Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

700 եվրոն հայտնաբերվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամի գրպանում․ որոշ մանրամասներ՝ ամոթալի միջադեպից

Փետրվար 08,2023 22:11

Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա 3 ընկերները, որոնք ձերբակալվել էին ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, երկու ամսով կալանավորվել են։

Թեև ոստիկանությունը պաշտոնապես որոշակի տեղեկատվություն հաղորդել է Գյումրիում տեղի ունեցած ամոթալի միջադեպից, մեզ ևս որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։

Aravot.am-ին հասած տեղեկություններով,  ոստիկանությանը  զբոսաշրջիկ ներկայացած ռուսները՝ տղամարդը և նրա ընկերուհին, իրավապահներին հայտնել են, որ իրենք համացանցից տեղեկանալով, թե  Գյումրու ռեստորաններից մեկը (ռեստորանի անունը չենք նշում, որպեսզի գովազդ չդիտարկվի), 24 ժամ բաց է։ Իրենք էլ, թեև տեղավորվել էին այդ ռեստորանից բավական մեծ հեռավորության վրա գտնվող հյուրանոցում, որոշել են գալ, հայկական խոհանոցի բարիքները համտեսել ու հաճելի ժամանակ անցկացնել։

Դեպքը տեղի է ունեցել  ռեստորանի մոտակայքում՝ գիշերը 3-ին։

Հենց այստեղ էլ նրանց է մոտեցել «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի միջից դուրս են եկել 3 տղամարդիկ ու սկսել են խուզարկել ռուսներին։  «Նիվա» մակնիշի վարորդը մեքենայից դուրս չի եկել, նա, ըստ էության, գործողության ակտիվ մասնակից չէ։

Տղամարդիկ ռուս զբոսաշրջիկներին խուզարկելիս՝ ասել են, թե մեր տղերքը հենց ոտք են դնում ՌԴ, խուզարկություն եք անում, մենք ձեզ ինչո՞ւ չպիտի խուզարկենք։ Զբոսաշրջիկներին մի պահ թվացել է, թե նրանք ոստիկաններ են։

Բայց երբ «Նիվայի» ուղևորները ռուսների մոտից վերցրել են նրանց  հեռախոսները, դրամապանակը՝ 910 եվրոյով ու անձնագրերը, նոր միայն զբոսաշրջիկները հասկացել են, որ կողոպտիչներ են։

Ըստ շրջանառվող լուրերի, կողոպուտից  քիչ անց «Նիվայի» անձնակազմը նորից վերադարձել է՝ ռուսների անձնագրերը հետ տալու մտադրությամբ, այդ ժամանակ էլ կողոպուտի ենթարկված ռուս կինը ֆիքսել է նրանց ավտոմեքենայի պետհամարանիշը ու տեղեկացրել մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայությանը։

Պարեկային ծառայության աշխատակիցները մեքենայի պետհամարանիշով անմիջապես հայտնաբերել են «Նիվա» մակնիշի մեքենան Գյումրու Թեհլերյան փողոցում ու ուղևորներին բերման ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին։

«Առավոտի» աղբյուրների փաստմամբ, 700 եվրոն հայտնաբերվել է ավագանու անդամի գրպանից, 210 եվրոն՝ նրա ընկերների։

Հիշեցնենք, որ Աղասի Մաթևոսյանը պաշտոնաթող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728