Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպել էր «Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկում հայ, ադրբեջանցի ու ամերիկացի փորձագետների մասնակցությամբ:
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը մեծապես կապված է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների ու ստեղծված նոր իրավիճակի հետ, համակարծիք են վերլուծաբանները Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկմանը: Ով է պատասխանատու այս իրավիճակի համար հարցին վերլուծաբաններն արձագանքում են:
«Իրավիճակն է պատասխանատու, ԼՂ երկրորդ պատերազմից հետո ստեղծված կացությունը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այստեղ հավասարակշռությունը խախտվեց: Հայաստանն ու Ադրբեջանը փոխվեցին տեղերով: Պատերազմը չավարտվեց, իսկ ադրբեջանցիները լիովին բավարարված չեն ստեղծված կացությամբ»,- պնդում է հայազգի վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերլուծաբանի կարծիքով էլ Լաչինի միջանցքի միջոցով Ադրբեջանը ձգտում է հասնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անցակետի բացմանը:
«Իրավական առումով անցակետ չկա, սակայն փաստացի այն գոյություն ունի: Անհնար է այսօր տեղաշարժվել այս ճանապարհով առանց այնտեղ գտնվողների թույլտվության: Այսպիսով, նպատակն է վերահսկել այս ճանապարհը, իսկ դրա վերահսկումը հանգեցնում է ողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատմանը»,- նշում է Իսկանդարյանը:
Կարդացեք նաև
Իսկանդարյանը պնդում է՝ Բաքուն տարբեր ձևերով ճնշում է գործադրում Հայաստանի ու ԼՂ հայության վրա՝ օգտագործելով քարոզչական, դիվանագիտական ու ռազմական գործիքակազմը: Շրջափակումը այս քաղաքականության համատեքստում է, կարծում է նա: «Ադրբեջանական կողմը դիմում է այս քայլերին, որովհետև կարող է և ունի նման հնարավորություն: Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, և ռուսական շահերն այսօր Ուկրաինայում են և դրա շուրջ ստեղծված իրավիճակում: Հարավային Կովկասը նրանց ակտիվության կենտրոնում չէ, ինչպես մարտավարական, այնպես էլ քաղաքական առումով»,- նկատում է Իսկանդարյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: