Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները 2022-ին շեշտակի աճել են. ՀՔԱՎ

Փետրվար 08,2023 20:55

Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական  բռնությունները,  մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլ նման դեպքերը 2022թ-ին շեշտակի աճել են։

ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 20․1 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019 թ․ համեմատությամբ՝ 54․8 %-ով (կամ 109 դեպքով)։

Ոստիկանության ծառայողների կողմից հավաքների, բողոքի ցույցերի մասնակիցների մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը 2021 թ.-ի համեմատ 2022 թ․-ին  աճել է 47․8 %-ով (կամ 94 դեպքով), իսկ 2019 թ․-ի համեմատությամբ՝ 72․8 %-ով (կամ 131 դեպքով)։

Այսպիսով, 2022 թ․ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի անգամ, իսկ հավաքների ընթացքում՝ ավելի քան երեք անգամ գերազանցել են հետհեղափոխական ամենացածր ցուցանիշը։

Ավելին, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքների խախտման տոկոսային հարաբերակցությունը խախտման ընդհանուր դեպքերի նկատմամբ ամենաբարձրն է մշտադիտարկվող 8 տարիների ընթացքում։ 2022 թ․-ին, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկվել են առողջության իրավունքի խախտման դեպքերը՝ արձանագրելով վատագույն արդյունքը 8 տարիների ընթացքում։

2022 թ․ աննախադեպ էր անչափահասների նկատմամբ ոստիկանության անօրինական ու անհամաչափ գործողությունների տեսանկյունից։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փաստացի գտնվել են ոստիկանության ծառայողների «ձեռքերում» և որևէ դիմադրություն ցույց տալ չէին կարող։

Հավաքների ընթացքում 12 դեպքում խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, ինչը կրկնակի անգամ ավել է 2021 թ․ ցուցանիշից։

Բազմաթիվ էին նաև ոստիկանության բաժիններում ընթացակարգային խախտումները։

Հատկանշական է, որ Ազգային ժողովի (ԱԺ) քաղաքական մեծամասնությունը գովաբանել է ոստիկանության գործողությունները՝ չնայած դրանց հակաօրինական, ոչ իրավաչափ բնույթին։ Մասնավորապես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը պրոֆեսիոնալ աշխատանքի համար, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ․ «․․․իրավապահ համակարգը պատվով կատարում էր հասարակական կարգը պահպանելու իր առջև դրված պարտականությունները և գործում էր համաչափ»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ոստիկանության գործողությունները համարել է «ընդհանուր առմամբ համաչափ»։

Նման գնահատականերն անընդունելի են։ Օրինակ՝  5 ոստիկանի կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին բռունցքով մի քանի անգամ հարվածելը, մեկ այլ քաղաքացուն կոտրվածք հասցնելը, անչափահասին ահաբեկելը չեն կարող իրավաչափ ու համաչափ համարվել՝ դրանք քրեորեն հետապնդելի  արարքներ են։ Բացի դրանից՝ հակաօրինական է քաղաքացիական հագուստով և դիմակավորված անձանց ներգրավումը հավաքներին։ Ավելին, բարձրաստիճան պետական պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող գնահատականները չեն նպաստում իրավապահ համակարգի բարեփոխմանը և խաթարում են իրավապահ համակարգում պատասխանատվության և հաշվետվողականության սկզբունքների պահպանումը, հանրային վստահության ձևավորումը թե՛ իրավապահ մարմինների, թե՛ նման գնահատականներ հնչեցնողների հանդեպ։

Նման գնահատականները նպաստում են նաև անպատժելիության պահպանմանը, որի գագաթնակետը դարձան 2022 թ․ սեպտեմբերի 21-ի դեպքերը, երբ, ոտնահարելով օրինականության բոլոր նորմերը, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, արժանապատվությունը նվաստացնելով բերման ենթարկեցին Եռաբլուրում գտնվող զոհված զինծառայողների հարազատներին։ Եվ թեև նախաձեռնվեց քրեական վարույթ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով, մինչև 2022 թ․ դեկտեմբերը քննչական կոմիտեն չէր կարողանում նույնականացնել լիազորությունները չարաշահած ոստիկանության ծառայողներին և այդ պատճառով ոչ ոք մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել։

Համակարգում հակաօրինական գործողությունները ոչ միայն պատշաճ քննության չեն ենթարկվում, մեղավորները չեն նույնականացվում և պատասխանատվության չեն ենթարկվում, այլև նման արարքները կարծես թե խրախուսվում են, բռնություն գործադրող ոստիկանության ծառայողները ոչ միայն չեն հեռացվում համակարգից, այլև ունենում են ծառայողական առաջխաղացում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2022 թ․ ընթացքում ԶԼՄ հրապարակումների հիման վրա մի քանի հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

Կազմակերպությունը նաև ԶԼՄ 98 հրապարակումներում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակումներում արձանագրված խախտումների քննության ընթացքի վերաբերյալ հարցում ուղարկեց ՀՀ ոստիկանություն։ Ի պատասխան ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին տրամադրեցին 26 հրապարակման վերաբերյալ տեղեկություն, որոնցից միայն մեկի դեպքում է ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվել կարգապահական տույժ։ 72 հրապարակումների վերաբերյալ իրականացվում են ուսումնասիրություններ՝ ծառայողական քննության հարցը լուծելու համար։

Ինչ վերաբերում է անհատական բնույթի խախտման դեպքերին, ապա դրանց  վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը կտրուկ նվազել է։ 2022 թ․անհատական բնույթի դեպքերից մեկը Ոստիկանության Արաբկիրի բաժնում քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի խոշտանգման դեպքն էր։  Հատկանշական է, որ ՀՀ քննչական կոմիտեն հարկ համարեց մեկնաբանություն հրապարակել դեպքը տեղի ունենալուց միայն 20 օր հետո։ Ավելին, համաձայն քննչական կոմիտեի մեկնաբանության, դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու և առերևույթ բռնություն գործադրելու հիմքով հանրային քրեական հետապնդում հարուցվեց Է․ Վանեսքեհյանի նկատմամբ, և տուժող ճանաչվեց հինգ ոստիկան։ Միաժամանակ Է․Վանեսքեհյանի նկատմամբ խոշտանգման վերաբերյալ նոյեմբերի 19-ին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա միայն 3 օր անց քրեական վարույթ նախաձեռնվեց։ Ավելին, 2022 թ․դեկտեմբերի 9-ի դրությամբ որևէ քննչական գործողություն կատարված չէր։ Դեպքին հանգամանալից անդրադարձել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետևողական է լինելու ԶԼՄ հրապարակումներում արձանագրված դեպքերի քննության ընթացքին։

ԶԼՄ մշտադիտարկումը՝ այստեղ:

ՀՔԱՎ հաղորդակցության թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728