Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում»․ Խորվաթիայի ԱԳ նախարար

Փետրվար 08,2023 21:44

«Լաչինի միջանցքի հետ կապված ևս մեկ անգամ նշեմ՝ ԵՄ-ի դիրքորոշումն այս հարցի շուրջ։ Հուսամ, որ այս հարցը կլուծվի միջազգային հումանիտար չափանիշներին համապատասխան»,-ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը։

Խորվաթիայի ԱԳ նախարարն ասաց՝ իբրև ԵՄ միջնորդության ջանքերի մի մաս տեսնում է ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը, որը կարող է նպաստել խաղաղության ամրապնդմանը։

Գորդան Գրլիչ Ռադմանը նշեց, որ առաջին անգամ է ՀՀ այցելում, և ընդհանրապես ինքը Խորվաթիայի առաջին ԱԳ նախարարն է, որ այցելում է Հայաստան։ Ասաց, որ իր հետ բերել է նաև խորվաթական բիզնես պատվիրակություն։ Գորդան Գրլիչ Ռադմանը շեշտեց՝ Խորվաթիան ամուր կերպով կողմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իր արտաքին քաղաքական որոշումները ինքնուրույն կերպով կայացնելուն ու նշեց․ «Մենք սատարում ենք արևելյան գործընկերության բոլոր երկրներին նրանց անկախ որոշումները կայացնելու հարցում, և ՀՀ-ն ևս մաս է կազմում այդ գործընթացներին»։

Անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարն ասաց․ «Ես ուրախ եմ, որ ՀՀ-ն գիտակցում է այն մեծ, զգալի ջանքերը, որ ԵՄ-ն կատարում է ամենաբարձր մակարդակով՝ նպաստելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը։ Այդուհանդերձ, մեզ պետք են մեկտեղված ջանքեր, դեէսկալացնելու լարվածությունը։ Ես հավատում եմ և վստահ եմ՝ թե′ Հայաստանը, թե′ Ադրբեջանը պետք է շարունակեն և կշարունակեն իրենց ջանքերը վերամեկնարկելու դադարեցված խաղաղության բանակցություններն ու երկխոսությունները անշուշտ մեր ջանքերի հետ մեկտեղ»։

Հարցին՝ արդյոք ԵՄ առաքելությունը և ընդհանրապես ԵՄ-ն կարո՞ղ է զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և նպաստել տարածաշրջանում կայունության հաստատմանը, Խորվաթիայի ԱԳ նախարարը պատասխանեց․ «Ուրախ եմ, որ ՀՀ-ն ճանաչում է այս առաքելության կարևորությունը։ Տեղեկացնեմ, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որին մասնակցում է մինչև հարյուր անձ՝ մոտ երկու տարով, այդ հանձնառությունը կրել ենք՝ որպես կայունությամբ հետաքրքրվող շահագրգիռ կողմ։ Սա ժամանակավոր գործիք է հետագա կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ Սա որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728