 44-օրա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո այդ երկրները որքան «ցավ» ապրեցին եւ ոճրագործներից քանիսը ինչ պատասխանատվության ենթարկվեցին:

Համոզված եմ, որ այս պարագայում եւս որեւէ մեկը որեւէ պատասխանատվության չի ենթարկվի եւ ընդամենն այդ երկրների կառավարական տարաբնույթ նիստերում միայն ցավակցական աղոթքներ կհնչեցվեն, որի արդյունքում կունենանք Հայոց 3-րդ եղեռնը: Ու այս ամենն այն դեպքում, երբ Հայոց մեծ եղեռնից հետո՝ մինչեւ այսօր, այդ նույն երկրներն ու կառույցները շարունակաբար հնչեցնում են, որ պետք է ամեն կերպ կանխարգելել ցանկացած ժողովրդի հանդեպ նախաձեռնվող ցեղասպանությունների՝ եղեռնների իրականացումը, որոնք փաստացի ոչ այլ ինչ են, քան աշխարհի կողմից արվող հերթական դատարկ հայտարարություններ: Ասվածը խոսում է լոկ մի բանի մասին. պետք է ողջ հայությունը՝ սփյուռքը եւ Հայաստանի ու Արցախի հայությունն ամեն ինչ անեն Լաչինի միջանցքի՝ րոպե առաջ բացման հարցում եւ կատարվածը օղ անեն իրենց ականջներին: Այս օրերին տեղի ունեցածը պարզ վկայում է, որ եթե այդ ուղղությամբ ռեալ մի քայլ կա անելու, ապա դա միմիայն պետք է անի հայությունը, այլապես մենք կգնանք 120 հազարանոց բնակչության կոտորածին՝ ոչնչացմանը: Սա է դառը իրողությունը, որից վայրկյան շուտ պետք է ձերբազատվել …

Եվ տեսնենք, թե այս ծայրահեղ էքստրեմալ ու վտանգավոր իրավիճակում ինչ են անում իշխանությունը, ընդդիմությունը, մնացած քաղաքական ուժերը եւ առհասարակ՝ հայ ժողովուրդը: Միգուցե սխալվեմ, բայց կարծում եմ, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, ինչպես նաեւ հայության ճնշող մեծամասնությունն իրավիճակի հույժ կարեւորությունը՝ ժամանակային կտրվածքի առումով, ճիշտ չեն վերլուծում եւ գրասենյակային՝ տեսական վերլուծություններից զատ, կամ չեն ցանկանում, կամ չեն կարողանում ռեալ քայլեր իրականացնել, որը ոչ այլ ինչ է, քան՝ քաղաքական դաշտի լիովին մահացած վիճակ: Տպավորություն է ստեղծվում, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունն այս հույժ կարեւոր հարցում համարյա միատեսակ մարտավարություն են ընտրել՝ որոշակի տարբերություններով. իշխանությունները բարձրաձայն հայտարարում են, որ իրենք ձեռք են քաշում այս հարցից եւ հարցի լուծումը թողնում են Արցախի վրա, իսկ ընդդիմությունն այսքանից հետո անգամ շարունակում է անընդհատ դիմել իշխանություններին՝ նրանցից պահանջելով լուծել այս կնճռոտ հարցը, քանզի հասկանալի է, որ իշխանության եւ ընդդիմության հնարավորություններն անհամեմատելի են ու դա առաջին հերթին իշխանության սուրբ պարտքն է: Միեւնույն է, մի բան ակնհայտ է, որ ընդդիմության քայլերը եւս համարյա անարդյունավետ եւ անարդյունք են: Իսկ բարոյականությունն այս դեպքում նրանց մի քայլ է միայն թողնում. պարտադիր հրաժարվել իրենց զբաղեցրած պաշտոններից ու դիրքերից…

Եթե իշխանությունն, ընդդիմությունը վերլուծել եւ եկել են այն եզրակացության, որ ոչ մի ռեալ լուծում չկա, այլ խոսքով, այս իրավիճակից փրկության ելք չեն տեսնում, ապա գոնե պետք է բարի լինեին Արցախի բնակչությունից չթաքցնել իրավիճակի բարդությունը եւ պարզ ասեին, որ մնացել է ընդամենը միայն մեկ, իհարկե՝ անցանկալի ու ոչ այնքան ռեալ ելք, այն է՝ փորձեք ամեն մեկդ ձեր գլխի ճարը տեսնել, քանզի սա ոչ այլ ինչ է, քան դասական շրջափակում, որը հաճախ է լինում պատերազմական շրջափակումների ժամանակ, երբ միակ ելքը մնում է կոլեկտիվ կամ անհատական փրկության քայլերի ձեռնարկումը: Իհարկե, եթե այդ նույն բանը օրեր առաջ ասվեր արցախցիներին, ապա նրանք գոնե այդքան օր ավելի շատ ժամանակ կունենային միասին մտածելու, քանզի նման իրավիճակում ժամանակի գործոնն ամենաորոշիչն է՝ տրամադրության տակ մեկ վայրկյան ավելի ունենալը շատ ավելի վերլուծությունների հնարավորություն կընձեռեր եւ որոշակիորեն կմեծացներ փրկության հնարավորության հավանականությունը: Այլ խոսքով, առաջին օրվանից սկսած Արցախի ժողովուրդը հույսը կդներ միայն իր, այլ ոչ թե իշխանությունների վրա եւ տարաբնույթ ճանապարհներով կպատրաստվեր այդ իրավիճակից դուրս գալու ելքերի որոնմանը, քանզի «գտնում է նա, ով փնտրում է»:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728