Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է մետրոպոլիտենի օդափոխության համակարգերի փոխարինման ընթացքին

Փետրվար 08,2023 23:13

Մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով նախորդ տարի կառավարությունը 650 մլն դրամ հատկացրեց։ Շուրջ 500 մլն-ն ուղղվեց օդափոխության համակարգերի փոխարինմանը:
Ուղիղ ժամը 23:00-ին, երբ Երևանի մետրոպոլիտենն ավարտում է աշխատանքը քաղաքացիների համար, ստորգետնյա թունելներում սկսում է օդափոխության համակարգերի տեղադրմամբ զբաղվող մասնագետների գործը: Կեսգիշերն անց ծրագրի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Դրենաժային թունելը փորելուց հետո սա մեր երկրորդ ամենակարևոր ծրագիրն է: Այն հնարավորություն է տալու, որպեսզի մենք մետրոպոլիտենում նվազեցնենք խոնավության մակարդակը, որը կերկարաձգի մետրոպոլիտենի շահագործումը: Ճիշտ է՝ այս պահի դրությամբ կառավարության աջակցությամբ միայն 14 օդափոխության համակարգ ենք փոխարինում, ևս 14-ը անհրաժեշտ է, բայց վստահ եմ, որ փոխարինման այս աշխատանքներից հետո կանցնենք արդեն մյուս համակարգերի փոխարինմանը»,- ընդգծում է քաղաքապետը:

Հիմնադրման օրվանից ի վեր մետրոպոլիտենում առաջին անգամ է, որ փոխվում են օդափոխության համակարգերը: Նոր, հզոր սարքերը ոչ միայն տնտեսապես են արդյունավետ, այլև հարմարավետ են կառավարման տեսանկյունից:

«Ամենակարևորը՝ մեր մետրոպոլիտենը կունենա մաքուր օդ, միկրոկլիմա կապահովենք: Մենք բավականին կորուստներ ենք ունենում հենց այն պատճառով, որ մեզ մոտ խոնավությունը բարձր է, և չենք կարողանում օդում խոնավությունը նվազեցնել: Սա հնարավորությամբ և հզորությամբ կհանգեցնի այն բանին, որ թունելներում տեղադրված սարքավորումները չեն ենթարկվի ուժեղ կոռոզիայի, մեր ուղևորներն իրենց ավելի լավ կզգան, որովհետև համակարգը նաև փոշին է կլանում, բացի այդ նաև էլէկտրաէներգիայի տնտեսում կունենանք»,- նշում է մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը:

Աշխատանքը բարդ ու պատասխանատու է: Մինչ համակարգերի տեղադրումը՝ նախ ջրամեկուսացվում է տարածքը: Տեղադրված առաջին օդափոխության սարքը փորձարկել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հաշվի առնելով մետրոպոլիտենի կարևորագույն և խիստ կենսական կառույց լինելու հանգամանքը՝ պետությունն ու համայնքը նախաձեռնել ու նախանշում են տարբեր ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն փուլ առ փուլ՝ իրականություն դարձնելով տասնամյակների սպասումները:

«Բավականին մեծ ծրագրեր ունենք մետրոպոլիտենում. աշխատավարձերը բարձրացրինք նախորդ տարի, այս պահին աշխատակիցների աշխատանքային պայմաններն ենք բարելավում վարչական մասում, նաև նախատեսվում է դեպոյի վերակառուցում: Փուլ առ փուլ ծրագրերը կյանքի ենք կոչում և վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ավելի լավ մետրոպոլիտեն կունենանք»,- ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:

Մետրոն մեր օրերում էլ ամենահարմարավետ, բնապահպանապես մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցն է: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ տարեցտարի ավելանում է այս փոխադրամիջոցը նախընտրողների թիվը: Մետրոյով ամեն օր երթևեկում է ավելի քան 80 հազար ուղևոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728